Մատչելիության հղումներ

Քաղհասարակությունը հակակոռուպցիոն խորհրդից գործուն քայլեր է ակնկալում


«Պետեկամուտների կոմիտեի պատրաստած փաստաթուղթն ավելի կոշտ է, քան քաղհասարակության ներկայացրածը», - այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում քաղհասարակության ներկայացուցիչներին հայտարարել է վարչապետը․ - «Հավատացեք ինձ, մեր ներքին տրամադրությունը փոփոխության շատ ավելի կոշտ ա, շատ ավելի խորն ա ու շատ ավելի ֆունդամենտալ»:

Բարձրացված 4 հարցերից մեկը պետգնումների ոլորտում առկա կոռուպցիան է։ Տարիներ շարունակ ոլորտն ուսումնասիրող Արտակ Մանուկյանը վարչապետի գործելաոճը «պրակտիկ» է գնահատում, առաջարկությունների մեծամասնությունն ընդունվել է․ - «Ինչը, իհարկե, չի նշանակում, որ կյանքը դրանից հետո միանգամից ավելի արդյունավետ ա լինելու և այլն, բայց ընդամենը նշանակում ա, որ մենք կարող է հնարավորություն ունենք օրենսդրությունը մի փոքր լավացնելու»:

Փորձագետի կարծիքով, գլխավոր խնդիրն ընդունած օրենքների ու որոշումների կիրառությունն է։ Պատժելիության մեխանիզմն է պետք կիրառել․ - «Գնումների ինդիկատորը դա պատժելիությունն ա: Այսինքն, եթե աճ՝ կոռուպցիոն ռիկսերի բացահայտում, և օրենսդրությունը հասկանում ենք, որ թույլ ա տալիս, և դու չես պատժում, դրանով երբեք գնումների համակարգի արդյունավետությունը երբեք չես կարող բարձրացնել»:

Գնման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ ունենք նաև գնումը հիմնավորելու խնդիր։ Մանուկյանի ձևակերպմամբ՝ յուրաքանչյուր «ինչու»-ին պետք է հաջորդի հիմնավորող «որովհետևը»․ - «Օրինակ, լեհական կոնֆետները: 2009 թվականին ֆինանսական ճգնաժամ, պատկերացրեք բոլորիս ասում են գոտիներդ ձգեց, մեկ էլ նայում եք՝ Պետական եկամուտների կոմիտեն 3 տոննա լեհական կոնֆետ ա ձեռք բերում 917 աշխատողի համար: Ռացիոնա՞լ ա, որ կուտեն: Իհարկե, կուտեն էս 3 տոննա կոնֆետը, բայց ի՞նչն խանգարում, որ լեհականի փոխարեն, օրինակ, լիներ «Գրանդ քենդի»․․․ Հարցեր, որոնք որ պետք ա պատշաճ հսկողության դեպքում բարձրաձայնվեն, ինչը, ցավոք, չի իրականացվել մինչև օրս»:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն այս ձևաչափով գործում էր դեռ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք՝ 2015 թվականից։ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ խորհուրդը երկրորդ նիստն է գումարում։ Փոքր և միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը դժգոհում է, որ Կառավարության կազմում ամեն փոփոխությունից հետո խնդրի քննարկումը սկսում են զրոյից, և տուժում է հարկատուն․ - «Շատ հարցեր, որ նախորդի հետ քննարվել ա, ինչ-որ միջինացված տարբերակի ա էկել կան ինչ-որ կոմպրոմիսի, մենք այդ հարցը դնում ենք մի կողմ, նորից ենք սկսում: Իսկ դա ժամանակի կորուստ ա: Էդ ընթացքում բիզնեսը, ինքը առողջ օրգանիզմ ա, չի սպասում, էդ ընթացքում ինքը մաշվում է, էդ ընթացքում իրա մոտ խնդիրներ ա լինում, էդ ընթացքում իրա մոտ, ցավոք սրտի, առաջանում են նաև մտքեր երկիրը լքելու մասին»:

Փոքր ու միջին գործարարները ակտիվ հարկատուների 80-90 տոկոսն է։ Նրանց վերաբերող խնդիրները թեկուզ փոքր են, բայց համատարած, արագ լուծումներ փորձագետը չի տեսնում․ - «Եթե մենք այսօր, ասենք, թե ՓՄՁ-ի շրջանում վերացել ա կոռուպցիան, տենց բան չենք կարող․․․ Եթե գոնե ասենք՝ լավ, փոքր մակարդակի են հարցրեը, որոնք էլի ՓՄՁ-ի մեծամասնությանն էին վերաբերում, էլի չենք կարող արձանագրել»:

Քաղհասարակության ներկայացուցիչներն այժմ սպասում են Կառավարության քայլերին, խորհուրդն արդյունավետություն ապացուցելու ու վստահություն ձեռք բերելու խնդիր ունի․ -

«Եթե վստահության դիտանկյունից նայենք, այսօր, ցավոք սրտի, այդ խորհուրդներից բացի, այլ հարթակ չունենք մենք շփվելու: Այսինքն հասարակական կառույցները: Եթե չվստահենք, ապա ի՞նչ անենք: Գնանք ավելի կոշտ քայլերի՞ և այլն․․․ դա էլ կառուցողական երկխոսության մաս չի», - ասաց Հակոբ Ավագյանը:

«Շատ կարևոր է հենց անձը, ոչ թե ինստիտուտները: Ցավով եմ սա ասում: Երբ որ մենք արդեն ինստիտուտներին տեղափոխվենք, կարելի է քննարկել ինստիտուտների արդյունավետությունը», - իր հերթին ասաց Արտակ Մանուկյանը:

XS
SM
MD
LG