Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» բողոքը


Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների բողոքն ընդդեմ քննիչի որոշման։ Ամռանը ոստիկանության գունդը գրաված խմբի անադմներից երեքը պահանջում էին վերացնել իրենց տեսակցությունների արգելքը: Որոշումն ընթերցելուց հետո դահլիճում ներկաներն իրենց դժգոհությունը հայտնեցին։

Վարդան Գերավետյանը, Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը այսօր դատարանում հայտարարեցին՝ հարազատների հետ խոսելու և տեսնվելու արգելքի միջոցով փորձում են պատժել իրենց։

Գերավետյանն իր խոսքում ընդգծեց՝ արգելքի վերացումը հարկավոր է առաջին հերթին իրենց հարազատներին. - «Մենք պատրաստ ենք եղել գնալ անձնազոհության: Համարեք, որ արդեն մահացել ենք: Բայց մեր հարազատների համար է ավելի կարևոր մեզ հետ շփումը: Այնպես որ, մենք ոչ թե խնդրում ենք, աղերսում ենք, այլ գտնում ենք, որ զուտ մարդկային առումով ճիշտ կլիներ, որ այդ տեսակցությունները բաց լինեին»:

Նախքան ՊՊԾ գնդի գրավումը առավելապես հանրային գերակա շահի պատճառով սեփականությունից զրկված քաղաքացիների բողոքի ակցիաների մասնակից Գերավետյանը հայտարարեց՝ իշխանությունները հետապնդում են բոլոր նրանց, ովքեր փորձում են աջակցել իրենց. - «Ինձ հետ նույն խցում կար մեկը, որը ընդամենը ցուցարար էր և վեց ամիս նրա տեսակցությունները սահմանափակված էին, մինչև նրա դատվելը: Ընդամենը նա ցուցարար էր: Այսինքն, ցանկացած մարդ, որը առնչվել է «Սասնա ծռերի» հետ, այն մարդկանց հետ, որոնք համարձակվել են ճշմարտությունն ասել երկրի իրավիճակի պահով, նրանք հետապնդվում են»:

Գյումրեցի Արամ Հակոբյանը, որը մինչև ՊՊԾ գնդի տարածքի գրավումը, ղեկավարում էր Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» Շիրակի մարզի կառույցը, պնդեց՝ տեսակցությունների սահմանափակումը քրեական գործի հետ առնչություն չունի։

Զինված խմբի անդամների փաստաբան Դավիթ Գյուրջյանը դատարանում նշեց, որ դեռ աշնանը Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր պաշտպանների այս խնդրանքը։ Նա նշեց, որ զինված խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանի մասով նախաքննությունն ավարտված է, և իրավապահների նախկին պնդումները, թե տեսակցության հնարավորության դեպքում նա կարող է ազդել նախաքննության վրա, արդեն հիմնավոր չեն:

Մինչդեռ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը դատարանում հայտարարեց՝ չի բացառվում, որ, օրինակ, Գագիկ Եղիազարյանի գործի մասով նոր դրվագներ ի հայտ գան, և անհրաժեշտ լինի նոր մարդկանց հարցաքննել։ Քննիչն ընդգծեց, որ տեսակցությունների արգելքի վերացումը կբարձրացնի նախաքննությանը խոչընդոտելու հավանականությունը:

Փաստաբան Դավիթ Գյուրջյանն ասաց, որ դատարանի որոշումը կբողոքարկեն վերաքննիչ ատյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG