Մատչելիության հղումներ

«Ֆրանսիա - Ղարաբաղ» բարեկամության խումբը ԼՂ-ի մասին գրքույկ է հրատարակել


«Ֆրանսիա - Ղարաբաղ» բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի՝ Ազգային ժողովում կազմակերպած ընդունելությանը ներկա էին խմբի բազմաթիվ անդամներ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Ընդունելությունը կազմակերպվել էր՝ ներկայացնելու խմբի նախաձեռնությամբ օրերս լույս տեսած Լեռնային Ղարաբաղին նվիրված գրքույկը:

«Մեր նպատակը այսօր ներկայացնելն է այն գրքույկը, որը մենք հրատարակել ենք՝ ճանաչել տալու համար Լեռնային Ղարաբաղը, որը դժբախտաբար ճանաչված չէ, մինչդեռ ճանաչված են Հայաստանը և Ադրբեջանը», - ասաց Ռոշբլուանը:

Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը հավելեց․ - «Բոլոր այն ֆրանսիացիներին կամ ֆրանսախոսներին, ովքեր հետաքրքրվում են արցախյան հարցով, արցախյան հակամարտությամբ, արցախյան իշխանությունների դիրքորոշմամբ այս կամ այն հարցում, հնարավորություն տալ ծանոթանալ պարզ ձևով, բացատրական ձևով, կարճ գրված տեքստերի միջոցով»:

«Ամեն ինչ հասկանալ մի չճանաչված պետության մասին տասը րոպեում» ենթավերնագրով գրքույկը պատասխանում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են, օրինակ, ինչո՞ւ Ադրբեջանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, Ղարաբաղի անկախացման գործընթացը համապատասխանո՞ւմ է արդյոք միջազգային իրավունքին, ինչպիսի՞ն է Միացյալ Ազգերի դիրքորոշումը, ի՞նչ չափով է Հայաստանը ներգրավված հակամարտության մեջ, ինչո՞ւ Ղարաբաղն այլևս չի պահանջում միացումը Հայաստանին, ինչո՞ւ Ղարաբաղը չի մասնակցում դիվանագիտական բանակցություններին և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG