Մատչելիության հղումներ

Եվրամիությունը 1 միլիոն եվրո բյուջեով զարգացման ծրագիր է սկսում Շիրակի մարզում


Պյոտր Սվիտալսկի, արխիվ
Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Ըստ Հայաստանում Եվրամիության դեսպանի, ծրագրի շրջանակներում նախատեսվում է կոնկրետ ոլորտների զարգացումից զատ նաև աշխատատեղեր ստեղծելու խնդիր լուծել:

Եվրամիությունը սկսում է ծրագրեր իրականացնել նաև Հայաստանի մարզերում, և այդ ծրագրերի մեկնարկը տրվում է Շիրակի մարզում: 1 մլն եվրո բյուջեով դրամաշնորհային ծրագրով ԵՄ-ն նպատակ ունի զարգացնել մարզի «մշակութային ու ստեղծարար» ոլորտները:

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, կարևորելով տարածքային համաչափ զարգացումը, նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է կոնկրետ ոլորտների զարգացումից զատ՝ նաև աշխատատեղեր ստեղծելու խնդիր լուծել:

«Այս ծրագիրն այստեղ՝ Շիրակում կստեղծի 90 նոր աշխատատեղ, միևնույն ժամանակ, աջակցություն կտրամադրվի 180 տարբեր մարդկանց գործունակության, ինչպես նաև որոշ ընկերությունների մրցունակության ամրապնդմանը: Կհարցնեք՝ այդ գումարով հնարավո՞ր է իրավիճակ փոխել: Իհարկե, պետք է իրատես լինենք․ սա մի կաթիլ է այս մարզի կարիքների օվկիանոսում: Թեև հավատացած եմ՝ այս ծրագրերը կունենան նաև դոմինոյի էֆեկտ: Մենք սա առաջին անգամ ենք անում, սրանք մարզային զարգացման ծրագրեր են, և մեծ հույսեր ունենք, որ կհաջողեն: Եթե հաջողեն, կարծում եմ, այս մարզում ԵՄ-ն ամբողջությամբ պատրաստ կլինի շարունակել ներդրումներն ավելի մեծ ծավալով»,- ասաց Սվիտալսկին:

Նա ասաց նաև, որ Շիրակի մարզում Եվրամիության կողմից ավելի շատ ներդրումներ անելու շուրջ իշխանությունների հետ քաղաքական համաձայնություն է ձեռք է բերվել: «Կա քաղաքական փոխհամաձայնություն այն հարցի շուրջ, որ Շիրակն ավելի շատ ուշադրության է արժանի: Գաղտնիք չէ նաև, որ մենք սերտորեն հսկում ենք «Կումայրի» ծրագրի իրականացման սկիզբը, որը կառավարությունն ու Կենտրոնական բանկն են նախաձեռնել: Կարծում ենք, որ զբոսաշրջությունն էլ կարող է մեծ ապագա ունենալ այս մարզում»,- շարունակեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Վերջինս անդրադարձավ նաև ծրագրի իրականացման վերահսկողությանը, որի նպատակն է՝ տրամադրվելիք միջոցները նպատակին ծառայեցնելը: Պյոտր Սվիտալսկին ասաց, որ Եվրամիությունը դրամաշնորհի հատկացման ու վերահսկման բավական խիստ ընթացակարգեր է սահմանել: Իսկ թե ինչու է ծրագրի մեկնարկի համար ընտվել հենց Շիրակի մարզը, ԵՄ դեսպանն այսպես պարզաբանեց՝

«Հիմնական պատճառն այն է, որ տարբերությունները, անհամաչափությունը Երևանի ու Շիրակի մարզի, կամ Գյումրիի միջև զգալի է: Մյուս կողմից՝ Գյումրին երկրի երկրորդ քաղաքն է, հրաշալի պատմությամբ: Նաև շատ եվրոպական քաղաք է մշակության ժառանգության տեսանկյունից: Մենք այստեղ մեզ ավելի շատ ենք զգում ինչպես տանը: Սա միակ վայրն է Հայաստանում, որն ունի Եվրոպայի հրապարակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG