Մատչելիության հղումներ

Օհանյան․ Հանրապետական կուսակցության հետ համագործակցությունը անիմաստ կլինի


Սեյրան Օհանյանը, իր խոսքով, երկրի կառավարման հարցում տարաձայնություններից բացի, Սերժ Սարգսյանի հետ որևէ խնդիր չունի:

Միաժամանակ Պաշտպանության նախկին նախարարն այսօր հայտարարեց, որ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցության հետ իր առաջնորդած դաշինքը կոալիցիա չի կազմելու, ընտրություններից հետո չի համագործակցելու․ - «Նախագահի հետ ես որևիցե մի խնդիր չունեմ, բացի նրանից, որ մենք ունենք այլ տեսակետներ պետական կառավարման մեր համակարգը ձևավորելու և կառավարում իրականացնելու համար: Ինչ վերաբերում է համագործակցությանը. փոքր-ինչ տարբեր փոփոխությունները, ասենք, կոալիցիաների ձևավորումը, կամ տարբեր պաշտոնանկություններ, կամ նաև հրաժարականներ չեն արտահայտել այն ամենը, ինչը կբերի նոր կառավարման մշակույթի ձևավորմանը: Այսօրվա գործող իշխանական կուսակցությունները պետք է փոխվեն: Հանրապետական կուսակցության հետ համագործակցությունը անիմաստ կլինի, ոորվհետև կբերի նույն համակարգի մնալուն այսօրվա մեր իշխանության ղեկին»:

Իշխանությունից հեռանալուց հետո իր առաջին մամուլի ասուլիսում Ղարաբաղում և Հայաստանում շուրջ երկու տասնամյակ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Սեյրան Օհանյանը ստիպված եղավ հիմնականում անցյալի մասին խոսել: Կրկնեց՝ քաղբանտարկյալներ Հայաստանում կան, բայց նորից համառորեն հրաժարվեց անուններ տալ՝ անպատասխան թողնելով դիտարկումը, թե լինելով Պաշտպանության նախարար չի ընդունել, որ իր մարտական ընկերներ, ազատամարտիկներ Վոլոդյա Ավետիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը քաղաքական հայացքների համար են հետապնդվում․ - «Խորը հակասություն կա այսօր իշխանությունների և ժողովրդի միջև և վստահությունը, որը կա ժողովրդի կողմից հարուցված քրեական գործերի նկատմամբ․ մտածելու տեղիք է տալիս: Մենք ժողովրդին չհավատալու իրավունք չունենք, բայց ամեն ինչ մենք կանենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չլինեն: Ես և՛ Ժիրայր Սեֆիլյանին, և՛ Վոլոդյա Ավետիսյանին հարգում են, նրանք բոլորը մեր մարտական ընկերներն են: Քաղբանտարկյալներ հասկացությանը գնահատական տալու համար պետք է համապատասխան իրավական մարմինները տան, և այսօրվա գործող իշխանությունը պետք է տա»:

Ի դեպ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում է նաև Սարի թաղի գործով կալանավորված Անդրիաս Ղուկասյանը:

Մարտի 1-ին զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարած Սեյրան Օհանյանն ասում է, թե արյունալի իրադարձություններում բանակը ներգրավված չի եղել, բայց չպատասխանեց՝ մինչև մարտի 1-ը կամ հենց այդ օրը Երևանում զինվորների, զինտեխնիկա տեսե՞լ է․ - «Մնացած բոլոր խնդիրները այսօրվա իշխանության խնդիրներն են, և եթե մենք գանք անպայման իշխանության, անկասկած մենք ամբողջությամբ ավարտին կհասցնենք: Եվ եթե մենք պատասխանատու լինենք, ապա այդ պատասխանատվությունը մեր ժողովրդի առջև չափազանց պատասխանատու կերպով մենք կտանենք: Որպես գլխավոր շտաբի պետ, այն ժամանակ ես ենթարկվել եմ Պաշտպանության նախարարին»:

Այժմ Սեյրան Օհանյանի դաշնակից Րաֆֆի Հովհաննիսյանը 2015 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո նրա հրաժարականն էր պահանջում՝ հայտարարելով, թե Օհանյանը պետական հանցագործության է մասնակցել՝ զինվորներին ուղղորդելով քվեարկության․ - «Ուղարկելով Հայաստանի հպարտությունը հանդիսացող զինվորներին բաց, ուղղորդված, համատարած ստի, կեղծիքի քվեարկության: Ես պահանջում եմ Սեյրան Օհանյանի հրաժարականը»:

Այսօր Օհանյանն ասաց․ - «Տարեցտարի բանակում կատարվող աշխատանքի արդյունքում մենք կարողացել ենք մի այնպիսի աստիճանի հասնենք, որ Զինված ուժերը ապահովեն չեզոքությունը բոլոր քաղաքական գործընթացներում: Եվ այդ առումով իմ կողմից, նաև Զինված ուժերի ղեկավարության կողմից քաղաքական գործընթացներում, ընտրությունների ընթացքում որևիցե մի ուղղորդում չի եղել: Ես կարող եմ դա այսօր փաստել»:

Սեյրան Օհանյանի կենսագրության աղմկահարույց մեկ այլ դրվագ․ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը 2005 թվականին հայտարարել էր, որ Օհանյանն իրեն ծեծի է ենթարկել իր աշխատասենյակում, երբ Ղարաբաղի Պաշտպանության նախարարն էր:

«Անսխալական մարդիկ չեն լինում», - այսօր ասաց Օհանյանը: - «Իրոք, իմ աշխատասենյակում միջադեպ եղել է: Բաժակի մեջ թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ մենք երկարատև աշխատանք են ունեցել, հարաբերություններ ենք ունեցել»:

«Սասնա ծռեր»-ի գործողությունը Օհանյանը գնահատում է ճարահատյալ՝ անարդարությունից ու անհավասարությունից դրդված, բայց դեմ է զենքի գործադրմանը:

Նա պնդեց, որ ապրիլյան պատերազմում բանակն իր առջեւ դրած խնդիրն իրականացրել է՝ թույլ չտալով հակառակորդի խորը առաջխաղացում: Իսկ կորցրած տարածքները անհրաժեշտության դեպքում հետ հնարավոր է վերադարձնել: Այդ օրերին Զինված ուժերը գլխավորած Օհանյանն ասաց, թե միայն մասնագետները կարող են գնահատել՝ հնարավո՞ր էր արդյոք խուսափել 100-ից ավելի զոհերից:

Օհանյանը դեմ է եղել քառօրյա պատերազմից հետո բանակում Սերժ Սարգսյանի իրականացրած պաշտոնանկություններին․ - «Ե՛վ կապի ոլորտում և՛ հետախուզության ոլորտում Զինված ուժերը իրենց առջև դրված խնդիրները իրականացրել են: Իսկ նյութատեխնիկական ապահովման խնդիրների առումով նույն պարոն Միրզաբոկյանը բավականին լուրջ աշխատանք է տարել երկար տարիների ընթացքում՝ այդ ոլորտում արդարություն մտցնելու համար: Եվ չեմ կարծում, թե բանակն է այն կառույցը, այն միակ կառույցը, որը պետք է թիրախավորել, որպես կոռուպցիոն ռիսկերի, կաշառակերության տեղ»:

Պաշտպանության նախկին նախարարն այսօր անդրադարձավ նաև իր կնոջ հայտնի ֆոտոշարքերին, որոնք սոցիալական ցանցերում քննադատության են արժանանում ճոխության, թանկարժեքության համար: Օհանյանը վերջերս ինքն էր ասել, թե երկրի ունեցվածքը մի քանի մարկանց ձեռքում է կենտրոնացած: Այսօր նա արձագանքեց․ - «Գեղեցիկ լինելը, գեղեցկությունը չի կարելի համեմատել շքեղության հետ: Եթե գեղեցիկ ծաղիկներ են դրվում և գեղեցիկ հագուստ կա իմ տիկնոջ հագին, դա շքեղությո՞ւն է: Ես այդ տարիներին ապրել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված տանը, ութուկես տարի ծառայելուց հետո հանգիստ դուրս եմ եկել ու հիմա վարձով եմ ապրում»:

«Ընդդիմադիր լինելը հարաբերական է», - բացատրում էր Սեյրան Օհանյանը՝ այդուհանդերձ շեշտելով, որ ինչպես ժողովրդի մեծ մասը, ինքն էլ դեմ է այսօրվա իշխանություններին:

Նա ընդունում է իր սխալը․ կարող էր և ավելի շուտ լքել Սերժ Սարգսյանի թիմը, բայց ասաց՝ սահմանային լարված վիճակում գուցե ժողովուրդը դա որպես վախի դրսևորում ընկալեր:

XS
SM
MD
LG