Մատչելիության հղումներ

ՄըքՄասթերը՝ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական


Դոնալդ Թրամփը և ազգային անվտանգության հարցերով նորանշանակ խորհրդական Հերբերտ ՄըքՄասթերը, Ֆլորիդա, 20-ը փետրվարի, 2017 թ.

Դոնալդ Թրամփը և ազգային անվտանգության հարցերով նորանշանակ խորհրդական Հերբերտ ՄըքՄասթերը, Ֆլորիդա, 20-ը փետրվարի, 2017 թ.

Զինված ուժերում Հերբերտ Ռեյմոնդ ՄըքՄասթերը հայտնի է նաև «Ապստամբ գեներալ» մականվամբ:

Ոչ միայն գեներալ, այլև պատմության դոկտոր

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակել 54-ամյա գեներալ-լեյտենանտ Հերբերտ Ռեյմոնդ ՄըքՄասթերին, ով Զինված ուժերում մեծ հեղինակություն է ձեռք բերել Պարսից ծոցի առաջին պատերազմի տարիներին և համարվում է չափազանց հմուտ ռազմագետ:

ՄըքՄասթերը փոխարինել է Մայքլ Ֆլինին, ով հրաժարական էր ներկայացրել ռուսների հետ կասկածելի կապեր ունենալուն առնչվող սկանդալի կապակցությամբ: Գեներալ-լեյտենանտ Հերբերտ Ռեյմոնդ ՄըքՄասթերը ոչ միայն փորձառու և հեղինակավոր զինվորական է, այլև անվանի գիտնական: Նա պատմության դոկտոր է և մի շարք աշխատությունների հեղինակ:

Վիետնամի ձախողումը՝ վճռականության պակասի արդյունք

1997 թվականին նա հրատարակել է «Պարտքի ուրացումը» (Dereliction of Duty) գիրքը, որում քննադատել է Վիետնամի պատերազմում նախագահ Լինդոն Ջոնսոնի և պաշտպանության նախարար Ռոբերթ ՄաքՆամարայի դիրքորոշումները, բացահայտել է նաև գլխավոր շտաբի որոշ սխալներ:

ՄըքՄասթերի համոզմամբ, Վիետնամում կար ընտրություն՝ կամ զսպել Հարավի պարտիզան-կոմունիստներին, կամ վճռական հարված հասցնել նրանց հովանավորին՝ Հյուսիսի կոմունիստական ռեժիմին: Պատերազմի ձախողման պատճառն այն էր, որ Ամերիկայի քաղաքական ղեկավարությունը չէր համարձակվել ընտրել այդ տարբերակներից մեկը: «Մենք պատերազմը տանուլ ենք տվել ոչ թե ռազմի դաշտում, ոչ թե «Նյու Յորք Թայմս»-ի էջերում, ոչ թե ուսանողական ավաններում, այլ Վաշինգտոնում»,- գրել է ՄըքՄասթերը:

«Նյու Յորք Թայմս»-ը և մեծ թվով այլ ամերիկյան թերթեր դատապարտել էին պատերազմը, իսկ համալսարանների ուսանողական ավաններում տարիներ շարունակ տեղի էին ունենում մեծ ցույցեր պատերազմի և այն տարիներին ԱՄՆ-ում գործող պարտադիր զորակոչի դեմ:

Արծաթե Աստղ արիության համար

ՄըքՄասթերն ամերիկյան ամենահաղենիակավոր զինվորական ԲՈւՀ-ի՝ Ուեսթ Փոյնթի ակադեմիայի շրջանավարտ է: Պարսից ծոցի առաջին պատերազմում, որն Ամերիկան մղել է նախագահ Ջորջ Բուշ ավագի օրոք, ՄըքՄասթերն արժանացել է «Արծաթե Աստղ» մեդալի: Դա ամերիկյան զինված ուժերում երրորդ ամենահեղինակավոր շքանշանն է, որին արժանանում են մարտում արիություն ցուցաբերելու համար:

Մըքմասթերի զրահատանկային 2-րդ գունդը 1991 թվականին ջախջախիչ հարվածով ոչնչացրել է Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի հանրապետական գվարդիան, որը համարվել է իրաքյան ամենահզոր ստորաբաժանումը: Պատմաբանների կարծիքով, դա 20-րդ դարում Երկրորդ աշխարհամարտից հետո ամենախոշոր տանկային ճակատամարտն էր:

ՄըքՄասթերը նաև հայտնի է որպես համառ և չհարմարվող անձնավորություն, ով չի թաքցնում իր տեսակետը և անհամաձայնության դեպքում այդ մասին բաց ու շիտակ ասում է զրուցակցին: Զինված ուժերում նրա մականունն է «Ապստամբ գեներալ» (The Iconoclast General):

Չհարմարվող է, բայց գերագույն հրամանատարին կարող էր ասել միայն "yes"

Այդ առումով Վաշինգտոնում որոշակիորեն զարմացած են, քանի որ ՄըքՄասթերը չի խուսափի հարկ եղած դեպքում նախագահ Թրամփին հակաճառելուց, թեպետ միանգամայն հասկանալի է, որ նախագահները որպես կանոն գերադասում են աշխատել հավատարմություն դրսևորող մարդկանց հետ:

Այդուհանդերձ, նախագահը գերագույն հրամանատարն է, ուստի՝ ստանալով ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը ստանձնելու առաջարկը՝ գեներալ-լեյտենանտը կարող էր միայն ասել "yes": Վաշինգտոնի մեկնաբանների կարծիքով, դեռ վաղ է ասել՝ արդյո՞ք հաջողությամբ կպսակվի նախագահի և նրա խորհրդականի համագործակցությունը:

Սպիտակ տունը հաղորդել է, որ ստանձնելով նոր պաշտոնը՝ գեներալ-լեյտենանտ ՄըքՄասթերը զինվորական ակտիվ ծառայությունը չի դադարեցնի: Իսկ պաշտոնաթող գեներալ Քեյթ Քելլոգը, ով Մայքլ Ֆլինի հրաժարականից հետո աշխատել է որպես խորհրդականի պաշտոնակատար, Թրամփի որոշմամբ նշանակվել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի աշխատակազմի ղեկավար:

«Ռուսաստանին զսպել առաջավոր դիրքերում»

Ռուսաստանի հարցում ՄըքՄասթերն ունի բավական կոշտ դիրքորոշում: Դեռ 2015 թվականին նա հայտարարել է՝ հաշվի առնելով Ուկրաինայի զարգացումները, Ամերիկան պետք է կիրառի «Ռուսաստանին առաջավոր դիրքերում զսպելու» մարտավարությունը: Նա նաև ռուսներին մեղադրել է «հիբրիդային պատերազմ» վարելու մեջ:

«Մենք պետք է հասկանանք, որ պատերազմը՝ մրցակցություն է, այն ծավալվում է ոչ միայն ռազմի դաշտում: Այն ներառում է նաև քայքայիչ գործունեություն, ինչը Ռուսաստանը շատ արդյունավետ է կիրառում, այսպես կոչված, ռուսալեզու փոքրամասնություններին պաշտպանելու պատրվակով»,- ասել է ՄըքՄասթերը:

«Չի երկյուղի հարցեր ուղղել իր շեֆին»

Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ջոն ՄըքՔեյնը ողջունել է ՄըքՄասթերին ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակելու՝ նախագահ Թրամփի որոշումը:

Այդ նշանակման մասին գովեստով է արտահայտվել նաև Ռուսաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մայքլ ՄըքՖոլը, «Թվիթեր»-ում գրելով՝ «ՄըքՄասթերն այն գործիչներից է, ով չի երկյուղի հարցեր ուղղել իր շեֆին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG