Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական խմբի՝ ընտրությունների դիտարկման առաքելությունը


Երևանի ընտրատեղամասերից մեկում, արխիվ

Երևանի ընտրատեղամասերից մեկում, արխիվ

13 պետություններից Հայաստան են ժամանել 14 փորձագետներ և 28 երկարաժամկետ դիտորդներ: Ակնկալվում է, որ կարճաժամկետ առաքելությամբ Հայաստան կժամանեն ևս 250 դիտորդներ:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհդարանական ընտություններին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը «հատուկ ուշադրությամբ» հետևելու է տեղամասերում էլեկտորանային գրանցման համակարգի աշխատանքին, տեսախցիկների և ուղիղ հեռարձակման գործընթացին։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, պատասխանելով «Ազատության» հարցին, առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենը նաև հայտարարեց, որ իրենք ծանոթ են ընտրական գործընթացի նորամուծություններին և ունեն համապատասխան մասնագետներ։

«Մեր թիմում երկու ուղղություններով էլ ունենք փորձագետներ և կկարողանանք մանրակրկիտ կերպով գնահատել ինչպես մեզ ներկայացվող իրականությունը, այնպես էլ այդ նորմերի կատարումը։ Ուստի՝ կարծում եմ, որ մենք ճիշտ ենք դիրքավորված՝ բոլոր հիմնական առանձնահատկություններին լավ հետևել կարողանալու համար»,- ասաց Պետերսենը:

Կառավարության հրավերով Հայաստանում գտնվող՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական խումը երեկվանից սկսել է խորհրդարանական ընտրությունների դիտարկման առաքելությունը։ Պետերսենի փոխանցմամբ, 13 պետություններից Հայաստան են ժամանել 14 փորձագետներ և 28 երկարաժամկետ դիտորդներ: Վերջիններս երկու հոգուց բաղկացած թիմերով առաջիկա օրերին դիրքավորվելու են հանրապետության ողջ տարածքում։ Առաքելության ղեկավարն այսօր հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել նախընտրական իրավիճակի վերաբերյալ։

«Հաջորդ շաբաթվանից դիտորդները մեզ կզեկուցեն իրենց դիտարկման տարածքներում իրենց արձանագրած զարգացումների մասին։ Մի քանի շաբաթ անց դուք մեզանից կստանաք միջանկյալ զեկույց, որը կլինի փաստերի վրա հիմնված»,- միայն ասաց դեսպանը:

Վերջինս չպատասխանեց նաև հարցին, թե որքանով են Հայաստանյան իշխանությունները հաշվի առել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի նախորդ զեկույցներում տեղ գտած դիտողություններն ու առաջարկները։ Առաքելության ղեկավարն արդեն հանդիպումներ է ունեցել ԱԳՆ-ի ու ԿԸՀ-ի ներկայացուցիչների հետ։ Քարորզարշավի ընթացքում դիտորդական խումբը կհանդիպի նաև կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

«Մենք անկողմնակալ ենք, մենք գործող անձ, մասնակից չենք։ Մենք ընտրությունների ընթացքը դիտարկելու ենք միջազգային չափանիշների և ընտրությունների կազմակերպման ու անցկացման տեղական նորմերի հիման վրա»,- ասաց Յան Պետերսենը: Ապրիլի 2-ին ընդառաջ՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն ակնկալում է, որ կարճաժամկետ առաքելությամբ Հայաստան կժամանեն ևս 250 դիտորդներ, որոնք ընտրությունների օրը կդիտարկեն տեղամասերի բացումը, քվեարկությունը, քվեաթերթիկների հաշվարկն ու արդյունքների ամփոփումը։

«Դիրքորոշումներ, նախնական գնահատականներ չենք հայտնելու։ Մենք եկել ենք բաց մտքով և ունենք փոձագետների պատշաճ թվաքանակ ու պատշաճ տեղեկատվություն, որպեսզի կարողանանք գնահատականներ ներկայացնել: Բայց, ինչպես ասացի՝ գործելու ենք մեր ստանդարտ մեթոդաբանության հիման վրա, որպեսզի մեր վերջնական զեկույցում մեր գնահատականները հիմնված լինեն փաստացի տեղեկությունների վրա, որ չցատկենք դեպի եզրակացություններ»,- հավելեց դիտորդական խմբի ղեկավարը:

Ընտրությունների վերաբերյալ նախնական եզրակացությունը հրապարակվելու է քվեարկության հաջորդ օրը։ Իսկ վերջնականը՝ ներառյալ առաջարկությունները, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կներկայացնի արդեն ընտրական գործընթացի ավարտից երկու ամիս անց։ Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ խորհրդանական ընտրությունների ընթացքը Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների վրա, դիտորդական առաքելության ղեկավարն այսպես արձագանքեց՝

«Համոզված չեմ, որ հարցի բուն միտքը հասկացա, բայց պիտի ասեմ, որ այս անգամ գնահատականը ներկայացնելու ենք ամբողջական իրավիճակի, այդ թվում նաև ընտրությունների ընթացքի, քաղաքական համատեքստի հիման վրա, բայց՝ օգտագործելով մեր ստանդարտ մեթոդաբանությունը»:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն արդեն 11-րդ անգամ է դիտորդական առաքելություն իրականացնում Հայաստանում, ընտրությունների վերաբերյալ այս կառույցի եզրակացություններն ու գնահատականները երբեմն քննադատվել են, այդ թվում նաև՝ ընդդիմադիրների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG