Մատչելիության հղումներ

Սարիթաղցիների և Խորենացու գործով դատապարտվածների հարազատները արդարություն են փնտրում դեսպանատներում


Բախում քաղաքացիների և ոստիկանության միջև Սարի թաղում, 19-ը հուլիսի, 2016թ․

Բախում քաղաքացիների և ոստիկանության միջև Սարի թաղում, 19-ը հուլիսի, 2016թ․

Հայաստանում արդարադատությունն ընտրովի է իրականացվում, պնդում են Սարի թաղի գործով ամբաստանյալների և Խորենացու գործով դատապարտվածների հարազատները։

Արդարություն են փնտրում Հայաստանում օտարերկրյա ներկայացուցչություններում։ Այսօր նամակ հանձնեցին Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի դեսպանատներ՝ խնդրելով հստակ գնահատական տալ ստեղծված իրադրությանը։

«Ես նրանց համարում եմ քաղհալածյալներ, քանի որ նրանք դուրս են եկել սոցիալական խնդիրների համար: Դա կոնկրետ սոցիալական բունտ էր», - ասում է «Ազատություն և Հայրենիք» հիմնադրամի տնօրեն Անի Կաղինյանը:

Նախորդ տարվա հուլիսի 19-ին Սարի թաղի բնակիչները ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո հայտնվել էին շրջափակման մեջ։ Անվտանգության նկատառումներով անջատվել էր գազամատակարարումը։ Բնակիչները զրկվել էին նաև ջրից, չէր աշխատում թաղամասը քաղաքին կապող տրանսպորտը, խափանվել էր ինտերնետ կապը։

«Սարի թաղը բռնություն չի գործադրել ոստիկանների հանդեպ: Մենք եկել էինք՝ ասել էինք ջուր, գազ տվեք մեզ, որպեսզի մարդիկ այդ 40 աստիճան շոգին կարողանան ապրեն: Նաև տրանսպորտ: Ոստիկանները իրենք են սկսել ամբողջ կռիվը, ու հիմա, ասենք, ունենք 10 կալանավոր, որոնք ապօրինի պահված են արդեն 8 ամիս», - ասում էին սարիթաղցիների հարազատները:

Սարի թաղի գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան, սակայն նրանք 10 ամբաստանյալներից որևէ մեկի դեմ ցուցմունք չեն տվել՝ նշելով, որ չեն ճանաչում նրանց։ Հատկանշական է, որ երեք երկրների դեսպանատներից միայն Միացյալ Նահանգների ներկայացուցիչը դուրս եկավ նամակը ստանալու։ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների աշխատակիցները հորդորեցին նամակը գցել հատկացված արկղում։

Ցույցը շարունակվեց Գլխավոր դատախազության առջև: Դրան մասնակցում էին նաև Խորենացու գործով դատապարտվածների հարազատները։

Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար 3 տարի ազատազրկման դատապարտված Հայկ Հովհաննիսյանի հոր հավաստիացմամբ՝ տղան անմեղ է, հուլիսի 20-ին օրենք չի խախտել՝ ընդամենը պահանջել է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին հաց հասցնել և խաղաղ լուծում տալ ստեղծված իրավիճակին։

Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ռոման Սմբատյանը հորդորեց ցուցարարներին գրավոր ձևակերպել բոլոր դժգոհությունները։

Սարի թաղի և Խորենացու գործով մեղադրյալների համար ազատություն պահանջող նույնաբովանդակ նամակ ցուցարարները հանձնեցին նաև Նախագահի նստավայրում։

XS
SM
MD
LG