Մատչելիության հղումներ

«Իշխանափոխության հրամայականը այսօր Հայաստանում օդում է»


«Հերի՛ք է ապրենք ապագայի երազանքներով: Եկե՛ք հիմա միասնական ջանքերով կերտենք մեր ուզած Հայաստանը», - հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը այսօր դաշինքի առաջին համաժողովի ժամանակ իր ծրագրային ելույթում: Նա առաջարկեց «Հերիք է» կարգախոսով գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ժողովրդի մեջ արթնացնել լավատեսության ու հույսի ալիքը:

Ընդդիմության անունից հանդես եկող պաշտպանության նախկին նախարարը վստահ է՝ այսօրվա գործող համակարգով, խաղի կանոններով, տնտեսական քաղաքականությամբ, ներհասարակական բարոյական մթնոլորտով Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառվել են:

«Սա շրջադարձային պահ է մեզ բոլորիս համար՝ կա՛մ մենք կգիտակցենք իրավիճակի լրջությունը, մեր առջև ծառացած մարտահրավերների խորությունը և համատեղ ջանքերով կփոխենք առկա համակարգը՝ ապահովելով մեր անվտանգությունն ու զարգացումը, մեր քաղաքացիների բարեկեցությունը, կա՛մ կկանգնենք իրական աղետների առաջ», - ասաց նա:

Այսօրվա իշխանությունների հետ իր փոխհարաբերությունների մասին խոսելով՝ Օհանյանն ընդգծեց, որ որևէ մեկի հետ անձնական խնդիր չունի, սակայն այլևս չտեսնելով իրեն այս իշխանության կազմում՝ համոզված է, որ այսօր անհրաժեշտ է նոր քաղաքական վերնախավ, նոր մտածելակերպ, նոր արտաքին և ներքին, տնտեսական քաղաքականություն, նոր ներուժ և նոր մթնոլորտ:

Ներկայացնելով նախընտրական ծրագիրը՝ Սեյրան Օհանյանը շեշտեց, որ, այդուհանդերձ, հարցերի հարցը այս պահին Արցախի և Հայաստանի անվտանգությունն է, կոչ անելով քաղաքական ուժերին նախընտրական այս փուլում քննարկումները տանել անվտանգության տեսանկյունից, հասարակությանը չտանել պոպուլիզմի և անհիմն խոստումների թակարդը:

«Ավելին, ես բոլոր առաջնորդներին հրապարակային քննարկման կոչ եմ անում, քանզի այն սերտորեն կապված է Հայաստանի անվտանգության խնդրի և տարածաշրջանում խաղաղ գոյատևման խնդրի հետ: Մեր տարածաշրջանում, որպեսզի ձևավորվի այդ խաղաղությունը և հանդուրժողականության մթնոլորտը, պետք է լուծել մի քանի խնդիրներ՝ պահպանել անվտանգության բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև, երկու ժողովուրդների միջև խրախուսել այսպես կոչված ժողովրդական դիվանագիտությունը՝ փոխվստահության մթնոլորտ ձևավորվելու: Դուք բոլորդ նկատեցիք, տեսաք, որ փոխվստահության մթնոլորտի բացակայությունը ապրիլյան պատերազմից հետո անկասկած նաև խաթարում է բանակցային գործընթացը», - հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը:

«Խնդրի կարգավորման արդյունքում չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, կամ միակողմանի զիջումներ․ նման լուծման արդյունքում երկարատև խաղաղություն մենք չենք կարող հաստատել ժողովուրդների միջև: Անշուշտ, արցախյան կարգավորման հարցում չափազանց կարևոր դեր են կատարում Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը, բայց մենք բոլորս գիտենք, որ անչափ կարևոր են այն որոշումները, որոնք որ ընդունվում են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում: Ավելին, վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը», - շեշտեց Սեյրան Օհանյանը:

Վճռվելու է երկրի ապագան հաջորդ 10 տարիների համար՝ իր ելույթն այս խոսքերով սկսեց դաշինքը գլխավորող եռյակի անդամ, «Համախմբում» կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Թույլ տվեցինք՝ այն իշխանությունը, որը երկիրը հասցրել է անդունդի եզրին, վերարտադրվի, հավատացեք, որ հաջորդ տասնամյակներում մեզ լավ բան չի սպասելու: Իշխանափոխության հրամայականը այսօր Հայաստանում օդում է», - հայտարարեց նախկին արտգործնախարարը:

Ըստ Օսկանյանի, հասարակությունը պետք է առաջնորդվի երեք չափանիշներով՝ որքանով են նվիրված, անկեղծ ու ազնիվ կուսակցությունների, դաշինքների ներկայացուցիչները, որքանով են ունակ հարցեր լուծել, և երրորդ՝ որքանով են այժմեական նրանց ծրագրերը: Ներկայացնելով արտագաղթի տխուր պատկերը, կոռուպցիայի բարձր մակարդակն ու երկրի տնտեսական ծանր վիճակը՝ Հայաստանի նախկին արտգործնախարարը վստահեցրեց, որ իրատեսական է այս ամենը փոխել մոտ ապագայում՝ կամքի դրսևորման պարագայում:

«Սրա փոփոխությունը կախված չի մեր աշխարհագրությունից, կախված չի շրջափակումից, կախված չի Ղարաբաղի հարցից, ընդամենը կախված է ղեկավարության քաղաքական կամքից և նրա ցանկությունից՝ կարողանալ իրենց նեղ անձնական շահերը ստորադասել Հայաստանի և հանրության շահերին», - ասաց նա:

Իր խոսքում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, դաշինքի համամասնական ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը երկրի անմխիթարական վիճակը պաշտոնական թվերով ներկայացնելուց հետո վստահեցնում էր, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան եռյակը ունի բավարար փորձ ու գիտելիք առաջընթաց ապահովելու համար: «Ազատության» այն դիտարկմանը, թե արդյոք նույն եռյակը պատասխանատվություն չի՞ կրում նաև երկրի ոչ-բարենպաստ վիճակի համար, Մարտիրոսյանը պատասխանեց, որ որևէ մեկն, ով իշխանության մեջ է եղել, ուրեմն՝ սխալ է, սակայն սխալներն ուղղելու համար էլ կամք է պետք:

«Կարելի է ասել նույնիսկ՝ վերջին շանսը, համենայն դեպս՝ ինձ համար դա այդպես է, որովհետև ակնհայտ է, որ մենք բոլոր թույլատրելի կարմիր գծերը անցել ենք», - ասաց նա:

Ի դեպ, Մարտիրոսյանն իր ելույթում նաև առողջություն մաղթեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանին՝ նրան քաղբանտարկյալ անվանելով, ինչպես նաև խղճի բանտարկյալ անվանեց «Հաց բերողին»՝ Արթուր Սարգսյանին: Այս խոսքը դահլիճն ընդունեց ծափողջյուններով: «Ազատության» հարցին՝ արդյոք դաշինքը գլխավորող անդամներից Օհանյանն ու Օսկանյանն է՞լ համակարծիք են այս հայտարարությանը, Մարտիրոսյանն արձագանքեց․ - «Նորից եմ կրկնում՝ առաջնորդները բոլորը ընդունել են քաղբանտարկյալների առկայությունը և, ըստ էության, այս դեպքում երևի թե հասարակությունը ինքը պետք է նշի և հասարակությունը նշում է նաև, թե ովքեր են քաղբանտարկյալներ»:

Դաշինքի առաջատար երեք դեմքերից այսօր դահլիճում չէր «Ժառանգության» առաջնորդ, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով տեսաուղերձի միջոցով հայտնեց, որ պայքարի ընթացքում փորձելու են ապացուցել բոլորին, որ հաղթանակը միայն միասնության մեջ է:

Համաժողովից հետո դաշինքի առաջնորդներ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը հրաժարվեցին խոսել լրագրողների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG