Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել


Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Գարեգին Արգամանյանի մահվան դեպքի առթիվ, հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«2017 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում՝ մարտկոցների լիցքավորման պահեստում, հայտնաբերվել է կապի վաշտի ռադիոդասակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Արայի Արգամանյանի դին: Նախնական տվյալներով՝ վերջինս մահացել է բենզոագրեգատի արտանետած շմոլ գազից: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ), կատարվում է նախաքննություն», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG