Մատչելիության հղումներ

«Խաղաղության այլընտրանքային ծրագիր», որից բոլորը հրաժարվում են


Դոնեցկ, պարետային ժամ:
Դոնեցկ, պարետային ժամ:

Մոսկվան պնդում է, որ Ղրիմի կարգավիճակը քննարկման ենթակա չէ:

The New York Times պարբերականի պնդմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենն աջակցել է ուկրաինացի ռուսամետ օրենսդիր Անդրիյ Արտեմենկոյի կազմած «Ուկրաինայում խաղաղություն հաստատելու այլընտրանքային ծրագիրը» Սպիտակ տուն փոխանցելու հարցում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ հաղորդագրությունն անվանել է «անհեթեթություն, որի մասին չարժե խոսել»:

Մինչդեռ, The New York Times-ը գրել է, որ Արտեմենկոյի հեղինակած ծրագիրը փոխանցվել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինին՝ նախքան վերջինիս սկանդալային հրաժարականը:

Արտեմենկոն հավաստիացնում է, որ ունի Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կոռուպցիոն գործունեության մասին վկայող փաստեր: Իսկ փաստաբան Քոհենը, ի դեպ, քննիչների ուշադրության կենտրոնում է, քանի որ կասկածվում է ռուսաստանյան գաղտնի ծառայությունների հետ կապեր ունենալու մեջ: Նա հերքում է մեղադրանքը:

The New York Times-ը գրում է, որ Արտեմենկոն իր «խաղաղության այլընտրանքային ծրագրում» Մոսկվային առաջարկում է դուրս հանել զորքը Դոնբասից, իսկ Կիևին առաջարկում է հանրաքվեի դնել Ղրիմը Ռուսաստանին 50-100 տարով վարձակալության հանձնելու խնդիրը:

Ըստ Արտեմենկոյի, այդ երկու պայմանների կատարումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, իբր, թույլ կտա չեղարկել Ռուսաստանի նկատմամբ Ղրիմի բռնակցման համար ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները:

Արտեմենկոն, ըստ The New York Times-ի, ասել է, որ իր ծրագիրն ունի երկու նպատակ՝ դադարեցնել պատերազմն Ուկրաինայի արևելքում և նպաստել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը:

«Դրան կարելի է գրչի մեկ հարվածով հասնել», - հայտարարել է Արտեմենկոն:

Պուտինի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան այդ ծրագրի մասին տեղեկություն չունի, պնդել է, որ ռուս զինծառայողներ Ուկրաինայի արևելքում չկան, և ավելացրել, որ Ռուսաստանը Ղրիմի կարգավիճակը որևէ երկրի հետ քննարկելու մտադրություն չունի․ - «Ինչպե՞ս կարող է Ռուսաստանը վարձել իր իսկ տարածքը»:

Մինչդեռ, փաստաբան Քոհենը պնդում է, որ ինքն անձամբ Արտեմենկոյի կազմած ծրագիրը հասցրել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ֆլինի գրասենյակ:

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին հայտարել է, որ Գերագույն ռադայի ընդդիմադիր օրենսդիր Արտեմենկոն «չունի Ուկրաինայի անունից խաղաղության ծրագիր առաջարկելու իրավունք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG