Մատչելիության հղումներ

Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Հայաստանի սահմանի մոտ


Թուրքական բանակի տանկեր, արխիվ
Թուրքական բանակի տանկեր, արխիվ

Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Հայաստանի սահմանի մոտ՝ Կարսի գավառում: Պետական Anadolu գործակալության տեսանյութը ցույց է տալիս ձյան մեջ սքողված տանկերի, հրթիռային համակարգերի հրաձգություն, թիրախների ոչնչացում, մանևրող տեխնիկա, շարժվող տանկային միավորումներ, սպիտակ արտահագուստով զինծառայողների տարբեր ստորաբաժանումներ:

Թուրքիայի զինված ուժերի գրավոր հաղորդագրությունում, որը հրապարակել է Hurriyet Daily News-ը, նշված է, որ փետրվարի 14-16-ը ներառյալ եռօրյա զորավարժություններում ներգրավված են եղել 1378 զինվորականներ, 1281 տարբեր տեսակի սպառազինություններ և 330 միավոր ռազմական տեխնիկա: Զորավարժություններին մասնակցել են Թուրքիայի բանակի մոտոհրաձգային 14-րդ բրիգադը, ռազմաօդային ուժերի միավորումներ և բանակի ավիացիայի հրամանատարությունը:

Ձմեռային պայմաններում անցկացված այս զորավարժություններում փորձարկվել է էքստրեմալ պայմաններում կռվելու՝ թուրքական բանակի մարտական պատրաստվածությունը:

Թուրքիայի զինված ուժերի հաղորդագրությունում նշված է, որ զորավարժություններն անցկացվել են իրական մարտադաշատի բոլոր պայմաններին համապատասխան, որպեսզի ստուգվի զորախմբերի մարտական պատրաստվածությունը՝ ներառյալ հրաձգություն ձյան և խիստ ցուրտ եղանակային պայմաններում, բարձրացնելու կրակի և մանևրների փոխգործակցությունը, վարժեցնելու զորքին՝ հաղթահարելու ձմեռային պայմանների դժվարությունները՝ ինչպես տեղակայվել, հարմարվել, ինչպես սպասարկել տեխնիկան, փոխտեղակայվել:

Հաղորդագրությունում նշված է, որ զորավարժությունների նպատակն էր բարելավել անհատական և կոլեկտիվ ունակությունների մակարդակը, հրամանատարներին հնարավորություն տալ ձմեռային ծանր՝ Ցելսիուսի սանդղակով մինուս 25 աստիճանի պայմաններում զորքերը կառավարելու և դիմանալու անհրաժեշտ որոշումներ ընդունել ու իրականացնել, ամրապնդել միացյալ վարժությունները, փոխգործակցությունը այլ զորախմբերի հետ:

Ըստ հաղորդագրության՝ նման մասշտաբի զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև Թուրքիայի շատ վայրերում և Սիրիայում իրականացվող հակաահաբեկչական գործողությունները արտահայտում են Թուրքիայի զինված ուժերի մեծ հնարավորությունները և հարուստ ռեսուրսները:

Զորավարժությունների երրորդ օրը՝ փետրվարի 16-ին դրանց ընթացքին հետևել են Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների շուրջ չորս տասնյակ ռազմական կցորդներ, քաղաքացիական կազմակերպությունների, հանրային ինստիտուտների, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ:

Daily Sabah-ը նշում է, որ զինվորական կցորդների թվում զորավարժություններին հետևել են նաև Ադրբեջանի և Վրաստանի պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG