Մատչելիության հղումներ

Կասյանով․ Պուտինի հրամանագիրն անհնար է դարձնում Մինսկի համաձայնագրերի իրագործումը


Միխայիլ Կասյանովը ելույթ է ունենեմ ՊԱՌՆԱՍ կուսակցության համագումարում: 17-ը դեկտեմբերի, 2016 թ․
Միխայիլ Կասյանովը ելույթ է ունենեմ ՊԱՌՆԱՍ կուսակցության համագումարում: 17-ը դեկտեմբերի, 2016 թ․

Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահի հրամանագիրը «Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների անձնագրերի ճանաչման մասին մարդասիրական նկատառումներով է թելադրված և չի հակասում Մինսկի համաձայնագրերին»:

Դոնբասի շրջափակման հետևանքով հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց անձնագրերն ու այլ փաստաթղթերը ձևակերպելու և երկարացնելու հնարավորություն չունեն: Պուտինի հրամանագիրը, Պեսկովի պնդմամբ, չի հակասում միջազգային նորմերին և չի նպաստում իրավիճակի սրմանը։

Ըստ փետրվարի 18-ին ստորագրած հրամանագրի՝ «Ռուսաստանը ժամանակավորապես ճանաչում է Ուկրաինայի մաս կազմող այս տարածքների անձնագրերը, դիպլոմները, ամուսնության վկայականներն ու այլ փաստաթղթերը։ Ընդ որում, հրամանագրում ընդգծված է, որ Ռուսաստանը ճանաչում է Ուկրաինայի քաղաքացիների փաստաթղթերը, որ տրվել են Լուգանսկի և Դոնեցկի դե-ֆակտո իշխանությունների կողմից։

Փորձագետները նկատում են, որ այս հրամանագրով Կրեմլը մի կողմից ցույց է տալիս Ուկրաինայի արևելքի ռուսամետ անջատողականներին, որ աջակցում է իրենց, մյուս կողմից՝ ընդգծում է, որ այդ տարածքները Ուկրաինայի մի մասն են կազմում։ Ընդ որում, Ռուսաստանն այս փաստաթղթերն առանց այդ հրամանագրի էլ ճանաչում էր:

Ամեն դեպքում, այս հրամանագիրը վերջին օրերին ամենից շատ քննարկվող թեման է ռուսաստանյան համացանցում, իսկ օգտատերերից շատերը ստեղծված իրավիճակը համեմատում են 2008-ի ռուս - վրացական պատերազմից առաջ Աբխազիայում և Հարավային Օսիայում տիրող իրավիճակի հետ, երբ Մոսկվան մի կողմից ճանաչում էր դե-յուրե Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից ճանաչում էր այդ տարածքների գործող իշխանությունների կողմից տրվող փաստաթղթերը: Ավելին՝ ռուսաստանյան անձնագրեր էր տրամադրում Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին։

Ռուսաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Միխայիլ Կասյանովը իր բլոգում գրում է, որ Մոսկվան թեև ընդգծում է, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, սակայն ակնհայտ է, որ այս հրամանագրով անհնար է դառնում Մինսկի համաձայնագրերի իրագործումը:

Կասյանովի խոսքով, Պուտինը գնում է իրավիճակի սրացմանը այն բանից հետո, երբ Սպիտակ տունը ընդգծեց Կրեմլի պատասխանատվությունը Դրիմի բռնակցման հարցում:

«Մյունխենում անցած շաբաթ կայացած անվտանգության համաժողովին հնչեցին կոշտ հայտարարություններ Մոսկվայի հասցեին՝ Ուկրաինայի ճգնաժամի և Ղրիմի պատճառով»,- գրում է ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG