Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանի համար նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը օրակարգում չէ․ Ղուլյան


Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ «Ազատությունը» զրուցել է ԼՂ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

«Ազատություն»․ - Այն մարդիկ, ովքեր քննադատում են այս փոփոխությունները, ասում են, որ դրանց նպատակն է, որպեսզի գործող նախագահ Բակո Սահակյանը հնարավորություն ունենա իշխել մինչև 2030 թիվը: Ի՞նչ կարող եք ասել այս քննադատությանը:

Աշոտ Ղուլյան․ - Պարզունակ հնարք է, որը օգտագործվում է սահմանադրական բարեփոխումների դեմ հիմնավոր փաստարկներ չունենալու պարագայում և նաև տեղեկատվական էֆեկտ առաջացնելու նպատակով:

Գիտեք, կարելի է ամեն ինչ ասել, և ես կարծում եմ, որ շատ լավ է, որ Ղարաբաղում այսօր կա երկրորդ կարծիք, կարելի է նաև խոսել այլ կարծիքների, այլ դիրքորոշումների մասին, բայց մենք չենք կարող այդպես շատ տեղ տալ ֆանտազիաներին կամ գուշակություններին, թե ինչ կարող է լինել, ինչ չի կարող լինել: Պարզապես, հաշվի առնելով այն, որ Արցախի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը բոլոր քաղաքական ուժերի նախաձեռնության արդյունքում է ծագել, հետևաբար չի կարող լինել այդպիսի նպատակ՝ իշխանությունը երկարացնելու համար, որովհետև շատ պարզ է՝ ամբողջ քաղաքական դաշտը չի կարող միավորվել այդպիսի նպատակի շուրջ: Ինչպես իմ գործընկերներից մեկը նկատել է իրավացիորեն, եթե նպատակը լիներ դա՝ իշխանությունը երկարաձգելը, ամենահարմար տարբերակը կլիներ պառլամենտական կառավարման մոդելը ընդունելը, որովհետև այս դեպքում երկար բացատրել պետք չէ, որ ցուցանակների փոփոխությամբ նույն կառավարումը կարելի էր շարունակել:

Մեր առաջարկած տարբերակում, փաստորեն ստացվում է, որ Արցախի Հանրապետության նախագահին անպայման մենք կարողանանք ընտրության միջոցով միայն որոշել: Առաջին դեպքում դա կարող է անել Ազգային ժողովը՝ ընտրությամբ, ձայների երկու երրորդով, երկրորդ դեպքում՝ ժողովուրդը:

«Ազատություն»․ - Այսինքն 2020 թվականից սկսա՞ծ:

Աշոտ Ղուլյան․ - 2020 թվականից՝ ժողովուրդը: Եթե որևէ մեկը կասկածում է Արցախի ժողովրդի ընտրության արդարացիության վրա, դա արդեն իր խնդիրն է։

Եվ վերջինը՝ կարծում եմ շատ մեծ հնարամտություն է պահանջվում երկարատև հեռանկարի վրա կանխատեսումներ անելը: Ես, օրինակ, դժվարանում եմ ասել՝ ինչ կլինի 2020 թվականին, հաշվի առնելով մեր օրերի քաղաքական զարգացումների և՛ նախադրյալները, և՛ հետևանքները:

Եթե որևէ մեկը կարող է մինչև 2030 թվականը դա անել, ես կարծում եմ, որ դա ավելի նման է բախտագուշակության:

«Ազատություն»․ - Դուք, օրինակ, խոսե՞լ եք Բակո Սահակյանի հետ, հետաքրքրվե՞լ եք՝ նպատակ ունի՞ առաջադրվել որպես նախագահի թեկնածու, թե ոչ: Օրինակ նախորդ նախագահը՝ Արկադի Ղուկասյանը, երկրորդ ժամկետից հետո այլևս չառաջադրվեց, թեև կարծես նման հնարավորություն ուներ: Այս տարբերակում ի՞նչ կարող եք ասել:

Աշոտ Ղուլյան․ - Մենք այդպիսի խնդիր չունենք: Եվ ոչ միայն այդ հարցով՝ ընդհանրապես ապագայում ինչ է լինելու, ինչպես է լինելու, ով որտեղ է լինելու: Այս հարցերը, չեմ կարծում, որ այսօր օրակարգում են: Եվ ոչ միայն նախագահի հետ, այլև ընդհանրապես մենք քաղաքական կուսակցությունների հետ նման հարցեր չենք քննարկում, որովհետև թիվ 1 խնդիրը այսօր սահմանադրության հանրաքվեն է: Երբ ժողովուրդը կողմ արտահայտվի սահմանադրության ներկայացված տարբերակին, հետագա քաղաքական զարգացումները շատ հստակ ցույց են տալու, թե ինչպիսի հնարավորություններ կունենանք մենք։ Արցախում միշտ էլ առաջին տեղում եղել է օրինապաշտությունը, և քանի որ հարցրեցիք՝ նախագահին հարցրել ենք, թե չէ, պարզապես ասեմ, որ ոչ թե ես եմ հարցրել, այլ Ձեր ասած մարդիկ են հարցրել նախագահին և բոլորի ներկայությամբ: Թող իրենք պատասխանեն: Հիմա կարելի է ցանկացած բան հնարել, թե ինչ է պատասխանել: Դա եղել է բոլոր պատգամավորների ներկայությամբ և նախագահը շատ հստակ պատասխանել է, որ իր համար այդ հարցը այսօր օրակարգում չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG