Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ Բելառուսում՝ «պորտաբույծների մասին դեկրետի» չեղարկման պահանջով


Բելառուս - Բողոքի ցույցը Գոմելում, 19-ը փետրվարի, 2017թ․

Կիրակի օրը Բելառուսի մի շարք քաղաքներում անցել են «պորտաբույծների մասին դեկրետի» դեմ բողոքի ցույցեր։ Բողոքի ակցիան մարդաշատ էր հատկապես Գոմել քաղաքում, որտեղ երթին մասնակցել է շուրջ 2 հազար մարդ։

Ցուցարարները հայտարարել են, որ եթե այդ դեկրետը չչեղարկվի, մարտի 25-ին նոր ակցիաներ կկազմակերպվեն։

2015 թվականին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ չաշխատող մարդիկ պետք է հարկ վճարեն պետությանը։ «Պորտաբույծների մասին դեկրետը» վերաբերում է այն մարդկանց, ովքեր տարվա ընթացքում աշխատել են վեց ամսից պակաս և չեն գրանցվել աշխատանքի բորսայում։ Հարկի չափը կազմում է 460 բելառուսական ռուբլի՝ 200 դոլարից ավելի։ Օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից, և արդեն մոտ կես միլիոն մարդ ստացել է «երջանկության նամակներ»՝ այդ հարկը վճարելու պահանջով։

Ուրբաթ օրը՝ փետրվարի 17-ին, բողոքի մարդաշատ ակցիա է անցկացվել նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Բողոքի ակցիաներին հնչել են նաև Լուկաշենկոյին պաշտոնանկ անելու կոչեր։ Բելառուսցիների երթը Մինսկում կազմակերպել էին նախկին քաղբանտարկյալներ Վլադիմիր Նեկլյաևը և Նիկոլայ Ստատկևիչը, ինչպես նաև ակտիվիստ Եվգենի Աֆնակելը։

Դիտորդները նկատում են նաև, որ Մինսկում կայացած բողոքի երթն ամենամարդաշատն էր 2010 թվականի դեկտեմբերի բողոքի ցույցերից հետո, թեև այս անգամ բողոքի երթին չէին միացել մի շարք հայտնի քաղաքական կառույցներ՝ «Բելառուսական ազգային ճակատ» կուսակցությունը, «Հանուն ազատության» շարժումը։

Բելառուսի փորձագետների կարծիքով՝ վերջին տարիներին երկրի իշխանությունները սկսել են ավելի մեղմ արձագանքել ընդդիմադիրների ակցիաներին, սակայն կանխատեսել, թե ինչ զարգացում կունենա բողոքի այս ալիքը, ինչ կձեռնարկի Բելառուսի իշխանությունը ի պատասխան այս երթերի, հնարավոր չէ։

XS
SM
MD
LG