Մատչելիության հղումներ

1539 պատգամավորության թեկնածու նոր խորհրդարանի համար


Ազգային ժողովի շենքը Երևանում

Ազգային ժողովի շենքը Երևանում

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 5 կուսակցություն և 4 նախընտրական դաշինք:

Մասնավորապես կուսակցություններից ընտրապայքարում կլինեն իշխող Հանրապետականը (ՀՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), «Ազատ դեմոկրատներ»-ը, «Հայկական վերածնունդ»-ը (ՀՎԿ) և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ):

Դաշինքներից ընտրողների ձայների համար կպայքարեն Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Կոնգրես-ՀԺԿ»-ն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, «Ելք»-ը և «Ծառուկյան» դաշինքը:

Ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերը երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրեցին իրենց համապետական և տարածքային ընտրացուցակները: Ինչպես այսօր ամփոփեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ընդհանուր առմամբ առաջադրվել է 1539 պատգամավորության թեկնածու: Փոփոխված Սահմանադրությամբ խորհրդարանը նվազագույնը 101 պատգամավոր է ունենալու, ևս չորս տեղ հատկացվելու է ազգային փոքրամասնություններին, սակայն, կախված այն հանգամանքից, թե ընտրությունները քանի փուլով կընթանան, խորհրդարանի տեղերի քանակը կարող է հասնել 180-ի:

«Ուսումնասիրվելու են բոլոր ներկայացված փաստաթղթերը և արդյունքում մինչև ամսի 26-ը իրականացվելու է ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրանցման գործընթացը», - այսօր պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը։

Գրանցվելուց հետո՝ մարտի 5-ից, կուսակցություններն ու դաշինքները կսկսեն քարոզարշավը։ Առայժմ հայտնի չէ, թե Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխող Հանրապետականն այս ընտրություններում ինչպիսի նախընտրական կարգախոս է ունենալու: Ինչպես փոխանցեց կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ կարգախոս ունեն, բայց դեռ չեն հրապարակում։

Փոխարենը՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Ծառուկյան» դաշինքը ընտրություններին մասնակցում է «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է» կարգախոսով: Ի դեպ, դիմելով իր կուսակիցներին, Ծառուկյանը երեկ հորդորեց, քարոզարշավի ընթացքում ոչ թե ընտրողներից ձայներ խնդրել, այլ դաշինքի 15 կետից բաղկացած ծրագիրը ներկայացնել։ Այն, մասնավորապես, ենթադրում է՝ 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ, առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից, վերացնել արագաչափերը և կարմիր գծերը, սառեցնել հանրային դժգոհություններով ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը, իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը և այլն: - «Այսօր վիճակը շատ ծանր է, դա ոչ թե միայն ես եմ ասում, այլև գործող վարչապետն էլ, որ մեր տնտեսությունն ահավոր ծանր պայմաններում է, և այդպես գնում ենք անկում, անդունդ», - ասել էր Ծառուկյանը՝ հավելելով․ - «Ժողովրդի հետ շփվելիս իրենց լսեք, իրենց դարդ ու ցավը, խնդիրը, և ներկայացնենք մեր 15 կետերը, որ դա մենք կարգավորելու ենք, գիտենք, տեղյակ ենք և ցանկություն ունենք, և հնարավորություն կա, և թիմ կա, որը դա մենք պետք է կազմակերպենք՝ անենք: Եթե համապատասխան մեր թիմում այդ մարդը չկա, որ լիարժեք կարող է արդյունավետ լինի, ուրեմն երկրում կա, մեր երկրում չկա՝ ուրեմն աշխարհում կա»:

Ծառուկյանի երբեմնի դաշնակից Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Կոնգրես – ՀԺԿ» դաշինքը ընտրություններին գնում է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով՝ օրակարգում ունենալով Ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Ինչպես նշեց Հայ ազգային կոնգես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, իրենք Ղարաբաղյան հարցի լուծումն ավելի կարևոր ու ճակատագրական են համարում Հայաստանի համար, հատկապես, որ մյուս խնդիրների, տվյալ դեպքում՝ կոռուպցիայի դեմ պայքարի ու մենաշնորհների մասին արդեն խոսում են բոլորը:

«8 տարի առաջ մենք ունեինք մենաշնորհ՝ Սերժ Սարգսյանին քննադատելու, կոռուպցիան քննադատելու, չարաշահումները բացահայտելու: Միայն մենք էինք դա անում, ոչ ոք չէր համարձակվում», - հիշեցրեց Զուրաբյանը՝ շարունակելով․ - «Այսօր մեզանից ավելի բարձր այլ ուժեր, որոնք չէին համարձակվում դրա մասին խոսել, քանի որ ազատության սահմանները լայնացել են, այդ ուժերը մեզանից առաջ ընկած այդ բաները ասում են: Բայց իրենք մի բան չեն հասկանում, որ այսօր կա ավելի կարևոր հարց, ավելի կարևոր, ճակատագրական խնդիր Հայաստանի համար: Իրենք չեն ուզում այդ խոսակցությունը բացել: Մենք կբացենք»:

Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի դաշինքը՝ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով։ Ինչպես այսօր հրավիրած ասուլիսում ընդգծեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, իրենց ծրագրում և քարոզարշավում ամենից շատ կարևորվելու է Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրը:

«Հարցերի հարցը, օրակարգի թիվ 1 խնդիրը այսօր անվտանգությունն է: Եթե անվտանգությունը լիակատար չէ, ինչ-որ բան սպառնում է, ապա մյուս հարցերը, որքան էլ կարևոր լինեն, պետք է դիտարկվեն հենց այդ շրջանակներում՝ մեր պետության անվտանգության համատեքստում», - իր խոսքում, մասնավորապես, ասաց Օհանյանը:

Հավելենք, որ «Ելք» դաշինքը ընտրություններին գնում է «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով, «Ազատ դեմոկրատները»՝ «Մենք կարող ենք», Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան», «Հայկական վերածնունդը»՝ «Քվեարկի՛ր հանուն փոփոխության, քվեարկի՛ր հանուն վերածննդի» կարգախոսով:

XS
SM
MD
LG