Մատչելիության հղումներ

Կառավարության ընդամենը երեք անդամ է ընգրկված ՀՀԿ-ի համապետական ցուցակում


Գործող խորհրդարանի Հանրապետական խմբակցության 69 պատգամավորներից 18-ը ընդգրկված չեն ապրիլի 2-ի ընտրությունների կուսակցության համապետական ցուցակում:

Բացակայում են նաև Կառավարության բազմաթիվ ՀՀԿ-ական նախարարների անունները՝ այդ թվում կուսակցության գործադիր մարմնի անդամ, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունը, թեև նախորդ խորհրդարանական ընտրություններին նա իշխող կուսակցության ցուցակում 13-րդ էր, ապա 7 տարի զբաղեցրել է խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

«Ազգային ժողով անցնելը թե ոչ, այս հարցը քննարկվել է նաև կուսակցության ղեկավարի հետ: Չեմ պլանավորում իմ աշխատանքը Ազգային ժողովում», - այսօր պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Հարությունյանը:

Հարցին՝ կմնա՞ գործադիրում նաև ընտրություններից հետո, արձագանքեց․ - «Ընտրություններից հետո՝ կախված նրանից, թե որ կուսակցությունը հաղթի»: Իսկ Հանրապետականի հաղթանակի դեպքում, նրա խոսքով՝ կուսակցությունը կքննարկի և որոշում կկայացնի:

Հարությունյանի փոխանցմամբ՝ եղել է որոշում Կառավարության միայն երեք անդամների ընդգրկել կուսակցության ցուցակում:

ՀՀԿ-ն Կառավարության կազմից առաջադրել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ով գլխավորում է ցուցակը, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին։

Համապետական ցուցակում չկա նաև իշխող կուսակցության գործադիր մարմնի մեկ այլ անդամ, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունը։

«Կուսակցությունը որոշում է, թե ում է նպատակահարմար տեսնում Ազգային ժողովում, և այդ տեսանկյունից մենք հանգել ենք հետևյալ եզրակացության՝ երեք գործող նախարար պետք է լինեն ցուցակում, բայց դա ամենևին չի նշանակում, որ նրանք անպայման ներկայացված են լինելու Ազգային ժողովում, իսկ մյուսները՝ ոչ», - նշեց Հարությունյանը:

Հարությունյանն ասաց, թե ապրիլի 2-ից հետո պարզ կդառնա՝ մրցունա՞կ է, թե՞ ոչ Հանրապետականի ցուցակը:

Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու նոր որակի խորհրդարան ունենալու խոստումներից հետո իշխող կուսակցության ցուցակում հայտնվել են թեկնածուներ, ովքեր խոհրդարանում 5 տարվա ընթացքում ելույթներ գրեթե չեն ունեցել, հարցեր չեն տվել, կամ ներքաշվել են սկանդալային տարբեր միջադեպերում։ ՀՀԿ ցուցակում են ընդգրկված են, օրինակ, պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Առաքել Մովսիսյանի, Արտակ Սարգսյանի, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունները:

«Ցավոք սրտի, ժողովրդավարությունը չի լուծում բոլոր խնդիրները: Բայց միաժամանակ, ավելի լավ լուծում, ինչպես գիտեք, այս պահին մենք չունենք, քան ժողովրդի ընտրությունն է: Չերչիլի խոսքն է, եթե չեմ սխալվում․ ասաց՝ ամենավատ կառավարման ձևն է, չհաշված մյուս բոլորը: Այնպես որ, ժողովուրդը պետք է ընտրի: Եթե ժողովուրդը ընտրի, ես կարծում եմ, հենց ձեզ համար արդեն ավելի կարևոր կլինի ժողովրդի ընտրությունը, այլ ոչ թե ձեր անձնական կարծիքը այս կամ այն թեկնածուի վերաբերյալ», - ասաց Դավիթ Հարությունյանը:

Նոր Ընտրական օրենսգրքում իշխանությունների առաջարկած և ընդունած նորամուծություններից է մեկ կուսակցության տարածքային ցուցակի մի քանի թեկնածուների միջև ընտրապայքարը։

Օրինակ, Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները միավորող թիվ 1 ընտրատարածքում կմրցեն ՀՀԿ-ական 12 թեկնածու, այդ թվում՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, գործող Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ով, ըստ մամուլի, Տարոն Մարգարյանի աներորդին է, Ղուկաս Ուլիխանյանը, ով կրկին, ըստ մամուլի, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրն է։

Այս առնչությամբ Հարությունյանն ասաց․ - «Ներկուսակցական պայքարը շատ բնական երևույթ է, ի սկզբանե նախատեսված է այս Ընտրական օրենսգրքով: Դրանով է պայմանավորված, որ յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցությունը առաջադրում է մի շարք թեկնածուներ, որոնք, այո՛, միմյանց հետ պայքարում են, որոնք, այո՛, պետք է շահեն ժողովրդի վստահության քվեն: Եվ սա ժողովրդավարության կարևորագույն գործիքներից մեկն է: Եվ բոլոր փորձերը աղավաղելու․․․ սա այսպիսին է, մականունավոր է և այլն․․․ Ժողովուրդն է տալու այդ հարցերի պատասխանը»:

Մինչդեռ, ըստ ընդդիմադիրների, տարածքային (կամ ռեյտինգային) ցուցակները ընտրությունները կարող են վերածել կլանային պայքարի։

«Ազատ դեմոկրատների» ցուցակով առաջադված Ստեփան Սաֆարյանի խոսքով, արդեն լուրեր են շրջանառվում որոշ համայքներում ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին. - «Արդեն ահազանգերը կան․․․ Առայժմ խոսքը վերաբերվում է Միհրան Պողոսյանի գործելաոճին»:

Դավիթ Հարությունյանը հակադարձում է․ - «Խոսակցություններ միշտ կարող են լինել: Ամեն ինչի մասին կարող են լինել խոսակցություններ, բայց անհրաժեշտ է դիմում: Որովհետև երկու հոգի միմյանց հետ մտնում են հանցավոր համագործակցության մեջ, անհրաժեշտ է առնվազն մեկը, որ դրա մասին ահազանգի: Ինչքան էլ մենք ասենք՝ ոստիկանությունը, ուշադիր և այլն․․․ Ոստիկանությունը չի կարող ներխուժել երկու անձանց հարաբերությունների մեջ, եթե նրանցից որևէ մեկը դրա մասին չի ահազանգում»:

XS
SM
MD
LG