Մատչելիության հղումներ

Ծառուկյան․ «Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չի»


«Հանրապետականից» հեռացած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընտրապայքարում ներգրավված չի լինի: Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:

Հիշեցնենք, հեռանալով Հանրապետականից, Աբրահամյանը հայտարարեց, թե մնալու է քաղաքականության մեջ:

Ուշագրավ է, որ Հանրապետականի նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, առաջադրվելու է «Ծառուկյան դաշինք»-ի կողմից Արարատի մարզում՝ տարածքային ցուցակով։

«Ազատության» հարցին՝ Հովիկ Աբրահամյանին նո՞ւյնպես կարող ենք տեսնել ընտրապայքարում, Արգամ Աբրահամյանն ասաց՝ «կարծում եմ՝ ոչ»: Մեր ճշտմանը՝ ավագ Աբրահամյանը որոշել է չմտնե՞լ ակտիվ քաղաքականություն, Արգամ Աբրահամյանը պատասխանեց՝ «ինքը իր ծրագրերի մասին կխոսի, բոլորն էլ կիմանան»:

Ի դեպ, Արարատի մարզում բավական թեժ ընտրապայքար է ակնկալվում, քանի որ այս մարզում մշտապես Հանրապետականի համար աշխատած Աբրահամյաններն առաջին անգամ պայքարելու են Հանրապետականի թեկնածուների դեմ, տվյալ դեպքում՝ ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և Արարատի մարզպետի եղբոր՝ Արայիկ Գրիգորյանի դեմ:

Հարցին, թե իրեն կհաջողվի՞ Արարատում պարտության մատնել իշխող Հանրապետականի թեկնածուներին՝ հաշվի առնելով, թե ովքեր են առաջադրված այդ մարզում, Արգամ Աբրահամյանն ասաց, որ քարոզարշավից է կախված․ - «Ժողովուրդն ում վստահի, նա էլ կհաղթի»։

Այն, որ «Հանրապետականից» հեռացած Հովիկ Աբրահամյանը չի լինի «Ծառուկյան» դաշինքում, պարզ դարձավ նաև այսօր հրապարակված նախընտրական ցուցակից: Նաև լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չի, Հովիկ Աբրահամյանը ասել է, դուք պարոն Հովիկ Աբրահամյանին ձեր հարցերը տվեք», - մասնավորապես ասաց Ծառուկյանը:

Այսօր հրապարակվեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասնյակը: Ցուցակը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, երրորդը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն է: «Ծառուկյան» դաշինքի համապետական ցուցակի առաջին տասնյակում են նաև ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Ի դեպ՝ այսօր վերջապես պարզ դարձավ, թե որ ուժերից է բաղկացած «Ծառուկյան» դաշինքը․ մասնավորապես՝ համագործակցության հուշագիր են ստորագրել «Բարգավաճ Հայաստանը», «Ալյանսը» և «Առաքելություն» կուսակցությունը, սակայն, ինչպես տեղեկացրեց Իվետա Տոնոյանը, դաշինքում նաև ներգրավված կլինեն քաղաքական այլ ուժեր և միություններ: Ընդհանուր առմամբ «Ծառուկյան» դաշինքի ցուցակը բաղկացած է 187 մարդուց, որից 140-ը՝ ռեյտինգային թեկնածուներ են:

Ուշագրավ է, որ քաղաքականության էջը կրկին բացած Գագիկ Ծառուկյանը ընտրությունների է գնում «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է» կարգախոսով:

«Ազատության» հարցին՝ այս անգամ իրեն կհաջողվի՞ հաղթանակի հասնել, Ծառուկյանը պատասխանեց․ - «Մենք ցանկություն ունենք, ձեռքներս ծալած չենք կարող նստել, պատրաստակամ ենք այս կարևորագույն խնդիրները լուծելու, որ փոքր-ինչ հնարավորություն տանք մեր ազգին ոտքի կանգնելու: Եթե մենք կարողանանք քարոզարշավը ճիշտ կատարել, ժողովրդին տեղեկացնել, ուրեմն ժողովուրդը պետք է որոշի իր ապագայի խնդիրը: Կախված է մեր ժողովրդից, կախված է մեզնից, որ իմ թիմակիցները կարողանան քարոզարշավը ճիշտ կատարել»:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք այս անգամ իշխանափոխության գնալու է և թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի հայտարարությունը իր հետագա գործունեության վրա ազդեցություն չի ունենալու, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ - «Նախագահը մեր երկրի նախագահն է, դա իր մոտեցումն է, իր որոշումն է: Ես նորից եմ ասում՝ ոչ թե միայն նախագահին, ցանկացած կուսակցության որևիցե մեկին վիրավորելու, ցեխ շպրտելու՝ դա թույլ մարդն է անում»:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը չէր ողջունել Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականության էջը բացելու որոշումը:

«Ծառուկյան» դաշինքի համապետական ցուցակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը նաև կառաջադրվի տարածքային ցուցակով Կենտրոն համայնքում՝ պայքարելով նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր դեմ: Հարցին, թե ինչո՞ւ որոշեց ի վերջո Ծառուկյանի հետ մասնակցել ընտրություններին, ՀՀՇ նախագահը պատասխանեց, թե Գագիկ Ծառուկյանին միանշանակ ընդդիմադիր գործիչ է համարում: - «Եթե ես նույնիսկ այդպես չէի կարծում ժամանակին, ապա իրադարձություններն ապացուցեցին՝ Ծառուկյանի վրա հարձակում եղավ, ճնշումներ եղան, և այդ իրադարձությունները որոշակի հիմք հանդիսացան, որ այս համագործակցությունը կայանա», - նշեց Զուրաբյանը:

Ի դեպ՝ այս համագործակցությունից հետո ՀՀՇ-ի շարքերից հեռացավ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Ազատության» ճշտող հարցին՝ փաստորեն Ծառուկյանին ընդդիմադիր է համարում, չնայած խոսակցություններ կան, որ նա Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված է նորից մտել քաղաքականություն, ՀՀՇ նախագահը արձագանքեց․ - «Ես մի բան գիտեմ՝ նույն Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը այնքան էլ գոհ չէ, որ Գագիկ Ծառուկյանը մտել է քաղաքականություն: Կարծում եմ՝ եթե լիներ այդ ազդեցությունը այդ ձևով, Ծառուկյանը չէր մասնակցի ընտրություններին»:

«Ծառուկյան» դաշինքով Շիրակի մարզում առաջադրված նախկին հանրապետական, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առայժմ չգիտի՝ իրենց դաշինքն ու ինքը ընդդիմադի՞ր են, թե՞ ոչ: - «Ժամանակը ցույց կտա», - այսօր այսպես արձագանքեց Ղուկասյանը:

Ի դեպ՝ «Ծառուկյան» դաշինքին է միացել նաև Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը: Միության անդամներից 7-ը կառաջադրվեն «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակներով: Ինչպես նշեց Միության նախագահ Գրիշա Սարգսյանը՝ իրենք արդեն հոգնել են իշխող Հանրապետականից․ - «Այո՛, սատարել ենք Հանրապետական կուսակցությանը՝ շատ-շատ, արդեն 20 տարի է, որի համար ներողություն ենք խնդրում մեր ժողովրդից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG