Մատչելիության հղումներ

ՀԱԿ ղեկավարն առաջարկում է ԱԺ փակ նիստ հրավիրել՝ քննարկելու իրավիճակը շփման գծում


Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում առաջարկեց փակ նիստ հրավիրել՝ քննարկելու Հայաստանի ռազմավարությունը շփման գծում սրվող իրավիճակի պայմաններում: Զուրաբյանը նկատեց՝ Ադրբեջանի կողմից օրերս իրականացրած դիվերսիան ապրիլյան պատերազմի շարունակությունն է և քննարկման առարկա պետք է դառնա:

«Մենք աստիճանաբար սլանում ենք դեպի պատերազմական էսկալացիա», - հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը: «Եթե շատ արագ չձեռնարկվեն ադեկվատ միջոցառումներ ռազմաճակատի գծի ամրապնդման, մեր դիվանագիտական ջանքերի ակտիվացման ուղղությամբ, մենք կանգնած ենք կործանարար հետևանքների և հեռանկարների առաջ», -հավելեց Լևոն Զուրաբյանը:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խոստացավ մտածել այդ ուղղությամբ, սակայն միևնույն ժամանակ տարակուսեց․ - «Այդ փակ նիստում մենք ի՞նչ ենք անելու, երբ այն գործողությունները, որոնք կատարվում են, ամբողջ հասարակությունը գիտի և մենք էլ գիտենք»:

Լևոն Զուրաբյանի խոսքով բազմաթիվ խնդիրներ կան, որ քննարկման կարիք են զգում, օրինակ՝ Հայաստանի ռեսուրսները, դիվանագիտական ջանքերը և Ադրբեջանի հնարավոր սադրանքները: - «Ես կարծում եմ, որ այսօր քաղաքական դաշտի ռեակցիան ուղղակի ադեկվատ չէ ազգային անվտանգության ստեղծված սպառնալիքների նկատմամբ», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Գալուստ Սահակյանը, սակայն, ասաց՝ փակ նիստ կարող են պատգամավորները հրավիրել, իսկ այս շրջանում արված հայտարարություններն ու քննարկումները դժվար թե իրավիճակ փոխեն: - «Ի՞նչ է նշանակում՝ հայտարարություն», - հեգնեց ԱԺ նախագահը, - «Դուք էլ մտածում եք՝ պատերազմական գործողություններ են, դատապարտո՞ւմ եք: Պատերազմի ժամանակ կարողանում ես ուժերդ լարել որպես ժողովուրդ, որպեսզի հնարավորինս չկարողանան քո երկրի սահմանները լցվել»:

Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ փակ նիստ հրավիրելու կոչը նախընտրական պոպուլիզմ որակեց: - «Այն մարդիկ, ովքեր պետք է դրանով զբաղվեն, զբաղվում են՝ գիշեր և ցերեկ: Եվ արդյունքը դրա տեսանք, որ նրանք փորձեցին դիվերսիոն ներթափանցում, և տվեցին զոհեր, մեր կողմից ո՛չ վիրավոր, ո՛չ զոհ։ Ահա՝ մարդիկ կան՝ մտածում են: Իսկ եթե ինքը [Լևոն Զուրաբյանը] գտնում է, որ ինքը պետք է հավաքվի ինչ-որ բան քննարկի, դրանից որևիցե բան չի փոխվի, որովհետև պետական յուրաքանչյուր մարմին պետք է զբաղվի սահմանադրությամբ իրեն տրված լիազորություններով», - նշեց հանրապետական պատգամավորը՝ շարունակելով․ - «Դրա անհրաժեշտությունը այս պահին բացարձակապես չկա և արդյունավետ չէ: Սա ընդամենը նախընտրական շրջանի և ընտրողին է ուղղված: Ոչ թե անվտանգության խնդիր է ինքը լուծում, այլ նախընտրական քարոզչություն էր իրականացնում»:

Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է՝ Ազգային ժողովում պետք է նախ և առաջ քննարկել ապրիլյան պատերազմը, որն այդպես էլ խորհրդարանի ուշադրությանը չարժանացավ, բազմաթիվ կարևոր հարցադրումներ չհնչեցին և պատասխաններ չտրվեցին:

«Պետք է պարզենք, թե ովքեր էին մեղավորները, որովհետև եթե մենք համապատասխան պատրաստվածություն ունենայինք, ապա նաև զոհերը և մեր կորուստները այդքան մեծածավալ չէին լինի», - ասաց պատգամավորը: - «Եվ բացի այդ՝ մենք չունենք պատասխան մեր տարածքային կորուստների վերաբերյալ, մինչդեռ դրա պատասխանատուն նաև Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն է», - հավելեց Փոստանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG