Մատչելիության հղումներ

Ընդդիմախոսները թերահավատ են բանակի չեզոքության մասին նախագահի հավաստիացումների հանդեպ


Ավելին՝ նրանցից ոմանք համոզված են, որ այս ընտրություններում ավելի մեծ թափով է գործի դրվելու վարչական ռեսուրսը, այդ թվում՝ բանակը:

Ընդդիմադիրները և քաղհասարակության ներկայացուցիչները չեն հավատում Սերժ Սարգսյանի՝ երեկ հնչեցրած այն խոսքին, թե Հանրապետականի նախընտրական ցուցակը գլխավորող Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բանակում քարոզչությամբ չի զբաղվելու:

«Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածու Արամ Մանուկյանն այսօր տարակուսանք հայտնեց՝ առանց զինվորականների իշխող կուսակցությունն ինչպե՞ս է քվե ստանալու: «Դուք սերիալ եք նայե՞լ, թե՞ իշխանական լրատվամիջոցներ: Ո՞նց կարող ա էդ ձևի բան լինել, բա ո՞նց են ձայն հավաքելու, ո՞րն ա իրենց ռեսուրսն էդ դեպքում, չէ՞ որ ժողովրդի մեջ չունեն․․․ Հանրապետականն այսօր բացի բացասական զգացմունքներից, ոչինչ չի առաջացնում, և իրենց ռեսուրսը, որն արդեն սկսել են կիրառել, վարչականն է, կաշառքն է, բանակն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ Մանուկյանը:

Ավելին, նա համոզված է, որ այս ընտրություններում ավելի մեծ թափով է գործի դրվելու վարչական ռեսուրսը՝ այդ թվում բանակը, քանի որ առաջին անգամ հրապարակվելու են ստորագրված մատյանները, և բազմակի, կեղծ քվեարկությունների թիվը շեշտակի նվազելու է: Ընդդիմադիրների հաշվարկներով, իշխանությունները մոտ կես միլիոն պահուստային ձայն են կորցնում:

«Եվ հիմա իրենք դա թողնելով, դուրս են եկել ժողովրդին ահաբեկելու, ճնշելու, վախեցնելու, կաշառելու, սպառնալու: Մի ամբողջ համակարգ է աշխատում՝ սոցիալական ծառայություններ, պետական ծառայություններ, էլցանց, գազի ծառայություններ․․․ մարդկանց իրենց ցուցակներում ներգրավելու համար: Եթե իրենք էդ մեթոդը չկիրառեն, նշանակում է կամավոր, սկուտեղի վրա հանձնում են իշխանությունը: Թույլ տվեք չհավատամ դրան»,- շարունակեց Մանուկյանը:

«Ժառանգության» փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանին չի զարմացրել Սերժ Սարգսյանի հիշյալ հայտարարությունը: Վերջին 20 տարում բոլոր ընտրություններից առաջ էլ իշխանությունը վստահեցրել է, որ զինվորներին, պետական աշխատողներին չեն պարտադրելու՝ իրենց ձայն տալ, կաշառք չեն բաժանելու, հիշեցրեց Մարտիրոսյանը:

«Թող ասեն: Խոսք ա էլի, ասում են: Ինչի՞ն հավատամ, երբ Սերժ Սարգսյանի առաջին հրապարակային, այսպես ասեմ՝ ուղերձը եղել է անհասկացողության պատը քանդելու մասին, 2008 թվականին: Մինչդեռ, դրա փոխարեն ոչ թե անհասկացողության պատը քանդվեց, այլ ավելի ամրակուռ դարձավ, բետոնապատվեց, և մինչև հիմա ոչինչ չի փոխվել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Այժմ Սեյրան Օհանյանի դաշնակից Րաֆֆի Հովհաննիսյանը 2015 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո նրա հրաժարականն էր պահանջում՝ հայտարարելով, թե որպես պաշտպանության նախարար, Օհանյանը պետական հանցագործության է մասնակցել՝ զինվորներին ուղղորդելով քվեարկության:

Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հենց նախկին փորձը հաշվի առնելով, վստահություն հայտնեց՝ գլխավորելով ցուցակը, Վիգեն Սարգսյանն անելու է ամեն ինչ, որ Հանրապետականից բացի, զինվորներն այլ ուժի ձայն չտան: «Բնականաբար, բոլոր մնացած կուսակցությունների օգտին քվեարկելու պրոցեսն է կանխելու: Ուղղորդելու է նաև ամբողջ Զինված ուժերին՝ քվեարկելու Հանրապետական կուսակցության օգտին»,- ասաց իրավապաշտպանը:

Սաքունցը նաև հիշեցրեց՝ զինվորների ընտրական ցուցակներն ու քվեարկության տեղամասերը գաղտնի են: «Այսինքն, մենք՝ դիտորդներս կամ հանրությունը չի իմանալու, թե քանի հոգի և որ տեղամասում քվեարկեցին: Իմանալու են միայն իրենք, միաժամանակ, իմանալով նաև, թե ինչպես են քվեարկել: Իսկ եթե քվեարկության արդյունքները չբավարարի իրենց, ապա կարող են պատասխանատվության ենթարկել ամբողջ զորամասը, հայտնաբերելու և պատժելու համար այդ անհնազանդներին»,- ասաց Արթուր Սաքունցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG