Մատչելիության հղումներ

Հասան Ռոհանին մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը երկրի նախագահական ընտրություններում, պետական ԻՐՆԱ գործակալության փոխանցմամբ, հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Հուսեին-Ալի Ամիրին։

Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթներին Ռոհանին եկել է եզրակացության, որ կմասնակցի ընտրություններին:

Իրանի նախագահական ընտրությունները նախատեսված են առաջիկա մայիսին։ Այն, որ Ռոհանին ցանկանում է մասնակցել նախագահական ընտրություններին, խոսում էին դեռևս անցյալ տարվանից։ Հոկտեմբերին այդ մասին մասնավորապես հայտարարել էր երկրի ներքին գործերի նախարարը։

Նախագահի մյուս հնարավոր թեկնածուն՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որի մասին նույնպես ակտիվ քննարկումներ էին ծավալվում, հայտնի է, որ մտադիր չէ ընտրապայքարի մեջ մտնել։ 2005-2013 թվականներին Իրանի նախագահի աթոռը զբաղեցրած Ահմադինեժադը այս որոշումը կայացրել է երկրի գերագույն ղեկավարի հետ հանդիպումից հետո։ Անցած աշնանն իրանական լրատվամիջոցները գրեցին, որ այաթոլա Ալի Խամենեին Ահմադինեժադին խորհուրդ է տվել չմասնակցել 2017 թվականի նախագահական ընտրություններին:

«Ես նրան ասացի, որ նախագահի պաշտոնում առաջադրվելը չի բխում ո՛չ նրա, ո՛չ էլ երկրի շահերից: Ես, սակայն, նրան չեմ արգելել անել դա», - հայտարարում էր Խամենեին:

Հիշեցնենք, որ 68-ամյա Հասան Ռոհանին նախագահի պաշտոնը ստանձնել է 2013 թվականի հունիսի 14-ին, նրա օգտին է քվեարկել ընտրողների 50.68 տոկոսը։ Իր հինգ մրցակիցներից նա միակ հոգևորականն էր: Նա ի դեպ իշխանության է եկել երկիրը բարեփոխելու խոստումներով՝ թեև ամենևին էլ չէր համարվում այն ժամանակվա ռեժիմի ընդդիմախոսը, լիբերալ կամ արևմտամետ գործիչ։

Ռոհանին նախագահական ընտրություններին մասնակցում է իր համար քաղաքական բավական նպաստավոր պայմաններում։ Մեկ տարի առաջ Իրանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններինՌոհանիի առաջնորդած բարեփոխականները Կրոնական փորձագետների խորհրդում շահել են տեղերի 59 տոկոսը և հզոր լծակներ ունեցող այդ կառույցում ունեն 52 տեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG