Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյան՝ «Իսկանդեր» համակարգերը պատկանում են բացառապես Հայաստանի զինված ուժերին


«Իսկանդեր» համակարգի փորձարկում, արխիվ

«Իսկանդեր» համակարգի փորձարկում, արխիվ

«Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարարը նաև ասել է, որ ՆԱՏO-Հայաստան համագործակցությունը չի վնասում Հայաստանի դաշնակիցների շահերին:

«Ես 100 տոկոսով կարող եմ հաստատել, որ «Իսկանդեր» համակարգերը պատկանում են Հայաստանի զինված ուժերին, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այդ համակարգերը կառավարում ենք մենք, կառավարում են նրանք, ում դրանք պատկանում են»:

Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ «Իսկանդեր» համակարգերը կարող են շատ լուրջ վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ կիրառվելու են:

Բնականաբար, դրանք կիրառելու որոշումը կայացվելու է՝ ելնելով իրավիճակից, նաև ասել է Սարգսյանն ու ընգծել՝ «Իսկանդեր» համակարգն, առաջին հերթին, զսպող սպառազինություն է։ Վիգեն Սարգսյանի խոսքով, զսպող դեր ունի նաև Հայաստանում ռուսական ռազմաբազան։ Այն, Հայստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ, Հայաստանի անվտանգության համակարգի շատ կարևոր բաղադրիչն է։

Ընդ որում, Վիգեն Սարգսյանի կարծիքով, այն բանից հետո, երբ այդ ռազմաբազայի մասին պայմանագիրը հայկական կողմի նախաձեռնությամբ երկարաձգվեց, այն պատասխանատու դարձավ ոչ միայն նախկին ԽՍՀՄ սահմանի պաշտպանության, այլ նաև Հայաստանի անվտանգության ապահովման համար:

Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլարի վարկով Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինության ձեռք բերմանը, ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով, համապատասխան համաձայնագրով նախատեսված զենքի մի մասը Հայաստանն արդեն ստացել է։ Սարգսյանը նույն հարցազրույցում նաև շեշտել է՝ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, ռուսական զենքը ձեռք է բերում «ներքին գներով»։

«Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում Վիգեն Սարգսյանը «օրինաչափություն» է համարել այն, որ պաշտոնը ստանձնելուց հետո ինքն առաջին այցը կատարել է Ռուսաստան։ Նա նաև իր գոհունակությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀԱՊԿ-ի դիրքորոշման առնչությամբ։ «Այդ դիրքորոշումը հստակ արտահայտված է Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդունված հայտարարությունում։ Այն հստակորեն արտահայտել է նաև ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

«Ռիա Նովոստի»-ի հարցին ի պատասխան, Հայաստանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ ՆԱՏO-Հայաստան համագործակցությունը չի վնասում Հայաստանի դաշնակիցների շահերին։ Նույն հարցազրույցում Սարգսյանն անդրադարձել է նաև շփան գծում տիրող իրավիճակին, նշելով՝ Արդբեջանը շարունում է խախտել հրադադարը՝ կիրառելով նաև նռնականետներ և ականանետներ։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կատարեն բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիենայում և Սանկտ Պետերբերգում կայացած գագաթնաժողովներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու անձամբ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG