Մատչելիության հղումներ

Երկու օր առաջ հանդիպելով Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չնայած պաշտպանության նախարարն է գլխավորում Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը, բանակում միջկուսակցական քննարկումներ չեն լինելու, և զգուշացրեց, որ «նման փորձերը պատժվելու են»:

Հաշվի առնելով, որ նախկին պաշտպանության նախարար, այժմ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Սեյրան Օհանյանը պարբերաբար հայտարարում է, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միանում են իր նախկին զինակիցները, ազատամարտիկներ, պատերազմի վետերաններ, արդյո՞ք հենց նրանց և նախկին նախարարին էր ուղղված զգուշացումը: Այս հարցի շուրջ «Ազատություն»-ը զրուցել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի և «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանի հետ։

«Ազատություն»․ - Դուք տեսնո՞ւմ եք այստեղ թաքնված զգուշացում նաև բանակում, Զինված ուժերում Սեյրան Օհանյանի կողմնակիցներին, որ եթե նրանք փորձեն ինչ-որ ձևով աջակցել Սեյրան Օհանյանին, ապա կարող են լուրջ խնդիրներ ունենալ և պատժվել:

Մարգարյան․ - Ի՞նչ է նշանակում աջակցել: Եթե խոսքը գնում է նրան, որ «ձեզ ում կասեն՝ նրանց պիտի քվեարկեք», դա այլ բան է: Բնականաբար, Սեյրան Օհանյանը 8 տարի գլխավորել է բանակը, բավականին հեղինակություն է ունեցել բանակում, և վստահ եմ, որ շատ-շատերը ուզենալու են նրա օգտին քվեարկեն նույն բանակից, և թույլ չտալ, ասենք, այս մարդկանց՝ ազատ դրսևորել իրենց կամարտահայտությունը, ես կարծում եմ, որ դա Ընտրական օրենսգրքի խախտում է:

«Ազատություն»․ - Բայց կունենա՞ն, կարծում եք, նրանք այդ ազատությունը բանակում, զորամասում:

Մարգարյան․ - Ես դժվարանում եմ ասել: Ունենո՞ւմ են շատ գյուղերում՝ ոչ բանակում, ասենք, մեր գյուղերում շատ դեպքերում, որոնց ճնշում են ադմինիստրատիվ ողջ ապարատը, կամ նույն թաղային հեղինակությունները, որ «հանկարծ չգնաք սրան [ընտրեք]»: Ազա՞տ են նրանք արդյոք: Երկիրը այդպիսի վիճակում է, ընտրական համակարգը այդպիսի վիճակում է: Կա՛մ հասարակությունը կոնսոլիդացվում է սրա դեմ և ասում է՝ «հերի՛ք է, արդեն էլ չենք կարող», կա՛մ կլինի այնպես, ինչպես կա, և կգնանք մենք դեպի անդունդ:

«Ազատություն»․ - Եթե հետևում եք մամուլին, պարբերաբար հրապարակումներ են հայտնվում, որ առաջիկայում կարող են լինել քրեական գործեր, որտեղ ներգրավված կարող է լինել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Մասնավորապես նշվում է, որ, օրինակ, ըստ մամուլի հրապարակումների, բանակում չարաշահումների հետ կապված քրեական գործերում կարող է նա ներգրավվել, կամ անգամ ընդհուպ հրապարակում եղավ, որ նրա անունը կարող է կապվել դեռևս 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում հայտնաբերված այդ հանցավոր խմբի հետ:

Մարգարյան․ - Մարտի 1-ը մի մոռացեք․․․

«Ազատություն»․ - Դուք ինչպե՞ս եք գնահատում բոլոր այս հրապարակումները, այս զգուշացումները և հնարավոր համարո՞ւմ եք, որ քրեական գործ ի վերջո կարող է այս փուլում հարուցվել Սեյրան Օհանյանի դեմ:

Մարգարյան․ - Մեր երկրում մի շատ արատավոր երևույթ կա՝ եթե անձը աշխատում է ինչ-որ տեղ, որևէ մեկը չի ասում՝ այսինչ բանը սխալ է, այնինչ բանը սխալ է, թեկուզ դրանք արված լինեն այդ աշխատանքից բավականին ժամանակ առաջ: Երբ որ անձը դուրս է գալիս և սկսում է անհամաձայնություն հայտնել իշխանությունների հետ, սկսում են հիշել տաս տարի առաջ, հինգ տարի առաջ․․․ որովհետև Սեյրան Օհանյանին, ես պատահական չասացի, նաև Մարտի 1-ի հետ կապված են ասում: Այսինքն՝ կարող է 8 տարի ոչինչ չասեին, հետո հանկարծ դուրս եկավ, հիշեցին, որ Մարտի 1-ին նա էլ էր մեղավոր, հետո կհիշեն, որ, ես չգիտեմ, կարող է գնա շատ ավելի հեռուն՝ էն ժամանակ էլ էր մեղավոր: Գիտե՞ք, մեր երկրում ոչ թե բացասական երևույթների նկատմամբ ժամանակին միջոցառում է ձեռնարկվում իշխանության կողմից, ոչ թե բացասական երևույթներից հետևություններ են անում, որ դրանք չկրկնվեն, դրանք պահվում են՝ հետագայում ոչ-ցանկալի անձերի դեմ օգտագործելու համար:

«Ազատություն»․ - Հիմա կօգտագործվե՞ն ինչ-որ բաներ Սեյրան Օհանյանի դեմ, ի՞նչ եք կարծում:

Մարգարյան․ - Ես դժվարանում եմ ասել՝ ինչ կօգտագործվի, ես չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանը ունի մի այնպիսի բան, որը օգտագործվի, խոսքը գնում է՝ իրականում, էդ դեպքում հարցեր են առաջանում՝ մինչև հիմա ինչո՞ւ այդ մասին չէին խոսում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG