Մատչելիության հղումներ

«Ժառանգության» վարչության անդամ․ Կուսակցությունը կորցնում է իր լավագույն անդամին


««Ժառանգությունը» կորցնում է իր լավագույն անդամին», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը՝ նաև փոխանցելով, որ Փոստանջյանի հեռանալու լուրը «Ժառանգություն»-ում ցավով են ընդունել․ - «Գնահատելով մեր երկար տարիների արդյունավետ, բեղմնավոր աշխատանքը՝ բոլորս ցավով ընդունեցինք, որ Զարուհին ուզում է լքել մեր կուսակցությունը»:

Այդուհանդերձ, Մուրադյանը կարծում է, թե Փոստանջյանը պարտավոր էր ենթարկվել մեծամասնության որոշմանը:

Ազգային ժողովում «Ժառանգության» միակ ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը կուսակցությունից դուրս եկավ առաջիկա ընտրություններին «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքով մասնակցելու՝ «Ժառանգության» վարչության որոշումից հետո:

Փոստանջյանի համոզմամբ՝ «Ժառանգությունն» ընտրությունների պիտի գնար միայնակ՝ սեփական ցուցակով: Կուսակցությունը, սակայն, որոշեց՝ դաշինքով:

Մուրադյանի պնդմամբ՝ Փոստանջյանի կարծիքը իրենց քննարկումների ընթացքում ընդամենը մեկ հոգի է պաշտպանել․ - «Նա պարտավոր էր ենթարկվել մեծամասնությանը: Ոչ թե կարող էր, այլ մեր կանոնադրությունն է դա պահանջում: Ինչպե՞ս կարելի է հակառակ դեպքում․ մեծամասնությո՞ւնը ենթարկվի փոքրամասնությանը․․․ Այդ դեպքում էլ ինչի համար էր քննարկումները և քվեարկությունները»:

«Ազատության» հետ զրույցում կուսակցության վարչության անդամը նաև մանրամասներ բացահայտեց․ եթե «Ժառանգությունը» միայնակ գնար ընտրությունների, Զարուհի Փոստանջյանը հնարավոր է գլխավորեր ցուցակը:

Մուրադյանի խոսքով՝ եթե Փոստանջյանը դեմ չլիներ դաշինքով մասնակցությանը, կարող էր լիներ «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքի ցուցակի առաջին եռյակում:

Նա չբացառեց, որ Զարուհուն հետևողներ, կուսակցությունից հեռացողներ էլի կլինեն՝ հույս հայտնելով, թե արտահոսքը մեծ չի լինի:

Մուրադյանի ընդունում է, որ «Ժառանգության» վարկանիշը կտուժի․ - «Եթե ես հիմա ասեմ, որ չի տուժի, սուտ կասեմ: Ես հենց սկզբում ասեցի՝ կտուժի: Բայց պետք է ավելի շատ աշխատել, որ Զարուհի նման կուսակցականի կորստով կուսակցությունը իր վարկանիշը առանձնապես շոշափելի չկորցնի»:

Հունվարին, հիշեցնենք, «Ժառանգություն» կուսակցությունից հեռացավ նաև վարչության անդամ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը: Նրա համար նույնպես անընդունելի էին Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ դաշինքային քննարկումները:

Ստեփան Սաֆարյանը «Ժառանգությունից» հեռացել է 2014-ին․ դեմ էր քառյակի ուժերի հետ համագործակցությանը:

Ե՚վ Զարուհի Փոստանջյանը, և՛ Անահիտ Բախշյանը, և՛ Ստեփան Սաֆարյանը առաջին անգամ խորհրդարանում հայտնված չորրորդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ են:

Ստեփան Սաֆարյանը կարծիքով, Փոստանջյանի հեռանալն անխուսափելի էր․ - «Զարուհին ինչի մասին խոսել է, դա նոր բան չէ: Պարզապես այլ բան է, որ մեզանից յուրաքանչյուրը՝ ես, Անահիտ Բախշյանը, Զարուհին, տարբեր ժամանակներում ենք համոզվել, որ ուղղակի այդ գիծը փոխել հնարավոր չէ: Զարուհին շարունակեց հավատալ, որ հնարավոր է փոխել քաղաքական գիծը և արեց այդ կապակցությամբ հայտարարություն, բայց ինքն էլ, կարծեք թե, համոզվեց, որ այդ գիծը փոխել հնարավոր չէ՝ եթե այդ գծի սահմանողներից մեկը հենց Րաֆֆի Հովհաննիսյանն է: Մենք երբևիցե չենք նայել այնպիսի շրջանակների հետ համագործակցությունը, որոնք մեր գաղափարական դաշտից հեռու են: Երբեք չենք դիտարկել: Սա է եղել գիծը»:

Այս ընտրություններում «Ազատ դեմոկրատների» ցուցակում հայտնված Ստեփան Սաֆարյանը «Ժառանգության» որդեգրած «նոր գծի» հաջողությանը չի հավատում․ - Եվ եթե նախկինում հայտարարվում էր, որ պետք չէ ընդամենը մի քանի մանդատ ունենալ խորհրդարանում՝ թեկուզև «Ժառանգության» անվան տակ, և պետք է մեծ դաշինքի խնդիր լուծել, ակնհայտ է, չէ՞, որ այդ մեծ դաշինքը չի ձևավորվել․․․ Ապրիլի 3-ին ակնհայտ կլինի, որ միգուցե նաև լավագույն դեպքում խոսքը մի քանի մանդատի մասին է լինելու: Ստացվում է, որ անգամ Զարուհու ասածին հակադրվելու դեպքում ստացվում է այն արդյունքը, որ կարող էր ստացվել թեկուզև Զարուհու գծի դեպքում, բայց՝ «Ժառանգության» անվան ներքո»:

«Աստված տա, որ մեր կուսակցության մեծամասնությունը սխալված չլինի», - ասաց Սուսաննա Մուրադյանը՝ շարունակելով․ - «Բայց եթե նույնիսկ սխալվի․․․ սխալները նույնպես կուսակցական գործունեության մեջ լինում են: Հենց սխալների վրա էլ սովորում ենք մենք և՛ կյանքում, և՛ աշխատանքում, և կուսակցական գործունեության մեջ: Բայց այլ ճանապարհ եթե գտնեինք մենք՝ ավելի օպտիմալ լուծումով, հաստատ կընտրեինք այդ այլ ճանապարհը: Բազմաթիվ քննարկումներից հետո որոշեցինք դաշինքով մասնակցել, որպեսզի կարողանանք փոփոխություն բերել, ոչ թե մի քանի մանդատի խնդիր լուծել: Որովհետև մանդատը, այսպես թե այնպես, արդեն ինքնանպատակ բան է ստացվում՝ հինգ կամ յոթ մանդատ ունենալը»:

Նա համաձայնեց դիտարկմանը, որ որոշման մեջ արտահայտվել են «Ժառանգության» ֆինանսական դժվարությունները:

XS
SM
MD
LG