Մատչելիության հղումներ

Փետրվարի 13-17-ը հերթական այցով Երևանում էր Հայաստանի կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» խումբը, որում ընդգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավված էին ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների և Ենթասպաների դպրոցի ղեկավար ու պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ:

Այցի նպատակն էր Հայաստանի պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության և ռազմաուսումնական հաստատությունների հետ 2016 թվականի համագործակցության ծրագրերի ամփոփումը և 2017-ի ծրագրի ու հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը:

Պաշտպանության նախարարությունում կայացել է համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների և փորձագիտական խմբի անդամների հանդիպումը, Հայաստան ժամանած փորձագետներն այցելել են ռազմաուսումնական հաստատություններ:

Պաշտպանության նախարարությունում աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է ռազմական կրթության ոլորտում և ռազմական ուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ: Շեշտադրվել են ուսումնական ծրագրերի վերանայմանը, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստմանը, դասավանդման նոր մեթոդաբանությանը, ինչպես նաև պաշտպանական կրթության բարեփոխումներին սատարելուն միտված օրենսդրական նախաձեռնություններին և բարձրագույն ռազմական կրթության համաեվրոպական Բոլոնյան գործընթացի դրույթներին վերաբերող հարցեր:

Փետրվարի 13-16-ը կազմակերպվել են միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ու հանդիպումներ ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Հանդիպումների ժամանակ ներկայացվել են խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը, ինչպես նաև առաջիկա համագործակցությունը զինված ուժերի կարիքներին լավագույնս համապատասխանեցնելուն միտված նկատառումները:

ՀՀ ՊՆ Հրամանատարաշտաբային դասընթացների ունկնդիրների համար խորհրդատվական խումբը ներկայացրել է բանախոսություն «Արևմտյան օպերատիվ արվեստ. արևմտյան և խորհրդային մոդելների համեմատական վերլուծություն» թեմայով:

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ուսումնական գործընթացի ու հետազոտական մասի պատասխանատուները և համալսարանի պետը ներկայացրել են 2016-ին իրականացված հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկույցներ: Նշվել է, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում զգալի տեղ է հատկացվում կիբերանվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտություններին:

Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՊՆ վարչական համալիրում համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել են ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի հետագա համագործակցության կոնկրետ ծրագրեր և ուղենիշներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG