Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքացիական հասարակության մոտ տասնյակ կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Իրավունքի Եվրոպա միավորումը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն, այսօր բաց նամակով դիմել են Սփյուռքին՝ կոչ անելով ակտիվ դիրքորոշում ստանձնել Հայաստանի քաղաքական կյանքում:

«Միշտ զգացել ենք մեր երկրի հանդեպ սփյուռքի մեծ սերը և իրապես երախտապարտ ենք արտերկրի մեր հայրենակիցների կողմից բազում տարիներ Հայաստանի ժողովրդին ցուցաբերած հսկայական ու երկարատև աջակցության համար: Այդուհանդերձ, 1991 թվականին Հայաստանի անկախությունից ի վեր ապրում ենք անմխիթար պայմաններում, ինչի ականատեսն եք նաև դուք. աղքատություն, բնակչության քանակի նվազում և ազգային ինքնիշխանության աստիճանական նահանջ: Շարունակաբար կեղծվող ընտրություններն ու քաղաքական կոռուպցիան գրեթե ողջ սոցիալ-տնտեսական իշխանությունը կենտրոնացրել են ոչ ներկայացուցչական օլիգարխիկ վերնախավի ձեռքում», - հայտարարում են քաղհասարակության կազմակերպություններն ու շարունակում. - «Բնական ռեսուրսները սպառվում են՝ ծառայելով կարճատև և փոքր խմբային շահերին, աղքատությունն ու սոցիալական անարդարությունն ահագնացող չափերի են հասնում` մի խումբ որոշում կայացնողների բարեկեցության աճին զուգահեռ: Քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները պարբերաբար ոտնահարվում են, անարդարության դեմ խաղաղ հավաքները դաժանորեն ճնշվում են, կախման մեջ գտնվող դատական իշխանությունն արդար դատավճիռներ չի կայացնում՝ ավելացնելով քաղաքական բանտարկյալների թիվը: Ավելին, 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը բացահայտեց, թե ինչպես է անվերահսկելի ու անպատժելի կոռուպցիան մսխում հայոց բանակի ռեսուրսներն ու սպառնում Հայաստանի անվտանգությանը»:

Անկախությունից 25 տարի անց նման պայմաններն, ըստ քաղհասարակության ներկայացուցիչների, այլևս անընդունելի են: «Առաջին հայացքից թերևս ոչ այդքան ակնհայտ, սակայն հենց ժողովրդավարության պակասով են պայմանավորված մյուս գրեթե բոլոր ազգային խնդիրները: Հիրավի 21-րդ դարում ժողովրդավարությունն է ընկած պետության կառուցման հիմքում: Մենք՝ ներքոստորագրյալներս, աշխատել ու անխոնջ պայքարել ենք հանուն Հայաստանում օրենքի գերակայության և ժողովրդավարության: Զարգացրել ենք ենթակառուցվածք ու ակտիվացրել մեր քաղաքացիների ջանքերը ընտրությունների դիտորդության ուղղությամբ, ինչը ժողովրդավարության միակ ամենահիմնարար գործընթացն է Հայաստանում: Բայց մեր ռեսուրսները սահմանափակ են: Հղելով այս կոչը, ցանկանում ենք հայտնել, որ մեծապես զգում ենք ձեր կարիքը ոչ թե ձեր նվիրատվություններով ու արտերկրից ուղարկվող փոխանցումներով, այլ՝ ձեր ոգու ու ֆիզիկական ներկայությամբ Հայաստանում՝ ընտրական տեղամասերում ներգրավվելով դիտորդական առաքելությունում և ստանձնելով ձեր դերը Հայաստանի ժողովրդավարության այս պատմական փնտրտուքում», - ասված է նամակում:

Կազմակերպությունները նշում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները երկրի համար հույժ կարևոր են: «2015 թվականի սահմանադրական հանրաքվեի արդյունքում, որն ինքնին ուղեկցվել է լայնածավալ կոռուպցիայով, Հայաստանն սկսում է անցում կատարել դեպի խորհրդարանական հանրապետություն: Սա նշանակում է, որ առաջիկայում նախագահական ընտրություններ չեն լինի և խորհրդարանական ընտրություններն են կանխորոշելու Հայաստանի ապագան: Մենք կոչ ենք անում սփյուռքի բոլոր կազմակերպություններին, հաստատություններին ու ակտիվ անհատներին միանալ մեզ մեր ջանքերում և աջակցել՝ հանուն արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատ ու արդար ընտրությունների, հաշվետու կառավարման, քաղաքացիական իրավունքների ու արժանապատվության», - ասված է նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG