Մատչելիության հղումներ

Փորձագետը չի բացառում, որ առաջիկայում Մոսկվան ԼՂ հարցում դարձյալ ակտիվություն ցուցաբերի


Քաղաքագետ Մանվել Սարգսյան, արխիվ
Քաղաքագետ Մանվել Սարգսյան, արխիվ

Մանվել Սարգսյանը դրական է գնահատում ՄԽ համանախագահների համատեղ հայտարարության այն հատվածը, որում հիշատակված են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովները:

Լեռնային Ղարաբաղում Փետրվարի 20-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել են, թե այդ հանրաքվեն որևէ ազդեցություն չի ունենա բանակցային գործընթացի վրա, հիշեցնելով, որ միջնորդ երկրները չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն: Համանման մի հայտարարություն է տարածել նաև պաշտոնական Մոսկվան:

համանախագահների՝ երեկ գիշերը տարածած հայտարարությունում նաև նշված է՝ «Համանախագահները տեղյակ են, որ Լեռնային Ղարաբաղում փետրվարի 20-ին անցկացվելու է այսպես կոչված սահմանադրական հանրաքվե։ Նկատի ունենալով հանդերձ, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները նման ընթացակարգի կիրառումը դիտարկում են որպես իրենց բնակչության հանրային կյանքը կազմակերպելու ջանք, համանախագահները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ոչ մի երկիր, ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն։

Համապատասխանաբար, համանախագահները չեն ընդունում փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող հանգամանք։ Համանախագահները նաև ընդգծում են, որ հանրաքվեի արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակվող բանակցությունների ելքը»:

2012 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունների կապակցությամբ ՄԽ համանախագահները հայտարարություն էին տարածել քվեարկության հաջորդ օրը, դրանում ընտրություններ բառը վերցված էր չակերտների մեջ և նշված էր, որ միջնորդներն «ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների կողմից իրենց բնակչության հանրային կյանքը նման ընթացակարգով ժողովրդավարական եղանակով կազմակերպելու ջանքերի անհրաժեշտությունը»։

Ռուսաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունն այսօր ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, թե Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեից։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն։

Մինսկի խմբի հայտարարությանը նախորդել էր Մյունխենում համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայացած Էդվարդ Նալբանդյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը: Մյունխենում, հիշեցնենք, այսօր մեկնարկել է անվտանգության հարցերով միջազգային համաժողովը:

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ քննարկվել են արտգործնախարարների հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն էլ տեղեկացնում է, որ համանախագահների հրավերով Նալբանդյանն ու Մամեդյարովը մասնակցել են ընթրիքի:

Համանախագահներն իրենց հայտարարության մեջ նաև վերահաստատել են՝ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և պատերազմը տարբերակ չէ: Միջնորդները կոչ են արել կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել և բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։

«Համանախագահները կողմերին ներկայացրեցին իրենց տեսակետն այն քայլերի շուրջ, որոնք պետք է կատարվեն 2016 թվականի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված որոշումների իրականացման համար՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը»,- ասված է հայտարարությունում:

Միջնորդները նաև շեշտել են, որ Հայաստանի իշխանությունների կողմից վերջերս ադրբեջանցի զինծառայողի դին Ադրբեջանին վերադարձնելը «մարդասիրական քայլ է»։ «Երկու արտգործնախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ խստորեն հետևելու միջազգային մարդասիրական պարտավորություններին»,- նշված է հայտարարության մեջ: Միջնորդները նաև հայտնում են, որ տարածաշրջան կայցելեն մարտին։

Քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանն այս հայտարարությունում նոր բան չի տեսնում՝ «Ավելի էական է այն հանգամանքը, որ իրենք նման հայտարարություն անելով՝ հենվում են այն բանի վրա, որ Հյաստանն էլ․․․Հայաստանի դիրքորոշումն է անընդհատ օգտագործվում»: Փորձագետը նկատում է, որ վերջերս շատ են շահարկում այն հանգամանքը, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ պաշտոնական Երևանն էլ կարծես թե չի նկատում դա: Քաղաքագետը, սակայն, դրական է գնահատում համանախագահների հայտարարության այն հատվածը, որում հիշատակված են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովները:

Փետրվարի 21 ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի հիմնական օրակարգային հարցերից է ղարաբաղյան հակամարտությունը: Մանվել Սարգսյանը չի բացառում, որ Մոսկվան առաջիկայում դարձյալ ակտիվանա և եռակողմ ձևաչափով նոր հանդիպումներ նախաձեռնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG