Մատչելիության հղումներ

«Ամնեսթի Ինթերնեշնլ». 2016-ին աշխարհում նկատվել են լուրջ թերացումներ ՄԻՊ ոլորտում


«Ամնեսթի Ինթերնեշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրում է, որ 2016 թվականին աշխարհում նկատվել են օրենքի համատարած թուլացում և լուրջ թերացումներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Համաշխարհային քաղաքականությունում արձանագրված տեղաշարժերը, որոնց թվին կազմակերպությունը դասում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունը, «Բրեքսիթ»-ը, Մերձավոր Արևելքի փախստականների նկատմամբ վերաբերմունքը, բացասաբար են անդրադարձել մարդու իրավունքների իրավիճակի վրա։

Ստեղծված պատկերն ավելի դիպուկ նկարագրելու համար իրավապաշտպանները կիրառում են «դեմոնիզացիայի քաղաքականություն» եզրույթը։

«2016 թվականն առանձնացավ նրանով, որ աշխարհի բազմաթիվ քաղաքական գործիչներ դիմեցին ապակառուցողական և պառակտիչ շահարկումների», - հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին՝ այդ պատկերը համադրելով 1930 թվականի ագրեսիվ քաղաքականության մակարդակի հետ։

Փաստաթղթի հեղինակներին առավել անհանգստացրել է այն փաստը, որ ագրեսիվ հռետորաբանությունը նախևառաջ ուղղված է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ապաստան փնտրող փախստականների և ներգաղթյալների դեմ։

«Ընդամենը մեկ ամիս է անցել Թրամփի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր, և մենք արդեն խոսում ենք այն մասին, որ փախստականների խնդիրն արհամարհվում է», - կոշտ քննադատելով Սպիտակ տան նորընտիր ղեկավարի հռետորաբանությունը՝ հայտարարել է «Ամնեսթի Ինթերնեշնլ»-ի ռուսական ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկիտինը։

Քննադատության բաժին է հասել նաև Թրամփի նախորդին. կառույցի մասնագետների պնդմամբ՝ Բարաք Օբաման մարդու իրավունքների պաշտպանության հարցում ձախողումների մի ամբողջ շարք է ժառանգություն թողել, այդ թվում՝ հետախուզական ծառայությունների գաղտնի ծրագրերի ընդլայնումը։

Դեմոնիզացիայի քաղաքականության հետևորդների թվում բացի Թրամփից կազմակերպությունը նշում է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Թուրքիայի, Ֆիլիպինների նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Ռոդրիգո Դուտերտեի անունները։

Իրավապաշտպան ինստիտուտների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ «Ամնեսթի Ինթերնեշնլ»-ը մեղադրում է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, ով հայտարարել էր, թե Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան բրիտանացիներին նվազ պաշտպանված է դարձրել։

Զեկույցը, ինչպես և նախորդ տարիներին, ավանդաբար կոշտ քննադատում է Ռուսաստանի իշխանություններին, Ադրբեջանի իշխող ընտանիքին՝ այդ երկրներում այլախոհությունը կոպտորեն ճնշելու համար։

«Ճգնաժամերը շատ են, քաղաքական կամքը՝ քիչ». այս համատեքստում զեկույցի հեղինակներն ընդգծում են Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, Աֆրիկյան մի շարք երկրներում տիրող իրավիճակը։

Սիրիայում վեց տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը զեկույցի ամենաառաջնային թեմաներից է։ Ինչպես նշում են իրավապաշտպանները, այդ հակամարտության բոլոր կողմերը պատերազմական հանցագործություններ են կատարել՝ կոպտորեն խախտել են մարդու իրավունքները, հումանիտար սկզբունքները։

XS
SM
MD
LG