Մատչելիության հղումներ

Ահազանգեր կան, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխող Հանրապետականի ներկայացուցիչներն ու ևս մեկ ուժ քվեի դիմաց մարդկանց խոստումներ են տալիս, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ցուցակի երկրորդ համարը հանդիսացող նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ես ուզում եմ զգուշացնել հանրապետականներին՝ մենք ունենք ահազանգեր, որ մարդկանց տարել են, ուրիշ տեղ էլ են գրանցել և արդեն հանձնարարված է՝ կքվեարկես այստեղ այդ առավոտյան, հետո քեզ կտանենք մի ուրիշ տեղ: Մենք ունենք նման փաստ: Սա սիստեմ է, հրահանգ է, թե չէ՝ չգիտեմ», - նշեց Բագրատյանը: - «Մենք ունենք փաստեր, մամուլում հրապարակված՝ մեր մարդիկ մեզ զեկուցել են՝ հեռախոս բաժանելու փաստեր: Հեռախոսի խոստումներ՝ լսել եմ: Մենք նաև մեկ այլ կուսակցությունից նույնպես այդպիսի բաներ ունենք՝ խոստումներ: Մեզ ասել են՝ տեղում գյուղացիներին: Ես սա չեմ ուզում բարձրաձայնել հիմա: Բայց մենք հստակ ունենք փաստը, որ մոտեցել են մարդուն, ասել են՝ էսքան փողը Ձեզ չէր խանգարի», - հավելեց նախկին վարչապետը:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ քվեի դիմաց հեռախոսներ բաժանելու խոստումները եղել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Ոստիկանությունից «Ազատությանը» պատասխանեցին, որ իրենք նման ահազանգ չեն ստացել: Իսկ Բագրատյանն այսօր ընդգծեց, որ խախտումների մասին անվանական կբարձրաձայնեն ու քայլեր կձեռնարկեն, երբ ընտրակաշառքի փաստն արձանագրվի: «Ազատ դեմոկրատների» համապետական ցուցակի երկրորդ համարը հանդիսացող պատգամավորն ապրիլին թափանցիկ ընտրություններ չի ակնկալում․ - «Անբիծ ընտրություն չի լինելու: Ես գիտեմ, որ մարդկանց կաշառելու են, բայց հրաման պետք է տան, որ կաշառեն մինչև ընտրությունը: Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի տեղամասում այդ խախտումը չլինի»:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածու Բագրատյանը նաև տեղեկացրեց, որ ընտրությունների ընթացքում համագործակցելու համար մի տարի առաջ դիմել է 6 կուսակցության, բայց Հայ ազգային կոնգրեսի հետ համաձայնության հասնել չի հաջողվել, իսկ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանից ու «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Նիկոլ Փաշինյանից վերջնական պատասխան չի ստացել:

«Քոքոբելյանի հետ պայմանավորվեցինք․ տեսնում եմ՝ մարդը ռեսուրսները ավելի շատա դնում: Ասացի՝ Խաչի՛կ, արի՝ ես եմ առաջարկում, դու եղիր առաջին համարը, բայց դրա փոխարեն ֆրակցիայում ղեկավարը ես կլինեմ», - պատմեց նախկին վարչապետը:

2013-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն 2.15 տոկոս ձայն հավաքած և երրորդ տեղը զբաղեցրած Բագրատյանը պատրաստվում է «Ազատ դեմոկրատների» տարածքային ցուցակով առաջադրվել Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում:

«Երևանում հավաքել եմ 4.7 տոկոս: Նույնիսկ 2.35 տոկոսը, որ ինձ թողեցին, կազմում է 39 հազար ձայն: Այսօր, որպեսզի մենք 5 տոկոս հավաքենք՝ մասնակիցների թիվն էլ իջնում է, պետք է ընդամենը 70 հազար ձայն: Այնպես որ, հանգիստ եղեք՝ մեր շանսերը ավելի քան բարձր են: Ես մրցակից որպես անուն եմ տալիս միայն Հանրապետականից: Հակոբ Բեգլարյանին դրել են՝ հարգում եմ, բայց տեսնում եմ լուրջ մրցակից: Իմ կարծիքով, իմ պայքարի իմաստը դա է», - մանրամասնեց Բագրատյանը:

Նախկին վարչապետը այսօր նաև հայտարարեց, որ իշխանության գալու և առկա վիճակը փոփոխելու դեպքում իրենք կկարողանան ապահովել տարեկան 6.5-7.5 տոկոս տնտեսական աճ: Այդուհանդերձ, Բագրատյանը չի շտապում հրապարակել իրենց ծրագիրը: «Այն կներկայացվի միայն պաշտոնական հրապարակումից հետո, քանի որ նախկինում իմ գաղափարներն այլ կուսակցություններ իրենց են վերագրել», - հայտարարեց Հայ ազգային կոնգրես դաշինքով պատգամավոր ընտրված նախկին վարչապետը:

Գործող կառավարությունից՝ գործադիրի նախկին ղեկավարը սպասելիքներ չունի․ - «Գործող վարչապետը, գործող Հանրապետական իշխանությունը ներդրումները պատկերացնում են այսպես՝ կկանչենք մի ռուսահայի, կապիտալով ներդրում կանի: Ներդրումները ներքին խնայողությունների արդյունք են: Եվ ես չեմ կարողանում կառավարությունում էսօր բացատրել, որ միջավայրն այնպես արեք, որ նույնիսկ 100 դոլարանոց մարդը ներդրումներին մասնակցի: Ժողովուրդը մեր չի աշխատում մեր երկիրը շինելու վրա: Մեր երկիրը շինում են մի քանի օլիգարխ: Իրենց շինածն էլ տեսնում ենք: Օրը մեջ մի հատ մոլա բացվում: Ամեն մի մոլը, որ բացվումա, փակվումա 2,000 հատ խանութ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG