Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, քաղաքագետները քննադատում են երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի նշանակումը առաջին փոխնախագահի պաշտոնում:

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իսա Ղամբարն ասել է. - «Դժբախտաբար, սեպտեմբերի 26-ի հանրաքվեի վերաբերյալ մեր կանխատեսումներն արդարացան: Մենք դեռ այն ժամանակ ասում էինք, որ հանրաքվեի նպատակն է օրինականացնել իշխող ընտանիքի և կլանի իշխանության հաստատումը: Ադրբեջանը հետ է մղվել միջնադար, ֆեոդալական կարգեր, և այդ նշանակումը հանգեցնելու է հարաբերությունների վատթարացմանը ինչպես իշխող շրջանակներում, այնպես էլ հասարակությունում ընդհանրապես»: Նա ասել է, որ միջազգային հանրության արձագանքը բացասական կլինի, քանի որ 21-րդ դարում ընտանեկան իշխանության հաստատումն անընդունելի է:

REAL շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին «Թուրան»-ին ասել է, թե այդ որոշման մեջ սենսացիոն ոչինչ չկա, և դա սպասելի էր: «Եթե բարելավվում է կառավարման համակարգը, սահմանագծվում նախագահական վարչակազմի և կառավարության իշխանությունը, ապա՝ ինչու ոչ», - ասել է Ջաֆարլին:

Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին ասել է, թե այդ նշանակումը ձևավորում է Ադրբեջանում առկա ընտանեկան իշխանությունը: «Երբ իշխանությունը փոխում է Սահմանադրությունը, դա արվում է ընտանեկան հավակնությունները բավարարելու նպատակով: Երկու անգամ Սահմանադրությունը փոխվել էր, ճանապարհ բացելով Իլհամ Ալիևի համար՝ 2003-ին, որ նա դառնա նախագահ, 2009-ին՝ որ կարողանա անսահմանափակ ժամկետներով առաջադրվել վերընտրվելու համար: Հիմա Սահմանադրությունը փոխվել է, որպեսզի իշխանությունը հեշտորեն փոխանցվի ընտանիքի անդամներին», - «Թուրան»-ին ասել է Քերիմլին՝ ընդգծելով. - «Այսպիսի նշանակումները դավաճանություն է երկրի ժառանգությանը, որը 100 տարի առաջ մահմեդական աշխարհում առաջին անգամ հանրապետություն կերտեց: Սա պաշտոնական քայլ է՝ միապետություն ստեղծելու, բացարձակ միապետություն Ադրբեջանում: Ես հավատում եմ, որ Ադրբեջանի հասարակությունը չի ընդունի դե ֆակտո և դե յուրե միապետության հաստատումը»:

Քերիմլին նշել է, որ մտադիր չեն հաշտվել Սահմանադրության ակնհայտ զեղծարարությունների և մի ընտանիքի կողմից այն բռնազավթելու հետ:

«Սահմանադրության շրջանակներում և ժողովրդավարական սկզբունքներով մենք կշարունակենք պայքարել հանրապետության սկզբունքները վերականգնելու համար», - վստահեցրել է Ժողճակատի առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG