Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը դատարանում տեսագրություններ ներկայացրեց


Գևորգ Սաֆարյանը դատարանի դահլիճում, արխիվ:
Գևորգ Սաֆարյանը դատարանի դահլիճում, արխիվ:

2016-ի Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված Գևորգ Սաֆարյանն այսօր դատարանում ցույց տվեց այդ օրվա տեսագրության այն հատվածները, որտեղ, ըստ նրա, երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում իրենց նկատմամբ։

Սաֆարյանը դատարան է դիմել՝ պահանջելով բեկանել Գլխավոր դատախազության որոշումը, որով կասեցվել է ոստիկանների կողմից նրա և նրա ընկերների նկատմամբ, ինչպես իրենք էին պնդում, ծեծի դեպքով հարուցված քրեական գործը։

«Թե՛ տեսագրության մեջ, թե՛ Գեղամ Խաչատրյանի ինքնախոստովանության մեջ, թե՛ այլ վկաների՝ այդ թվում ոստիկանների, ցուցմունքների մեջ առնվազն մեկ դեպքի մասին գրված է, և դա երևում է տեսագրության մեջ, որ Գեղամ Խաչատրյանը բռունցքով շեշտակի հարված է հասցնում Սմբատ Բարսեղյանին: Վերջում և՛ քննիչը, և՛ դատախազը այս վարկածը հերքել են՝ գրելով, որ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ չի հարուցվում քրեական գործ այն հիմքով, որ ապացույցներ չկան, որ Սմբատ Բարսեղյանը հարվածել կամ հարվածի փորձ է կատարել Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Այդ դեպքում հարց է առաջանում՝ Գեղամ Խաչատրյանը ինչո՞ւ էր հարվածում Սմբատ Բարսեղյանին», - ասաց Սաֆարյանը:

Ակտիվիստի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Սաֆարյանը առաջին ատյանի դատարանի կողմից 2.5 տարվա ազատազրկման դատապարտվեց ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար, մինչդեռ նույն այդ ոստիկանները, որոնք տեսագրությունում պարզ երևում է, թե ինչպես են հարվածներ հասցնում ակտիվիստներին, երբեք անգամ կասկածյալի աթոռին չհայտնվեցին․ - «Ամենասկզբից իրենք կանխակալ մոտեցում են ունեցել, իրենք ձևավորված հստակ համոզմունք են ունեցել, որ Գևորգ Սաֆարյանը մեղադրյալ է, Գեղամ Խաչատրյանը՝ տուժող: Հենց այդտեղից էլ ամբողջ անարդարությունն է, հարգելի դատարան: Եվ թե՛ տեսանյութը չդիտելը, թե՛ գործում առկա անընթեռնելի փաստաթղթերի առկայությունը հաստատում են մի բան, որ թե՛ քննիչը, թե՛ դատախազը վստահ իմացել են ամենասկզբում, թե ինչպիսի ավարտ պետք է ունենա այս գործը»:

Միջադեպը տեղի էր ունեցել, երբ 2016-ի Ամանորի գիշերը ընդդիմադիր Հիմնադիր խորհրդարանի ակտիվիստները որոշել էին մայրաքաղաքի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել։ Ոստիկանները թույլ չէին տվել, և բախում էր եղել։ Արդյունքում Սաֆարյանը հայտնվեց ճաղերից այն կողմ, իսկ Գխավոր դատախազությունը եզրահանգեց, որ ոստիկանների գործողությունները նրանց նկատմամբ իրավաչափ էին։

Սաֆարյանի փաստաբան Հայրապետյանը կրկին հիշեցրեց այս գործով տուժող ճանաչված «Հրեշտակների» գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի՝ Ազատության հրապարակ գնալուց առաջ «Ֆեյսբուք»-ում արած գրառումը՝ այնտեղ «կապիկներ են զվռնում»․ - «Գեղամ Խաչատրյանի կողմից մեկ այլ դատաքննության ընթացքում հայտարարվեց, որ ինքը ամեն մի հայհոյանքի եռապատիկ հայհոյանքներով պատասխանել է»:

Դատախազության ներկայացուցիչն իր հերթին հայտարարեց՝ ամեն ինչ հիմնավոր է։

Դատական հաջորդ նիստը մարտի 15-ին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG