Մատչելիության հղումներ

Վաղը երեկոյան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա այս տարվա առաջին պրեմերան՝ կներկայացվի Էդուարդո դե Ֆիլիպոյի «Գողը դրախտում» պիեսը ՝ Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ:

«Իհարկե, պիեսը քաղաքական պիես չի: Ընդհանրապես Էդուարդո դե Ֆիլիպոյի դրամատուրգիան մարդու մասին է, մարդկային փոխհարաբերությունների, մարդու հոգեբանության», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազանչյանը:

Նա փոխանցեց նաև, որ իր ղեկավարած Պատանի հանդիսատեսի թատրոնում այժմ տարբեր ռեժիսորներ առնվազն երեք գործի վրա են աշխատում, որոնք հանդիսատեսին կներկայացվեն առաջիկա 2-3 ամիսների ընթացքում:

Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը լուրջ վերանորոգման կարիք ունի, ու, Ղազանչյանի փոխանցմամբ, իրենք այդ հարցով արդեն դիմել են Երևանի քաղաքպետարանին․ - «Հույս ունենք, որ այս տարի ինչ-որ բան տեղից կշարժվի»:

Հակոբ Ղազանչյանը, ով Թատերական գործիչների միության նախագահն է, ներկայացրեց նաև միության ծրագրերը՝ մանրամասնելով հատկապես մարզերում թատերական կյանքի աշխուժացմանն ուղղված քայլերը․ - «Մտածում ենք մեծ թատերական փառատոն անել Սյունիքի մարզում: Այն մարզերում, որտեղ կան թատրոններ, այդ փառատոները երկակի օգուտ են տալիս: Նախ, իրենք աշխուժացնում են մարզի մշակութային կյանքը, նաև ուշադրություն են կենտրոնացնում տեղի թատրոնների, տեղի խնդիրների վրա»:

Առհասարակ Հակոբ Ղազանչյանը հույս ունի նաև , որ այս տարի արդեն նորընտիր խորհրդարանի կողմից վերջապես կընդունի «Թատրոնի մասին» օրենքը, որի կարիքը, նրա համոզմամբ, թատերական աշխարհը շատ ունի․ - «Ամենակարևոր խնդիրն է: «Թատրոնի մասին» օրենքը օդի պես անհրաժեշտ է, որովհետև բազմաթիվ խնդիրներ են առաջացել մեր աշխատանքի ընթացքում, որոնց լուծումը միայն օրենքը կարող է տալ»:

XS
SM
MD
LG