Մատչելիության հղումներ

Խորենացի փողոցի մսամթերքի շուկայում խախտումներ են արձանագրվել


Խորենացի փողոցի մսամթերքի շուկայի վաճառակետերից մեկում
Խորենացի փողոցի մսամթերքի շուկայի վաճառակետերից մեկում

Մսավաճառները նշում են, որ 10 տարվա ընթացքում իրենց վաճառակետերում մսի վաճառքի ծավալները մոտ եռակի նվազել են:

Երևանի Խորենացի փողոցի վրա գտնվող մսամթերքի շուկայում անցկացված ստուգումներից հետո որոշ վաճառակետեր փակվել են։ Սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ ապահովելու նպատակով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակ է տվել տնտեսվարողներին։ «Սկսել ենք վերանորոգել կետերը»,- ասում էին մսավաճառները:

Առավել շատ են արձանագրվել մսի պահման պայմանների հետ կապված խախտումները: Եվ մինչ տնտեսվարողներից մեկն արդարանում էր, թե վաճառակետի ետնամասում միայն շների համար են միս մշակել, ոչ թե մարդկանց, ծառայության Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ Արշակ Ավետիսյանն ասաց՝

«Այս կետում իրականացվել է դիտարկում, տեսուչները նկատել են, որ այս սանիտարահիգիենիկ պայմաններում միս է մշակվում։ Հանձնարարվել է վերացնել խախտումները։ Երբ կվերացնեն, կշարունակեն աշխատել»: Մսավաճառին հարց ուղղեցինք՝ «Այս ողջ տարածքը միայն շան կերի համա՞ր եք օգտագործել»։ Պատասխանեց՝ «Ստեղ սառնարան ենք կառուցում, ուղղակի ընթացքում ենք կառուցում»:

Ստուգումներ են իրականացվել նաև միս և մսամթերք փորձաքննող կազմակերպություններում ու դարձյալ խախտումներ են արձանագրվել։ «Օրինակ՝ բժիշկների այցելության ժամանակ եզրակացության թերթիկների վրա նկատվել են բացթողումներ։ Դրոշմակնիքների հետ կապված կոպիտ խախտումներ են լինում»,- ասաց Արշակ Ավետիսյանը: Ըստ պաշտոնյայի՝ լինում են նաև դեպքեր, երբ անասնաբույժը և տնտեսվարողը որոշ հարցերում ներքին համաձայնության են գալիս, ինչն էլ հանգեցնում է տարբեր խախտումների։

Խորենացի փողոցում կան նաև վաճառակետեր, որոնք համապատասխանում են պահանջվող սանիտարահիգիենիկ չափանիշներին։ Բայց դրանցում աշխատողներն էլ դժգոհում են, որ տարածքը չի մաքրվում՝ «Մենք էսքան ծախս ենք անում, թող մի քիչ էլ իրենք ծախս անեն, աղբահանություն իրականացնեն»:

Մսավաճառները նաև նշում են, որ խիստ նվազել է հաճախորդների թիվը: «2008 թվականին օրական 600-700 կիլոգրամ միս էի վաճառում, էսօր ամենաշատը՝ 200-250 կգ»,- ասում էր նրանցից մեկը:

«Ազատության» հետ զրույցում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության Նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց՝ մսի իրացման շուկայում, իհարկե, դրական տեղաշարժ կա, «բայց առայժմ Հայաստանը հեռու է այդ առումով քաղաքակիրթ երկիր լինելուց»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG