Մատչելիության հղումներ

Գյունդողան ամուսիններ՝ Դերսիմի հայերին պետք է վերադարձնել իրենց ինքնությունը


Դերսիմի Հայերի ասոցիացիայի անդամը լրագրողների հետ զրուցում է Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերի շուրջ, արխիվ

Արմատներով դերսիմցի ռեժիսոր Նեզահատ Գյունդողանի և պրոդյուսեր Քազըմ Գյունդողանի «Վանքի երեխաները» անվանումով վավերագրական ֆիլմը Դերսիմի հայկական անցյալի մասին է:

Տարիներ շարունակ Դերսիմի պատմությունը, աշխարհագրությունն ու ժողովրդագրությունն ուսումնասիրող Գյունդողան ամուսինների նոր վավերագրությունը 1915 թվականին ողջ մնացած, ապա 1937-1938 թվականներին Դերսիմի կոտորածները վերապրած հայերի մասին է, որոնք բռնի իսլամացվել են, հեռացել իրենց հայկական արմատներից ու ինքնությունից: Ֆիլմի հեղինակները գնացել են այդ մարդկանց հետքերով, գտել Դերսիմցի հայերի սերունդներին ու բացահայտել նրանց պատմությունները:

Պրոդյուսեր Քազըմ Գյունդողանը «Ազատության» հետ զրույցում նշեց` Դերսիմը ուսումնասիրելիս չէին կարող անտեսել այդ տարածաշրջանի հայկական անցյալը: «Երբ ուսումնասիրում էինք 1937-1938 թվականներին թուրքական պետության կողմից Դերսիմում ծրագրված ու իրականացված կոտորածը, որպեսզի վեր հանենք այնտեղի ժողովրդագրական ու պատմական պատկերը, տեսանք, որ Դերսիմի էթնիկական կազմը միայն թուրքերից ու զազաներից չի բաղկացած: Հնագույն ժողովուրդներից հայերի մի հատված դեռ շարունակում է ապրել Դերսիմում:

Ոմանք ինչ-որ չափով պահպանել են իրենց կրոնը, բայց մեծ մասը կրոնափոխ է եղել` չմոռանալով, սակայն, իրենց էթնիկ ինքնության մասին: Դերսիմն ուսումնասիրելիս մտածեցինք, որ ճիշտ չի լինի չանդրադառնալ 1915-ին ու 1938-ին հայերի, այլ քրիստոնյաների վերապրած դեպքերին: Մենք ճշմարտությունն ենք փնտրում, ուսումնասիրում ենք աշխարհագրական տարածքներում ժողովուրդների ապրած կոտորածներն ու անարդարությունները: Հայ ժողովուրդը նաև օսմանյան շրջանում է դժվարություններ ունեցել:

1915-ի Հայոց ցեղասպանությունը հարյուր տարով չի սահմանափակվում: Դերսիմի հայերը երկու անգամ են կոտորածի ենթարկվել: Այս առումով ևս թեման յուրահատուկ է: Այդ պատճառով մենք պարտավորվեցինք այն ներկայացնել մարդկանց»,- ասաց Քազըմ Գյունդողանը:

Նրա խոսքով` 1915 թվականից հետո Թուրքիայում մնացած շատ հայեր փոխել են իրենց կրոնը, բայց ոչ՝ ինքնությունը: Այսպիսով ձևավորվել է մուսուլման, ալևի հայերի մի խումբ: Գյունդողանի խոսքով, այդ մարդիկ, չլինելով քրիստոնյա, իրենց հայ են համարում, և հայ համայնքը նրանց պետք է ընդունի այնպես, ինչպես որ նրանք կան:

«Հայ համայնքի կառույցները` եկեղեցին, համայնքի ղեկավարությունը, մշակութային հիմնարկները պետք է ընդունեն այս մարդկանց, նրանք իրենց հայ են համարում` ազատ լինելով կրոնի հարցում: Այսպիսով նրանց հայկական ինքնությունն ավելի հեշտ կզարգանա` աստիճանաբար ճանապարհ հարթելով դեպի իրենց արմատները»,- շարունակում է Քազըմ Գյունդողանը:

Դերսիմահայերի միության նախագահ Միրան Փրկիչ Գյուլթեքինը ևս կարծում է, որ հայ համայնքը պետք է գրկաբաց ընդունի «այդ նոր հայերին»` առանց հաշվի առնելու մշակութային կամ կրոնական տարբերությունները: «Իսլամացած հայերը, կտրվելով իրենց համայնքից, գալիս են Ստամբուլ, ու նրանց այն տրամաբանությամբ են վերաբերվում, թե դուք մերժել եք ձեր կրոնը, մոռացել լեզուն ու մշակույթը, նրանց եք նմանվել: Այս խնդիրը պետք է հաղթահարել:

Մեր միությունն այս ուղղությամբ աշխատանքներ է տանում: Դերսիմցիներին մկրտում ենք, լեզվի դասընթացներ ենք կազմակերպում, Երևանի ու Դերսիմի միջև այցեր ենք կազմակերպում: Հայ համայնքը նրանց պետք է ընդունի, տեր կանգնի, պետք է նրանց միայնակ չթողնի, լրացնի բացերը, գիրկը բացի նրանց առաջ»,- ասաց Միրան Փրկիչ Գյուլթեքինը:

«Վանքի երեխաները» ֆիլմի հեղինակները ծրագրում են այն ցուցադրել եվրոպական մի շարք քաղաքներում, ինչպես նաև Երևանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG