Մատչելիության հղումներ

Շիրակի մարզպետն անձամբ կհամակարգի ՀՅԴ մարզային նախընտրական շտաբը


Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյան, արխիվ
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյան, արխիվ

Շիրակի մարզպետն անձամբ է համակարգելու ՀՅ Դաշնակցության մարզային նախընտրական շտաբը: Հովսեփ Սիմոնյանը չի պատրաստվում արձակուրդ վերցնել, ասում է՝ շտաբը համակարգելու է աշխատանքից հետո:

Հոկտեմբերին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում Դաշնակցությանը չհաջողվեց Գյումրիում 5 տոկոսի շեմը հաղթահարել և ավագանու կազմում ընդգրկվել: Արդյոք ամիսներ անց՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում հնարավոր կլինի՞ ավելի շատ քվեներ ստանալ․ Հովսեփ Սիմոնյանն ասում է՝ ՏԻՄ ընտրություններից դասեր քաղել են:

«Դրանք տարբեր ընտրություններ են, իրականո՛ւմ տարբեր ընտրություններ են, չեմ ուզում նույն հարթության վրա դիտել, բայց ցանկացած դեպքում, յուրաքանչյուր ընտրությունից հետո յուրաքանչյուր մարդ պիտի հասկանա, բնական է, իր համար հետևություններ անի յուրաքանչյուր կուսակցություն՝ որտեղ ուներ թերություններ, պատճառները որոնք էին, արդյոք իրենից էր գալիս էդ պատճառները, թե իրենից չէր գալիս, եթե իրենից էր գալիս՝ ինչ պիտի անի, եթե չէ, կարող է ճիշտ քարոզչություն չի կազմակերպել: Բնական է, մենք քննարկել ենք, հասկացել ենք մեր խնդիրները և կաշխատենք, որ էն ինչ թերությունները, որ մենք ունեցել ենք՝ թերություն էլ չեմ կարող ասել, որովհետև իրականո՛ւմ տարբեր ընտրություններ են եղել, տարբեր որակի ընտրություններ են», - ասաց Շիրակի մարզպետը:

«Մենք մտածում ենք, որ պայքարը լինելու է, քանի որ համամասնական է, գաղափարների պայքար, և էստեղ հաստատ մյուսները մտածեն, թե ոնց են մեզ հետ մրցելու», - հայտարարեց նա:

Լրագրողի հարցին՝ «արդյո՞ք համամասնական է», մարզպետն արձագանքեց․ - «Եթե մենք ուզենանք՝ մենք բոլորս ուզենանք, էս ընտրությունները կդառնան համամասնական, եթե չուզեցանք՝ կարող է դառնան մեծամասնական, ինչ ասեմ»:

Արդեն հայտնի է, թե կուսակցությունները իրենց տարածքային ցուցակներում ում են առաջադրել որպես թեկնածուներ: Հարցին՝ ի՞նչ կարծիքի է կուսակցությունների ներկայացրած ցուցակների վերաբերյալ, Սիմոնյանը պատասխանեց․ - «Ես չեմ ուզում, ասենք, կուսակցական ցուցակների որակի մասին խոսեմ, որովհետև յուրաքանչյուր կուսակցություն երևի իր ցուցակը կազմելու ընթացքում ունեցել է տարբեր մոտեցումներ, և ես չեմ կարող ասել՝ ինչ տրամաբանությամբ, ամեն մի կուսակցություն իր ցուցակը կազմել է, բայց ես մտածում եմ, որ դրա հիմքի մեջ կա մի պարզ տրամաբանություն՝ յուրաքանչյուր կուսակցություն կարողացել է ընդգրկել էն մարդկանց, ովքեր որ կարողանան ապահովել ավելի մեծ քվե էդ կուսակցության համար, այսինքն՝ լավը չի ունեցել պահել է՝ վատին առաջադրել է: Ես մտածում եմ, որ առաջադրել են էն մարդկանց, ում որ ունեցել են: Եթե լավը ունենային՝ ավելի լավը, ես չգիտեմ: Հետո նենց չէ, որ որոշում են․․․ Մենք ոչ մեկս էլ չգիտենք՝ էդ ցուցակների միջի մարդիկ են ավելի լավ թեկնածունե՞ր, թե՞ էն մարդիկ, որոնք չեն առաջադրված»:

Շիրակի մարզպետարանում անցած շաբաթ կադրային համալրում եղավ՝ այն դեպքում, երբ կառավարությունը տնտեսումներ անելու համար կառույցներ է փակում: Մարզպետարանում երրորդ փոխմարզպետի հաստիք ավելացավ, այդ պաշտոնում նշանակվեց Արթիկի նախկին քաղաքապետ, ներկայիս քաղաքապետի եղբայրը՝ Խաչատուր Վարագյանը:

«Պարոն վարչապետի մոտ եղավ քննարկումը՝ մարզի ռազմավարական զարգացման ռազմավարության հետ կապված ծրագիրը մենք քննարկել ենք, և գիտեք, որ նաև լուրջ խնդիրներ ունենք Գյումրու զարգացման հետ, ներդրումային ծրագրերի հետ: Հաշվի առնելով Վարագյան Խաչատուրի հնարավորությունները, տնտեսություն վարելու, տնտեսության մեջ լինելու խնդիրը, որ ինքը տնտեսության մարդ է ավելի շատ, և հաշվի առնելով, որ մենք հիմա գնում ենք ծրագրերի իրականացման, ավելի շատ էս ամբողջը հաշվի առնելով՝ իրականում, գտնում եմ, որ նման անձի անհրաժեշտությունը կար: Ինքը դիմել էր, ես էլ առաջարկություն ներկայացրել եմ, և նշանակվել է պաշտոնին: Պետական բյուջեից մենք միջոցներ չենք ուզել, մենք փորձել ենք մեր տնտեսված, մեր աշխատանքի արդյունքում տնտեսված գումարների հաշվին աշխատավարձի», - պարզաբանեց Հովսեփ Սիմոնյանը:

Վարագյանը Դաշնակցության տարածքային ցուցակում է, և նրա նշանակման հարցում քաղաքական պայմանավորվածությունը ևս դեր ունեցել է, խոստովանեց մարզպետը:

«Կա որոշակի բաներ, բնական է, կա նաև, չեմ բացառում, որովհետև նաև մեր ՀՅ Դաշնակցության ցուցակում է ինքը առաջադրվելու, սխալ կլինի, որ ասեմ, որ էդ պայմանավորվածությունները չկան», - նշեց Սիմոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG