Մատչելիության հղումներ

Մարուքյանն ուրախ կլիներ, եթե Օհանյանը չընդունե՞ր, որ կան քաղբանտարկյալներ. Խուրշուդյան


«Ժառանգություն» կուսակցության, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանը հակադարձում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կարող էր ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել»։ Խուրշուդյանն ասում է, թե չի հասկանում Մարուքյանի այդ տրամաբանությունը։

«Ազատության» հարցազրույցը Հովսեփ Խուրշուդյանի հետ

Խուրշուդյան. - Վերջապես եկել է այդ հնարավորությունը՝ նաև գեներալ Օհանյանի աջակցության շնորհիվ, որ ինքը մտավ ընդդիմություն, ուժեղացնելու ընդդիմությունը, որպեսզի մենք խաղաղ, թավշյա իշխանափոխություն իրականացնենք։ Հուսանք, որ չեն փորձի կեղծել իշխանությունները, որպեսզի նոր ցնցումների չբերեն։

«Ազատություն». - Քննարկվե՞լ են Սեյրան Օհանյանի հետ հետընտրական սցենարներ։

Խուրշուդյան. - Բնականաբար, եթե իշխանությունները փորձեն կեղծել և բռնազավթել իշխանությունը, ժողովուրդը պետք է ընդդիմադիր ուժերի հետ միասին պայքարի դրա դեմ։

«Ազատություն». - Փողոցո՞ւմ։

Խուրշուդյան. - Որտեղ որ լինի, օրինական ճանապարհով այդ պայքարը պետք է տարվի։

«Ազատություն». - Պարոն Խուրշուդյան, մեկ այլ սցենար կարո՞ղ է լինել ընտրություններից հետո՝ այլ ուժերի հետ կոալիցիա կազմելով մեծամասնություն վերցնել և նորից Հանրապետականին միայնակ թողնել, և այստեղ ո՞ւմ եք տեսնում դաշնակից։

Խուրշուդյան. - Բոլորին՝ բացի ՀՀԿ-ից և իր արբանյակներից։ Այսօր պաշտոնապես, Դուք գիտեք, կոալիցիայի մաս է կազմում Դաշնակցությունը, եթե իրենք չեն հայտարարում, որ պատրաստվում են խզել հարաբերությունները, եթե իրենք դա հայտարարեն, միշտ կարելի է ողջունել ցանկացած նման քայլ: Անկախ նրանից, թե ինչ հետագիծ է ունեցել, մենք ասում ենք՝ մենք հավատաքննությամբ չենք զբաղվում, հիմա դրա ժամանակը չէ։ Ժամանակն է համախմբվելու և ՀՀԿ-ին հեռացնելու իշխանությունից, եթե Դաշնակցությունը պատրաստ է դրան, ուրեմն, ես կարծում եմ, որ ընդդիմությունը տեղ կունենա նաև Դաշնակցության համար։

«Ազատություն». - Բայց բոլորը չէ, որ ձեզ հետ պատրաստ են դաշինք կազմել, ես վկայակոչեմ, օրինակ, «Ելք» դաշինքը՝ Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի գլխավորած, բավական կոշտ քննադատություն հնչեց հենց մասնավորապես ձեր դաշինքի հասցեին, որ դուք ավելի շուտ կարող էիք ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել։

Խուրշուդյան. - Եվ ինչո՞վ են դա հիմնավորում։

«Ազատություն». - Օրինակ, մեջբերեմ Էդմոն Մարուքյանի խոսքից՝ «Սեյրան Օհանյանը եղել է գլխավոր շտաբի պետը և մարդն ասում է՝ «Մարտի 1-ը գանք, բացահայտենք», մի քիչ անցնի՝ կարող է ասել՝ «ազատություն քաղբանտարկյալներին», եթե կարելի է նման կերպով վերաբերվել քաղաքականությանն, ուրեմն ամեն ինչ կարելի է»։ Սա Էդմոն Մարուքյանն է ասել, ես միայն հավելեմ, որ քաղբանտարկյալների մասին Սեյրան Օհանյանն արդեն ասել է։

Խուրշուդյան. - Այո, այսինքն, պարոն Մարուքյանը ուրախ կլիներ, որ Սեյրան Օհանյանը չընդունե՞ր, որ կան քաղբանտարկյալներ, և չընդունե՞ր, որ պետք է Մարտի 1-ը բացահայտվի, ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը։

«Ազատություն». - Չէ, ասում է՝ մեկ տասնամյակ պետական բարձր պաշտոններ է զբաղեցրել, չի՞ իմացել, որ ազատամարտիկներ են քաղաքական հայացքների համար կալանավորվում, և չի բարձրաձայնել այդ մասին։

Խուրշուդյան. - Երբ որ այդ հարցը միշտ տալիս են, ես պատասխանում եմ հետևյալ կերպ՝ նույն մեր հարգելի գործընկերները՝ և՛ Արամ Զավենի Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը 2007 թվականին կանգնեցին Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին՝ իմանալով, թե ինչ մեծ պատասխանատվություն... շատ ավելի մեծ պատասխանատվություն այս երկրի արմատական և համակարգային արատների համար կրում է պարոն Տեր-Պետրոսյանը՝ լինելով առաջին նախագահ՝ և՛ 1996 թվականի կեղծիքների համար, և՛ այն ժամանակվա հիմնադրված կոռուպցիայի սկզբերի համար։ Մենք էլ ենք կանգնել իրենց հետ միասին Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, պետք է համախմբվել և փոխել վիճակը երկրում։

«Ազատություն». - Այստեղ էական տարբերություն կա, որովհետև Մարտի 1-ին արյուն է թափվել, տասը մարդ է սպանվել։

Խուրշուդյան. - Այո, բայց ո՞վ է հրամանը տվել, Սեյրան Օհանյա՞նն է տվել, ոչ։

«Ազատություն». - Բայց նա եղել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը...

Խուրշուդյան. - Որն ամսի 2-ին նոր ներգրավվել է այդ պրոցեսների մեջ, իսկ ամսի 1-ին եղել են լրիվ ուրիշ ներքին զորքերի և... հենց դա է պետք բացահայտել։ Կոալիցիայի հնարավորություն կա ընդդիմադիր ուժերի, անկախ նրանից, որ մեր գործընկերները միգուցե հիմա այդպես տաք-տաք հայտարարում են, որ իրենք չեն մտնելու և այլն մեր հետ կոալիցիայի մեջ, ես հուսով եմ, որ իրենք կփոխեն իրենց դիրքորոշումը և կարծիքը, համենայն դեպս՝ եթե իրենք չեն պատրաստվում Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա մտնել։

XS
SM
MD
LG