Մատչելիության հղումներ

Ստորագրահավաք ԱԺ-ում՝ «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով


«Հաց բերող» Արթուր Սարգսյանը, արխիվ

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը, արխիվ

Ստորագրահավաքը նախաձեռնած Էդմոն Մարուքյանի խոսքով, Սարգսյանին ազատ արձակելն այժմ հացադուլի մեջ գտնվող Արթուր Սարգսյանի կյանքը փրկելու միակ տարբերակն է:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանում գլխավոր դատախազությանն ուղղված ստորագրահավաք է սկսել՝ «Հաց բերող» անունով հայտնի, ներկայումս կալանքի մեջ գտնվող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու պահանջով:

Այդ մասին խորհրդարանի ամբիոնից «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Մարուքյանը հայտարարեց այսօր՝ նշելով, որ իրենց ստորագրությունը դնելով՝ պատգամավորները երաշխավորում են, որ Արթուր Սարգսայնը ազատության մեջ հայտնվելով, չի թաքնվի նախաքննությունից։

«Առավոտյան պարոն Փաշինյանի հետ եղել ենք դատապարտյալների հիվանդանոցում, շատ ծանր վիճակի մեջ է, հիմա նրա կայնքը փրկելու միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է, ինչի վերաբերյալ միջնորդություն ենք պատրաստել, անձնական երաշխավորությամբ: Եվ եթե պատգամավորները, մեր գործընկերները, կցանկանան, կարող են միանալ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Արթուր Սարգսյանը մեղադրվում է անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ։ Գնդի տարածքը գրավելու օրերին նրան հաջողվել էր ավտոմեքենայով ճեղքել ոստիկանական պատնեշն ու սնունդ տանել գնդի տարածք։ Այնտեղից նա դուրս էր եկել զինված խմբի անդամների հանձնվելու օրը։ Նրան ևս կալանավորել էին, սակայն, անցած դեկտեմբերի վերջին, հաշվի առնելով առողջական վիճակը, Սարգսյանին ազատ էին արձակել:

Ըստ փաստաբանների, «Հաց բերողը» մի շարք լուրջ հիվանդություններ ունի, մինչդեռ, փետրվարի 9-ին նրան ՀՔԾ-ի միջնորդությամբ դարձյալ կալանավորեցին: ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չէր ներկայացել քննչական մարմին: Մինչդեռ, փաստաբանի խոսքով, իրենք քննիչին նախապես տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել՝ փոխել հանդիպման օրը:

Երկրոդ անգամ կալանավորվելու օրվանից Արթուր Սարգսյանը հացադուլի մեջ է, նա այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ Էդմոն Մարուքյանն ասում է, թե հնարավոր չէ Արթուր Սարգսյանին համոզել՝ դադարեցնել հացադուլը: Ըստ Մարուքյանի, ստորագրահավաքին արդեն միացել են 26 պատգամավորներ «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG