Մատչելիության հղումներ

Յըլդըրըմ․ Թրամփն ու թիմակիցները ըմբռնումով են մոտենում Գյուլենի արտահանձնման պահանջին


Ֆեթհուլա Գյուլեն, արխիվ
Ֆեթհուլա Գյուլեն, արխիվ

Ի տարբերություն Բարաք Օբամայի վարչակազմի` Դոնալդ Թրամփն ու նրա թիմակիցները ըմբռնումով են մոտենում Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթհուլա Գյուլենի արտահանձնման պահանջին` հասկանալով, թե որքան ցավոտ հարց է դա թուրքական իշխանությունների համար: Այս մասին երեքշաբթի օրը Անկարայում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Ֆեթհուլա Գյուլենի արտահանձնման շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ շարունակվում են: Մեր տպավորությամբ՝ նոր վարչակազմն ավելի ընդառաջող ու զգայուն կգտնվի այս հարցում: Չնայած առկա բոլոր խոչընդոտներին՝ Գյուլենն ի վերջո կգա Թուրքիա և պատասխանատվության կենթարկվի», - հայտարարում էր թուրքական կառավարության ղեկավարը:

Թուրքիայի իշխանությունների համոզմամբ՝ հենց Ֆեթհուլա Գյուլենն էր անցած տարվա հուլիսին իրականացված ռազմական հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպիչը: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ 90-ականների վերջից ամերիկյան Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենը Թուրքիայում գործող իր կողմնակիցների միջոցով փորձում էր տապալել Էրդողանի իշխանությունը:

Ամերիկյան իշխանությունները դեռ հստակ պատասխան չեն հնչեցնում` արդյոք Գյուլենի արտահանձնման հեռանկարները իրակա՞ն են, թե՞՝ ոչ: Դրա հետ մեկտեղ, սակայն, Թրամփի իշխանության առաջին մեկ ամսում ակնհայտ դարձավ, որ Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում որոշակի բարելավման միտումներ են նկատվում: Երկկողմ հարաբերությունների ջերմացման հերթական անուղղակի ապացույցը դարձավ ամերիկացի ամենահայտնի օրենսդիրներից մեկի` հանրապետական սենատոր, նախագահության նախկին թեկնածու Ջոն ՄըքՔեյնի այցը Անկարա:

«Շատ ջերմ և կառուցողական հանդիպում ունեցա նախագահ Էրդողանի հետ: Ես մշտապես եղել եմ Թուրքիայի և Միացյալ Նահանգների` ժողովրդավարական արժեքների վրա հիմնված դաշնակցային հարաբերությունների ջատագովը: Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ծավալված ճգնաժամերի ֆոնին վստահ եմ` այսօր թուրք-ամերիկյան դաշինքը առավել քան երբևէ կենսական նշանակություն ունի», - Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ավարտին հայտարարում էր ՄըքՔեյնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG