Մատչելիության հղումներ

Փաստաբանի խոսքով, ՔԿՀ-ի «ապօրինի» պահվածքը քաղաքական որոշման արդյունք է: Նա մտադիր է բողոքարկել քրեակատարողական հիմնարկի գործողությունները՝ հասնելով ընդհուպ մինչև Եվրադատարան:

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանին «Արմավիր» քրեակատրողական հիմնարկում այսօր 5 ժամ սպասեցնելուց հետո արդեն երկրորդ անգամ չեն թողել հանդիպում ունենալ իր պաշտպանյալների հետ:

Շուշանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ թույլ է տվել, որ հատուկ սարքով զննեն իրեն, ինչպես նաև իր պաշտպանյալների համար բերած թերթերը: Սակայն, փաստաբանի խոսքով, այդքանով չբավարարվելով՝ փորձել են ստուգել նաև իր մոտ եղած նյութերը, ինչին Շուշանյանն ընդիմացել է՝ հղում անելով օրենքին:

«Ակնհայտ կերպով փորձ է արվում փաստաբանական գաղտնիք պարունակող փաստաթղթերի նկատմամբ ամեն գնով մատչելիություն ստանալ: Փաստաբանի մոտ գտնվող փաստաթղթերն անձեռնմխելի են, դրանց նկատմամբ որևէ մեկը մատչելիություն ունենալ չի կարող: Ես հարցրեցի՝ ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում իրենց կողմից ինձ մոտ առկա փաստաթղերը ստանալու ցանկությունը: Ինձ հայտնեցին՝ դե գիտեք ինչ, կարող ա դուք փորձում եք թմրանյութ ներս մտցնել, կամ տոպոգրաֆիկ քարտեզ»,- պատմեց Շուշանյանը:

Փաստաբանի խոսքով, իր մասնագիտական աշխատանքը խոչընդոտվել է, պաշտպանյալներն էլ զրկվել են իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից: Երեկ Շուշանյանն արդեն հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել գլխավոր դատախազին: Մտադիր է բողոքարկել քրեակատարողական հիմնարկի գործողությունները՝ հասնելով ընդհուպ մինչև Եվրադատարան:

«Միանշանակ, ես վստահ եմ, որ սա քաղաքական որոշում է, ու էս որոշմամբ փորձ է արվում լռեցնել իմ պաշտպանյալների՝ քաղաքական զարգացումներին արձագանքելու, հոդվածներով հանդես գալու իրավունքը»,- հավելեց փաստաբանը:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ընդունում է, որ փաստաբանը պետք է իր մասնագիտական գործունեությունն առանց խոչընդոտների իրականացնելու հնարավորություն ունենա: Նրա խոսքով, եթե կան օրենսդրական բացեր, դրանք պետք է կարգավորել, տեղում ծագած խնդիրներին էլ խոստանում է արագ արձագանքել: Միևնույն ժամանակ, Քրմոյանը, փորձելով արդարացնել ՔԿՀ-ի պահվածքը, նշում է՝ երբեմն փաստաբանների այցից հետո անցանկալի դեպքեր են արձանագրվում, ուստի և՝ վերջիններս չպետք է հրաժարվեն զննումից:

«Էլի ես ընդունում եմ՝ թող իր որոշակի նյութերը չդիտարկեն, բայց նաև արգելված իր, առարկաներ մուտքագրելու խնդիր կա: ՔԿ ծառայությունը խնդիր է բարձրացնում, ասում են՝ փաստաբանի այցելությունից հետո արգելված իր ենք հայտնաբերել: Օրինակ՝ կարող ա մի մասը սուբյեկտիվ լինի, ես չեմ ուզում փաստաբանական հանրությանը բացասական բան ասեմ, բայց նաև մարդկային գործոնը հաշվի չառնենք․․․»,- այսօր ասաց փոխնախարարը:

Օրեր առաջ նույնաբովանդակ պարզաբանում էր տարածել նաև Քրեակատարողական հիմնարկների վարչությունը: Սակայն, ուշագրավ է այն, որ կոնկրետ այս դեպքում Մուշեղ Շուշանյանը չի ընդվզել, և զննումը տեղի է ունեցել, թեև, դրանից հրաժարվելու իրավունք ուներ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ արդարադատության նախարարության պարզաբանումներն անհիմն են, իրավական տեսակետից էլ՝ «անգրագետ»: Սաքունցի պնդմամբ, «ակնհայտ ապօրինություն է» տեղի ունեցել, քանի որ փաստաբանի զննումը կամ խուզարկումը պետք է հիմնավորված լինի: Ավելին, ըստ իրավապշտպանի՝ արգելված իրերի բացահայտման մասին զրույցները վերացական են, քանի դեռ հստակ օրինակներ չեն նշվել:

«Հայտնաբերել եք, փաստի հիման փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի միջնորդություն ներկայացնեիք: Վերացական ․․․թե հայտնաբերել ենք: Դատախազները չէին կարող տանե՞լ [թմրանյութ], քննիչները չեն կարող տանե՞լ: Ես էլ ասում եմ՝ հենց դատախազներն են արգելված իրեր տանողները, հենց քննիչներն են: Առավել, քան վստահ եմ, որովհետև իրենց ընդհաննրապես չեն զննվում ՔԿՀ-ներում: Կոնկրետ Շուշանյանի դեպքում բացարձակապես որևէ հիմնավորում, զննության անցկացման համար, չի եղել: Դա ակնհայտորեն ոչ թե արհեստական, այլ քաղաքական հիմնավորված հետապնդում է»,- ասաց Սաքունցը:

Ոչ միայն փաստաբան Շուշանյանը, նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ, 8 ժամ անցկացնելով «Արմավիր» քրեկատարողական հիմնակում, Սեֆիլյանի բանտախցից մեկ ու կես մետր հեռավորության վրա՝ այդպես էլ չի կարողացել տեսակցել նրան: «Հայկական Ժամանակ» օրաթերթում Փաշինյանը մանրամասն նկարագրել է, թե ինչպիսի խոչընդոտներ են ստեղծել իր առջև քրեակատարողական հիմանարկի աշխատակիցները, որպեսզի հանդիպումը չկայանա:

Ի վերջո, նրան հաջողվել է դռան ետևից մի քանի բառ փոխանակել ինչպես Սեֆիլյանի, այնպես էլ Վարուժան Ավետիսյանի հետ, գրել է Փաշինյանը՝ հավելելով, թե գոհ է, որ գոնե այդ կերպ կարողացավ հաղթահարել Քրեակատարողական վարչության կողմից ԱԺ պատգամավորի նկատմամբ մի քանի ամիս կիրառվող «ցինիկ ապօրինությունը»:

«Ազատության» հետ զրույցում Փաշինյանն այսօր ասաց՝ չնայած այդ վերաբերմունքին, շարունակելու է այցերը քրեկատարողական հիմնարկներ: Իրավապաշտպան Սաքունցն, իր հերթին, պատգամավորի նկատմամբ նման վերաբերմունքը «խայտառություն» որակեց: «Հիմա ի՞նչ, որ Գալուստ Սահակյանը գնա կամ Սերժ Սարգսյանը գնա ՔԿՀ, զննության են ենթարկելու՞»,- հարց է տալիս իրավապաշտպանը:

Մարդու իրավունքների պաշտպանին ևս մտահոգել են ՔԿՀ-ներում փաստաբանների աշխատանքի խոչընդոտման փաստերը: ՄԻՊ գրասենյակի՝ երեկ տարածած հայտարարության մեջ ասված է՝ «Փաստաբանը պաշտպանված է նաև խուզարկությունից՝ իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս»: ՄԻՊ գրասենյակի աշխատակից Գոհար Սիմոնյանն էլ այսօր հավելեց, որ Արդարադատության նախարարությունից պահանջել են ներկայացնել փաստաբանին զննելու կամ խուզարկության ենթարկելու հիմքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG