Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը այսօր ժամանել է Իրաք: Այցի մասին նախապես չէր հայտարարվել: Այցելության նպատակն է կենտրոնացնել ջանքերը «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում: Բայց Բաղդադում Պենտագոնի ղեկավարի առաջին մեկնաբանությունները Իրաքի առաջնորդների մտահոգությունները փարատելն էր՝ կապված ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հայտարարությունների հետ: Նախընտրական շրջանում Թրամփն ասել էր, թե ԱՄՆ-ի ռազմական աջակցության դիմաց որպես փոխհատուցում պետք է վերցնել Իրաքի նավթը:

Բաղդադում Ջեյմս Մատիսն այսօր ասել է, թե ԱՄՆ-ը Իրաքում նրա համար չէ, որ վերցնի որևէ մեկի նավթը:

Ինչ վերաբերում է Իրաքում «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարին, ապա Պենտագոնի ղեկավարի այցի նախօրեին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է Մոսուլ քաղաքը զինյալներից ազատելու գործողության նոր փուլի մասին:

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ Իրաքի զորքերը ԱՄՆ-ի օդուժի ավիահարվածների օժանդակությամբ արդեն չորս ամիս է մարտական գործողություններ են վարում երկրի հյուսիսում գտնվող այդ մեծ քաղաքն ազատելու համար:

Մոսուլի միջով է անցնում Տիգրիս գետը: Տիգրիսի արևելյան ափն արդեն ազատագրված է, սակայն գետի արևմտյան ափի թաղամասերը մնում են իսլամիստ զինյալների վերահսկողության տակ: Զինյալների հսկողության տակ է գտնվում նաև Մոսուլի օդանավակայանը, սակայն Իրաքի կառավարական զորքերը հարավային ուղղությամբ նոր դիրքեր են գրավել ու այդ բարձունքներից օդանավակայանը արդեն երևում է և հասանելի է հրետանու համար:

Փետրվարի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները բանակցություններ են վարում թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Եվրոպայում: Պենտագոնի ղեկավարի Իրաք կատարած անակնկալ այցելության օրը Բրյուսելում Եվրամիության և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը: Նա այստեղ է ժամանել Մյունխենից, որտեղ մասնակցում էր անվտանգության հարցերով միջազգային համաժողովին: Մյունխենում նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն եղել է և կլինի Եվրոպայի դաշնակիցը, ինչպես նաև ասել էր, թե Ամերիկան անվերապահորեն աջակցում է ՆԱՏՕ-ին:

Նրա խոսքերը եվրոպական որոշ առաջնորդների մոտ փարատել են մտահոգությունները, կապված Թրամփի նախկին հայտարարությունների հետ, սակայն Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն նկատել է, որ ԱՄՆ-ի փոխնախագահը Մյունխենում ոչ մի անգամ չի ասել Եվրամիություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG