Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը պահանջել է ընտրությունների ընթացքում պահպանել օրենքի տառն ու ոգին


Փետրվարի 22-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է մարզի ոստիկանների նախորդ տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին, մարզի առանձնահատկություններին, աշխատանքում դեռևս առկա թերացումներին և ընդգծել, որ հանցավորության լավագույն կանխարգելումը հանցագործությունների անվերապահ բացահայտումն է: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների շրջանում ոստիկանության գործառույթներին ու խնդիրներին և հրահանգել գործնական պարապմունքների ընթացքում կատարելապես տիրապետել ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցի պահանջներին և դրանք լիարժեք կիրառել ծառայության ընթացքում:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց ընտրողների, դիտորդների, վստահված անձանց, լրագրողների հետ աշխատանքի առանձնահատկությունները և պահանջեց բոլոր պայմաններում պահպանել օրենքի տառն ու ոգին:

Խորհրդակցության ավարտին աշխատանքում աչքի ընկած մի խումբ ծառայողներ արժանացան խրախուսանքների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG