Մատչելիության հղումներ

Փորձագետները իրատեսական են համարում Հայաստանը Ռուսաստանին կապող այլընտրանքային ճանապարհների բացումը


Լարսի անցակետը ձմռանը
Լարսի անցակետը ձմռանը

Պաշտոնական Մոսկվան ու Թբիլիսին սկսել են նորից բանակցել Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներով կոմունիկացիոն ուղիների վերաբացման և փոխադարձ առևտրի զարգացման շուրջ՝ փորձելով վերակենդանացնել դեռ 2011-ին կնքված «Առևտրային միջանցքների» պայմանագիրը։ Եթե համաձայնությունը կյանքի կոչվի, ապա առևտրային երկու միջանցքներ կանցնեն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով։ Փորձագետների կարծիքով, այս դեպքում կարևոր է քաղաքական հարցերը զատել տնտեսականից։ Հայ, ռուս և վրացի մասնագետներն այսօր տեսակամուրջի միջոցով քննարկում էին ծավալել։

«Հարավային Կովկասում այսօր երեք գլխավոր սահման փակ է՝ հայ-ադրբեջանականը, հայ-թուրքականը և ռուս-վրացականը։ Պարզ է, որ դրանցից մեկի բացումը՝ օրինակ ռուս-վրացականի, իհարկե մթնոլորտ կփոխի։ Կարևոր է, թե սա ինչ հանգուցալուծում կունենա», - ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ շարունակելով․ - «Աբխազական երկաթգիծը մանրամասն քննարկվում էր և վրացական կողմն էլ դրական էր տրամադրված, սակայն վերջում հարց բարձրացվեց. արդյո՞ք Աբխազիան որպես հավասար է մասնակցելու գործընթացին։ Այս հարցից հետո ամեն ինչ մեխանիկորեն դադարեց։ Այստեղ կարևոր է՝ կողմերը քաղաքական հարցերը կթողնե՞ն լուսանցքից այն կողմ, թե՞ ոչ։ Ես սա ասում եմ, որովհետև ամբողջ տարածաշրջանում և հետխորհրդային տարածքում մի կարծիք է գերիշխում՝ եկեք կոնֆլիկտը լուծենք, հետո կհամագործակցենք»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հավելում է․ - «Հայ-թուրքական արձանագրությունները ևս հարաբերությունների բարելավմանն էին ուղղված, սակայն այնտեղ քիչ ուշադրություն էր հատկացվում տնտեսական բաղադրիչին։ Եվ դա էլ իր դերը խաղաց։ Ռուսական և վրացական կողմը պետք է այնպիսի մեխանիզմ մշակեն, որ ընդունելի լինի ոչ միայն երկու երկրների, այլ ներգրավի ուրիշ խաղացողների ևս»:

Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, անհրաժեշտ է, որ գործի հակառակ տրամաբանությունը, այսինքն համագործակցություն սկսվի, վստահության մթնոլորտ ստեղծվի, հետո արդեն կոնֆլիկտը լուծվի։

Ռուսաստանի ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևի կարծիքով, դեռևս 2011-ին կնքված համաձայնությունը այժմ հիշելու և տարիներ անց դրան անդրադառնալու համար օբյեկտիվ պատճառներ են ստեղծվել։ Առաջին հերթին դա ռուս-վրացական օր-օրի աճող առևտրաշրջանառությունն է․ - «Տարբեր գնահատականներով վրացական առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանը երկրորդ կամ երրորդ տեղն է զբաղեցնում։ Նոր իշխանության հետ Վրաստանում ավելի հստակ է դառնում պրագմատիկ մոտեցումը, և օրակարգում քաղաքական տարաձայնություններից վեր՝ տրանսպորտային կապերի վերականգնումն է»:

Կովկասյան տուն վրացական ֆոնդի տնօրեն Գեորգի Կանաշվիլին ասում է՝ վրացական կողմը ևս կողմ է նախագծի կյանքի կոչմանը։ Կանաշվիլիի խոսքով առևտրային նոր միջանցքների շուրջ սուր քննադատություն ընդդիմության ներկայացուցիչները չեն հնչեցնում և իշխանության հետ գրեթե համակարծիք են։ Արդեն մի քանի տարի է՝ Վրաստանում ռուսամետ տրամադրություններն են գերիշխում՝ ասում է վրացի փորձագետը։

«Վերջին հինգ տարիներին մենք նկատում ենք այդ հարաբերությունների ռացիոնալացում։ Օրինակ՝ վրացական դիվանագիտության ակտիվացումը, տնտեսական հարաբերությունները, էմբարգոն շատ վրացական ապրանքների վրայից հանվեց, լրտեսների ազատ արձակումը բանտերից։ Ցավոք ռուսական կողմը դեռ պատրաստ չէ վրաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացում սահմանել, սակայն գործընթացը հեշտացվել է և շատ վրացիներ են այսօր Ռուսաստան մեկնում», - նշում է Գեորգի Կանաշվիլին:

Հայ փորձագետների կարծիքով նախագիծը ռուս-ամերիկյան, կամ վրաց-ամերիկյան հարաբերությունների վրա էական ազդեցություն չի ունենա, Հայաստանն ու Վրաստանը Ռուսաստանին կապող նոր առևտրային ճանապարհների բացմանը, սակայն, կարող են փորձել խոչնդոտել Թուրքիան ու Ադրբեջանը։

«Թուրքիան, իհարկե, հետաքրքրված է, որպեսզի զարգանա Բաքու-Թբիլիսի-Թուրքիա ճանապարհը։ Ադրբեջանի արձագանքը ևս բացասական կլինի։ Այստեղ կարևոր է Իրանի գործոնը և այլ հարց է, եթե Իրանն է միանում։ Եվ բեռնափոխադրումների ծավալն այս դեպքում այլ կլինի, 80 միլիոնանոց շուկա, և Իրանով ու Հայաստանով այլ երկրներ են միանում այս շղթային։ Ադրբեջանը Վրաստանից պետք է պրագմատիկ լինել սովորի. ոչ թե առջևում սայլը դնել, հետո ձիերին, այլ սկսել համագործակցել, սկսել շփվել», - ասում է Ստեփան Գրիգորյանը:

Վրաստանը միակ պետությունն է, որ ցամաքային ճանապարհով կապում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հետ և հայ մասնագետների կարծիքով առևտրային նոր միջանցքները նաև Հայաստան-Ռուսաստան երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հնարավորություն կարող են ստեղծել։

Լարսի ճանապարհահատվածում եղանակային պայմաններով սահմանափակումները հաշվի առնելով, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին օրերս տրանսպորտի նախարարին հանձնարարեց ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և կառավարությանն այլընտրանքային երթուղիների առաջարկներ ներկայացնել մինչև մարտի 1-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG