Մատչելիության հղումներ

Բանակցային գործընթացը կարծես թե կանգնել է․ ԼՂ արտգործնախարար


Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գնահատմամբ,2016 թվականի ապրիլին հակամարտության սրացումից հետո ղարաբաղյան բանակցային գործընթացը կանգ է առել:

«Գիտեք՝ բանակցային գործընթացում առկա իրավիճակը ձևավորվեց հիմնականում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում և դրան հետևած շրջանում, երբ Ադրբեջանը ձեռնարկեց բոլոր հնարավոր միջոցները՝ փորձելով աղավաղել հակամարտության էությունը, փորձելով, իր իսկ պատկերացրած հաղթանակից ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց ԼՂ արտգործնախարարը: - «Մենք համոզված ենք, որ բանակցային գործընթացը այլընտրանք չունի, դա ոչ միայն արցախյան կողմի տեսակետն է, դա, կարող ենք ասել, ընդհանուր հայկական տեսակետ է՝ 2 հայաստանյան պետությունների, և դա այն տեսակետն է, որը այսօր առաջ են մղում նաև համանախագահող երկրները և ողջ միջազգային հանրությունը: Այդ առումով Ադրբեջանը, իր ռազմական հռետորաբանությամբ, իր ոչ կառուցողական քայլերով, իրոք կարող ենք ասել, որ հայտնվել է եթե ոչ մեկուսացման մեջ, ապա մի իրավիճակում, որ խոսում է մի լեզվով, որը շատ խիստ տարբերվում է ողջ միջազգային հանրության լեզվից», - հավելեց նա:

2016-ի մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմից շուրջ մեկ տարի անց այս հարցում առաջընթաց չկա: «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով սահմանային իրադրությունը, Կարեն Միրզոյանը փաստեց․ - «Առաջընթաց չկա, և կրկին մեղավորը, դա գաղտնիք չէ, Ադրբեջանն է, որը իր իսկ ստանձնած պարտավորությունից հրաժարվում է, փորձում է ընտրովի մեկնաբանել ձեռք բերված պայմանավորվածությունները, փորձում է թելադրել միջազգային հանրությանը, միջնորդներին, հայկական կողմերին իր իսկ պատկերացումը, թե ինչպես պետք է ընթանա բանակցային գործընթացը, թե ինչպես պետք է իրագործվեն ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG