Մատչելիության հղումներ

Արման Սահակյան․ Ամենառեյտինգային թեկնածուներից մեկն եմ, դրա համար թիրախավորում են


Պետական գույքի կառավարման վարչության՝ այժմ արձակուրդում գտնվող ղեկավար Արման Սահակյանը, ով Հանրապետականի նախընտրական ցուցակով առաջադրվել է Երևանի թիվ 2 ընտրատարածքում որպես ռեյտինգային թեկնածու, «Ազատության» հետ զրույցում հերքում է տեղեկությունը, թե իր կինը՝ նույն տարածքի թիվ 38 մանկապարտեզի տնօերն Սեդա Հակոբյանը հրահանգել է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցվել թիվ 2 ընտրատարածքում։

«Նման երևույթներ չեն եղել և չեն էլ կարող լինել», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Սահակյանը:

Երեկ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ իրեն հասած տեղեկության համաձայն, Ազգային ժողովի բարձաստիճան պաշտոնյայի հարազատներից մեկը չարաշահել է վարչական լծակը։ Ժամեր անց «Հայկական ժամանակ» օրաթերթը մի հոդված հրապարակեց՝ արդեն մանրամասն գրելով, որ, ըստ թերթի աղբյուրի, Ազգային ժողովի նախագահի որդու Արման Սահակյանի կինը հրահանգել է աշխատակիցներին մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցվել թիվ 2 ընտրատարածքում։

Արման Սահակյանի պնդմամբ՝ «Հայկական ժամանակի» հոդվածը պատվիրված է. - «Բոլորս գիտենք, թե «Հայկական ժամանակ» օրաթերթը ում սեփականությունն է: Ես ուղիղ հարց եմ հղում՝ եթե իմ կինը իմ ընտրություններով պիտի չզբաղվի, այդ սեփականատիրոջ կի՞նը պետք է իմ ընտրություններով զբաղվի»:

Հարցին, թե արդյոք իր կինը մանկապարտեզի աշխատակիցներին հորդորելու է իր օգտին քվեարկել, Սահակյանը պատասխանեց․ - «Բացարձակապես․․․ Իհարկե, քարոզարշավին ներգրավված պետք է լինի: Եվ բոլոր իմ հարազատները քարոզարշավին պետք է ներգրավված լինեն, ոչ թե միայն իմ կինը»:

Տարածքային մրցապայքում Հանրապետականի ցուցակի այլ հայտնի անձանց՝ օրինակ, Արտակ Սարգսյանի, Արման Բաբլոյանի հետ մրցակցող Արման Սահակյանից հետարքվեցինք, թե, ինչու են 197 թեկնածուներից հենց իրեն են թիրախավորել՝ եթե չեն ունեցել տեղեկատվության իրական աղբյուր:

«Ամբողջովին պատրաստվելու ենք և իրականացնելու ենք օրենքով սահմանված բոլոր գործողությունները՝ կապված և՛ քարոզարշավի հետ, և՛ ընդհանրապես ընտրական պրոցեսների հետ։ Երևի թե թիրախավորում են, որովհետև, կարծում եմ, գիտեն, որ ես բավականին հեղինակություն ունեմ այս ընտրատարածքում, և լավ հեղինակություն ունեմ: Որովհետև ես մարդկանց հետ, ժողովրդի հետ շփվելու և՛ ձևը գիտեմ, և՛ ժամանակը գիտեմ, և դա ընտրություններից ընտրություն չի լինում: Դրա համար էլ մարդիկ երևի թե մտածում են, որ ես համարվում եմ ամենառեյտինգային թեկնածուներից մեկը, դրա համար թիրախավորում են: Ես այդպես եմ մտածում»:

Փորձեցինք նաև ոչ միայն հանրապետական Արման Սահակյանից, այլև հենց մանկապատեզի տնօրեն Սեդա Հակոբյանից տեղեկանալ, թե ինչու են նման լուրեր տարածվել հատկապես թիվ 38 մանկապարտեզի մասին։ Տնօրենի քարտուղարուհին վերջինիս աշխատասենյակ մտնելուց և մեր այցի մասին տեղեկացնելուց հետո պնդեց, որ տնօրենը տեղում չէ։

Մանկապարտեզի աշխատակիցները չներկայանալով և չցանկանալով տեսանկարահանվել, պնդեցին, թե տարածաված լուրը սուտ է։

XS
SM
MD
LG