Մատչելիության հղումներ

Եզդիական համայնքը առանձին ընտրություն է պահանջում խորհրդարանում իրենց հատկացված տեղերի համար


Եզդիական համայնքի ներկայացուցիչները պահանջում են խորհրդարանում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված տեղերի համար առանձին, ներհամայնքային ընտրություններ անցկացնել:

Ըստ Ընտրական օրենսգրքի, ամենամեծ բնակչությունն ունեցող ազգային փոքրամասնությունները կարող են ընդգրկվել կուսակցությունների ու դաշինքների ցուցակներում։

«Մեդիա Շանգալ» եզդիների ազգային միավորման խորհրդի նախագահ Ամո Շարոյանի խոսքով, սակայն, իրենք ցանկանում են առանձին ընտրություններ անցկացնել, որպեսզի համայնքն ինքն ընտրի անձանց, ովքեր կընդգրկվեն քաղաքական ուժերի ցուցակներում: Այլապես ստացվում է՝ ոչ թե ընտրելով, այլ նշանակելով՝ ասում է նա: - «Սխալված չեմ լինի ասեմ, որ ամբողջ աշխարհի եզդիները՝ մենք էլ հայ ժողովրդի նման սփռված ենք աշխարհով մեկ, բոլորը սպասում են, որ տեսնեն՝ արդյո՞ք ժողովուրդը ընտրեց, թե՞ ինչ-որ ձևի, ինչ-որ տեղից, ինչ-որ անհայտ պայմաններում նշանակվեց», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ամո Շարոյանը:

Աշխարհի եզդիների միություն հասարակական կազմակերպության նախագահ Ազիզ Թամոյանը համակարծիք է՝ խորհրդարանում պետք է հայտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր համայնքի խնդիրները կբարձրաձայնեն: - «Խնդրում ենք ղեկավարությանը, որ նման կարգով վարվի ազգային փոքրամասնության հետ: Ոչ թե ինչ-որ կուսակցության ցուցակներով, այլ ժողովրդի ընտրյալներ գան», - ասաց նա:

Եզդիական համայնքի ներկայացուցիչներն ասում են՝ տեղյակ չեն, թե կուսակցությունների ցուցակներում արդեն ովքեր են ընդգրկված, սակայն մտավախություն ունեն, որ ազգային փոքրամասնության անվան տակ այլ մարդիկ կհայտնվեն խորհրդարանում։ Համայնքի ներկայացուցիչները նախագահ Սերժ Սարգսյանին են դիմել բաց նամակով։ - «Վերջին ձեր խոսքում դուք ասացիք, որ մենք համակարգ ենք փոխում, նոր համակարգ ենք ստեղծում, և այդ պարագայում մեզ բացթողումներ ու անհարթություններ պետք չեն։ Ինչպես էլ նայենք, ինչ դիրք էլ նախընտրենք միևնույնն է, այսօր մեր համայնքի մեծամասնությանը հնարավորություն չտրվեց լիարժեք ընտրություն անել», - ասված է նամակում:

Եզդիները պատրաստ են ներհամայնքային ընտրությունները սեփական միջոցներով անցկացնել, միայն թե վստահ լինեն, որ արժանի պատգամավոր կունենան։

«Եզդի ազգը ապրում է որպես միասին, մի ազգային ամբողջականություն և մենք կուզենայինք, որ այս ընտրություններում եզդի ազգի ներկայացուցիչը լինի այդ ամբողջականության ներկայացուցիչը և սիրված, հարգված ազգային անձնավորությունը», - մեզ հետ զրույցում ասաց շեյխ Բրո Հասանյանը:

Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկված Ռուստամ Մախմուդյանը պնդում է՝ հենց համայնքի ու բազմաթիվ եզդիների խնդրանքով է որպես պատգամավորության թեկնածու առաջադրվել: Ասում է՝ Հանրապետականին հավատում է, քանի որ իշխող կուսակցությունն է փորձել լուծել եզդիական համայնքի խնդիրները։

«Մենք ունենք համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրություն, Սահմանադրության հիման վրա ընդունված օրենսգիրք, որտեղ շատ հստակ և պարզ գրված է, որ կուսակցության կողմից կարող են առաջադրվել ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ: Հիմա ինչպե՞ս պիտի ընտրեն, կամ ինչպե՞ս են պատկերացնում այդ ընտրությունը», - հարցրեց Մախմուդյանը՝ շարունակելով․ - «Գիտեք ինչ, եթե Հայաստանի Հանրապետության «իքս» մարզում ամբողջությամբ ապրեին այդ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ․․․ բայց, ասենք, 100 հոգի ապրում է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում, 20 հոգի Մալաթիա – Սեբաստիայում․․․ ի՞նչ է, պիտի համապետական ընտրությո՞ւն կազմակերպվեր»:

Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրություններին կարող են առաջադրվել վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների՝ եզդիների, ռուսների, ասորիների, քրդերի ներկայացուցիչները: Նրանք ընդգրկվում են կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակի երկրորդ մասում, թեև, ըստ օրենսգրքի, հիմնական ցուցակում ևս կարող են լինել:

Կուսակցությունները յուրաքանչյուր ազգից մինչև 4 ներկայացուցիչ կարող են ընդգրկել իրենց ցուցակներում: Ընտրության արդյունքներն արդեն ամփոփվում են համապատասխան բանաձևի հիման վրա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի խոսքով՝ քաղաքական ուժերը շահագրգռված են ազգային փոքրամասնություններին ընդգրկել ցուցակներում, քանի որ սա լրացուցիչ մանդատ ունենալու հնարավորություն է․ - «Կուսակցությունը ինքն է որոշում՝ ունենալ, թե ոչ, որովհետև սա իրավունք է: Եվ, ըստ էության, մանդատներն էլ տրվում են բոնուսի տեսքով»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի խոսքով՝ եզդիական համայնքի պահանջն ուշացած է և պատգամավորի թեկնածու նշանակելու առանձին ընտրություններ անցկացնելու հնարավորություն իրենք այլևս չունեն։

«Ցուցակը շուտով կգրանցվի, մնացել է մի քանի օր, և այց ցուցակը փոփոխման ենթակա չէ, միայն ինքնաբացարկի դեպքում քաղաքացին կարող է դուրս գալ այնտեղից», - նշեց Սմբատյանը:

Եզդիական համայնքը Հայաստանում ամենամեծն է։ Վերջին մարդահամարի տվյալներով Հայաստանում շուրջ 42,000 եզդի է բնակվում։ Եզդիաբնակ է համարվում 100-ից ավելի գյուղ։

XS
SM
MD
LG