Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը դիմել է վերաքննիչ դատարան


Գևորգ Սաֆարյանը դատարանի դահլիճում, արխիվ

Գևորգ Սաֆարյանը դատարանի դահլիճում, արխիվ

Ընդդիմադիր ակտիվիստը մտադիր է սպառել ներպետական բոլոր ատյանները՝ որպեսզի կարողանա Եվրոպական դատարան դիմել:

Երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր ակտիվիստը կալանավայրում անձամբ է գրել բողոքը՝ պահանջելով արդարացնել իրեն:

Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանի պնդմամբ, «տոնածառի գործով» ազատազրկված Գևորգն իր հայցադիմումում ամբողջովին հիմնավորել է, որ մեղադրանքը շինծու է՝ «Շեշտադրել է ցուցմունքներում առկա ճչացող հակասությունները, այսինքն՝ ոստիկաններից մեկի ցուցմունքը մյուսին է հակասում, մյուսի ցուցմունքը տեսանյութին է հակասում: Որևէ հիմնավոր բան չկա»,- «Ազատությանն» ասաց փաստաբանը:

Բազմաթիվ ընդդիմադիրների առնչությամբ կայացրած իր պատժիչ որոշումներով հայտի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հունվարին հրապարակած վճռով Գևորգ Սաֆարյանին մեղավոր էր ճանաչել ոստիկանին հարվածելու համար: Գործով տուժող, ժամանակին նաև Շանթ Հարությունյանի դեմ համանման ցուցմունք տված՝ «Հրեշտակների գումարտակի» հրամանատար Գեղամ Խաչատրյանի ենթակա ոստիկանները միայն դա հաստատող վկայություններ տվեցին դատարանում:

«Այսինքն՝ իրենց ցուցմունքների արժանահավատությունն ընդհանրապես զրո է, ուղղակի սա պատվեր էր, իջեցված Գևորգ Սաֆարյանին սահմանափակելու համար: Քննչական մարմինը, դատախազությունը հստակ կազմել էին արձանագրություն, որում երևում է, թե ինչպես է Գևորգ Սաֆարյանը հարվածում Գեղամ Խաչատրյանին: Էդ մասը դատարանն ուղղակի հանել էր, այսինքն հիմնավոր չէր համարել: Մինչդեռ, ամենակարևոր մասն էր»,- շարունակեց Տիգրան Հայրապետյանը:

Ի դեպ, փաստաբանը ևս դիմելու է վերաքննիչ ատյան: Երկու հայցերն էլ, սակայն, քննվելու են մեկ դատավարությամբ, ամենայն հավանականությամբ՝ մոտ մեկ ամսից: Բանտարկված ակտիվիստը մտադիր է սպառել ներպետական ատյանները, որպեսզի կարողանա Եվրոպական դատարան դիմել՝

«Սաֆարյանը քաղաքական գործիչ է, նախկինում նրա նկատմամբ բռնություններ են գործադրվել: Ըստ էության, իշխանությունները տրամադրված են նրա նկատմամբ: Այդ բազմաթիվ ապացույցները մենք ներկայացրել ենք, դատարանը գտել էր, որ դա ուղղակի պաշտպանական կողմի կարծիքն է, այսինքն՝ դատրանն ուղղակի նշել է՝ ինչ-որ բան նշելու համար»:

Արդեն մեկ տարի երկու ամիս ճաղերի հետևում գտնվող Գևորգ Սաֆարյանը, փաստաբանի կարծիքով, վաղաժամ ազատ չի արձակվի․ մինչև վերքննիչ և վճռաբեկ ատյանները լսեն նրա բողոքը, պատժի մնացյալ 10 ամիսները կանցնեն: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը վստահ է՝ «տոնածառի գործով» երիտասարդ ակտիվիստին ազատազրկելը թիրախավորված հետապնդում է:

«Պատժում են բոլոր այն քաղաքացիներին, որոնք համարձակություն ունեն իրենց մեջ և չեն ընկրկում անիրավությունների դիմաց: Երկրորդը՝ ուրիշներին զգուշացնելու նպատակ են հետապնդում, որ տեսեք՝ եթե դուք ևս ձեր իրավունքները պաշտպանեք, արժանապատիվ, ինքնիշխան պետություն, հայրենիք ցանկանաք, ահավասիկ, թե ինչ է ձեզ սպասում»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: Նա լավատես չէ, չի կարծում, թե երկրորդ ատյանը կվերականգնի արդարադատությունը, քանի որ «քաղաքական համակարգում ոչինչ չի փոխվել»:

Սաֆարյանի դատավճիռը, հաց բերող Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելը, «Սասնա Ծռեր»-ի տեսակցությունների մասով դատարանի երեկվա որոշումը, նաև փաստաբաններին ու պատգամավորներին խոչընդոտելը՝ հանդիպելու Ժիրայր Սեֆիլյանին ու Վարուժան Ավետիսայնին, Ալեք Ենիգոմշյանը կապում է առաջիկա ընտրությունների հետ․ «վարչախումը նման քայլերով իր ջղաձգությունն է ցույց տալիս և վախը, բայց կասկածում եմ, որ ընտրություն կոչվածից հետո իրենք ավելի մեղմ կլինեն, եթե իհարկե իրենց հաջողվի վերարտադրվել»:

Գևորգ Սաֆարյանն ու ընկերներն իրենք էլ էին դիմել իրավապահներին՝ բարձրաձայնելով Ամանորի գիշերը ոստիկանական բռնությունների մասին: Այդ գործը, սակայն, կարճվեց:

XS
SM
MD
LG