Մատչելիության հղումներ

Բազմասեր Առաքելյանի և Փարպիի բնակչի միջադեպով հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի պատգամավոր Բազմասեր Առաքելյանի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել է Ոստիկանության Աշտարակի բաժին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար:

Հիշեցնենք, որ կիրակի օրը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին ու տեղեկանալով, որ նա քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան։

«Պատգամավոր Առաքելյան Բազմասերի սիրտը ծե՞ծ է սիրում։ ԲՀԿ-ից «փախած» պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ով Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից մասնակցում է 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին, այսօր ծեծուջարդ է նախաձեռնել իր հայրենի Փարպի գյուղում։ Ընդ որում, ի տարբերություն այլ նման միջադեպերի, ապականել է «Օջախ» հասկացությունը, որը սրբություն է համարվում մեր ժողովրդի համար։ Թեկնածուի մի քանի տասնյակ կողմնակիցները Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա, ի տարբերություն պարբերաբար կուսակցությունը փոխած Բազմասերի, քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Չբավարարվելով դրանով, բացի կուսակցական ճամբարներ փոխելուց խորհրդարանում որևէ բանով աչքի չընկած մարզկ-պատգամավորն ու կողմնակիցները հարձակվել են նաև տուժածի եղբոր վրա։ Սակայն այս անգամ, անազնիվ «մի քանի տասնյակով՝ մեկի դեմ» տարբերակը չի գործել ու նրանք պատասխան են ստացել», - Ֆեյսբուքում գրել էր Մանուկյանը՝ նշելով, որ վիճակը լարված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG