Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան՝ Գոհունակությամբ կարող եմ ասել, որ ՀՀ-ԵՄ բանակցություններն ավարտվել են


Սերժ Սարգսյանը և Դոնալ Տուսկը, Բրյուսել, 27-ը փետրվարի, 2017 թ․

Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրին, ՀՀ-ԵՄ համագործակցության մի շարք այլ ոլորտների, Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություներին և ԼՂ հակամարտությանը:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ, մեր շատ լավ բարեկամ պարոն Տուսկին՝ Բրյուսել այցելելու հրավերի և մեր հանգամանալից անկեղծ զրույցի համար»,- իր խոսքն այսպես սկսեց Սարգսյանն ու շարունակեց՝

«Այսօրվա մեր հանդիպման կենտրոնական թեման Հայաստան-Եվրոպական Միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր: Այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները: Նոր իրավական փաստաթուղթը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է, որն արտահայտում է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:

Միաժամանակ, հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել ոլորտային համագործակցության առումով, ստորագրելով փոքր և միջին ձեռնարկությունների և նորարարության «Հորիզոն 20-20» ծրագիրը: Առաջիկայում հաջողությամբ կավարտենք նաև ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին և «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու աշխատանքները: Ընդհանուր առմամբ, նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից, առանձնացել են ակտիվությամբ, զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում»:

Սարգսյանի խոսքով՝ Դոնալդ Տուսկի հետ քննարկել են նաև Հայաստան-ԵՄ օրակարգի այլ հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային զարգացումները: «Ակնկալում ենք, որ առաջիկայում կմեկնարկի նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչն ամրագրված էր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում, և մեծապես կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

«Ինչպես գիտեք, մեր համագործակցության առանցքը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են: Եվրամիությունը Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում մշտապես եղել է մեր կողքին և տրամադրել էական ֆինանսական, տեխնիկական ու բարոյական աջակցություն, որի արդյունքը տեսանելի է ամենատարբեր բնագավառներում», - իր խոսքում նաև նշեց Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով Հայաստանում մեկ ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Սարգսյանը նշեց, որ դրանք առաջինն են՝ 2015 թվականին երկրում իրականացված սահմանադրական բարեփոխուներից հետո: «Պետական կառավարման համակարգի փոփոխության մեր տեսլականը մեկն է՝ վստահորեն առաջընթաց քայլ կատարել ժողովրդավարության հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանն ու շարունակեց՝

«Այս ընտրությունները նախապատրաստելու համար լրջագույն փոփոխությունների է ենթարկվել նաև ընտրական համակարգը, բոլոր քաղաքական ուժերի փոխհամաձայնության արդյունքում ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրք, որն ամրապնդել է բաց, թափանցիկ, ավելի արդար ընտրությունների անցկացման հիմքը: Մեր նպատակն է՝ անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք էականորեն կբարձրացնեն մեր հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Այդ նպատակով մենք հրավիրել և ողջունել ենք այս ընտրություններին հնարավորինս մեծաթիվ ու ներկայացուցչական միջազգային դիտորդական առաքելության մասնակցությունը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանից:

Միաժամանակ խրախուսում ենք տեղական դիտորդներին, քաղհասարակության ներկայացուցիչներին՝ լինել ակտիվ: Ես պարոն Տուսկին շնորհակալություն հայտնեցի այն բանի համար, որ Հայաստանի համար կարևոր այս փուլում Եվրամիությունը մեր կողքին է և զգալի միջոցներ է տրամադրում Ընտրական օրենսգրքի դրույթների իրագործման համար: Վստահ եմ, որ այս օժանդակությամբ մեր համագործակցության արդյունքները տեսանելի կլինեն բոլորի համար»:

Սերժ Սարգսյանն ասաց, որ Տուսկի հետ զրույցի ընթացքում անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրին: «Վերահաստատեցինք, որ այն չունի ռազմական լուծում: Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ, այս խնդրում ելկակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը:

Այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է միջազգային հիմարար փաստաթղթերում, այլև վաղուց արդեն ճանաչված և ամրագրված է հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտացված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարություններում: Ասել է թե՝ սա ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության հավաքական ընկալումն է հարցի շուրջ: Մենք շնորհակալ ենք խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրմիության հավասարակշռված դիրքորոշման համար, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին վստահելու և աջակցելու համար»,- իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG