Մատչելիության հղումներ

Քաղհասարակության ներկայացուցիչները նամակով դիմելու են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին


Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստվում են նամակով դիմել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին՝ իրենց մտահոգությունը հայտնելու կազմակերպության երևանյան գրասենյակի հավանական փակման մասին տեղեկությունների վերաբերյալ:

Երեկ հրապարակված նամակն արդեն ստորագրել է մոտ 40 կազմակերպություն:

Նրանցից է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի ղեկավար Արթուր Սաքունցը շեշտում է, որ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը 57 երկրից դեմ է արտահայտվել միայն Ադրբեջանը, որը ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում դեմ է գնում ժողովրդավարական սկզբունքներին․ - «Դա, իհարկե, պայմանավորված է հենց ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված Ադրբեջանի իշխանությունների, կոնկրետ Իլհամ Ալիևի որդեգրած կոշտ քաղաքականությամբ»:

Սաքունցը ընդգծում է այն փաստը, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորվամբ ընդըհանրապես չի զբաղվում: Նրա գործունեության շրջանակը սահմանափակվում է Հայաստանի իշխանության և քաղհասարակության հետ հարաբերություններով՝ նպաստելով երկրում ժողովրդավարության զարգացմանը․ - «Տարօրինակ է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստորեն դեմ են հանդես գալիս Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Մի քիչ շատ տարօրինակ է: Եթե թույլ կարող ենք տալ մեզ օգտագործել մեկ այլ պետության ներքին գործերի միջամտության տերմինը, ապա առավել քան ցայտուն երևում է, որ ինքը քիչ է դեմ արտահայտվեց և ըստ էության ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը փակվել է, հիմա էլ փորձում է, որ այդ գրասենյակը իր գործունեությունը դադարեցնի Հայաստանում»:

Երևանյան գրասենյակի աշխատանքների վերսկսման ձգձգվելը դուր չի եղել ԵԱՀԿ անդամ մյուս պետություններին: Իրենց դժգոհության նոտան արդեն իսկ հղել են Գերմանիան եւ Միացյալ Նահագները:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշում է, որ Ադրբեջանի վրա ազդելու համար պետք է աշխատել հենց գերտերությունների հետ՝ նրանց ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով այն փաստի վրա, որ գրասենյակի աշխատանքն ու տարածաշրջանի հիմնախնդիրը իրար հետ խառնելն անթույլատրելի է․ - «Այդ ճանապարհով աշխատել գլխավոր երկրների հետ, նույն Մեծ Բրիտանիայի հետ, որ իրենց դիրքորոշումն ավելի հստակ ասեն․ իրենք բոլորը կողմ են, որ գրասենյակը լինի, բայց փորձեն ազդել նաև Ադրբեջանի դիրքորոշման վրա»:

Նամակը ստորագրած Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով, գրասենյակի գործունեության երկարաձգումը անհրաժեշտ է Հայաստանին, որը խոսքով ձգտում է ժողովրդավարության, բայց գործնականում դրան դեռ չի հասել: Նա նշում է, որ հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին գրասենյակի գործունեության դադարեցումը կարող է թուլացնել ընտրական պրոցեսի վերահսկողությունը․ - «Գրասենյակը ընդհանրապես կոորդինացնում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից եկող դիտորդներին: Դա չի նշանակում, որ եթե գրասենյակը փակվի ԺՀՄԻԳ-ի (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի) դիտորդները չեն գալու: Բայց, իհարկե, բավական կտուժի, որովհետև նրանք բավականին ակտիվ կոորդինացնում են: Նրանք նաև ԵԱՀԿ-ի ականջն են այստեղ»:

«Միջազգային դիտորդական առաքելության ինստիտուտի իրականացման, կազմակերպման․․ այդ ամբողջ հարցերը պարզապես իրապես կդրվեն հարցականի տակ: շեվ պետք է ընթացքում փոխել, հա՞, ով է անելու, ինչպես է կատարվելու», - հավելեց Արթուր Սաքունցը:

Քաղհասարակության ներկայացուցիչները նկատում են, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ուղարկվող նամակը կարող է մեծ դեր խաղալ գերասենյակի գործունեության շարունակման հարցում:

Ըստ Իշխանյանի, եվրոպանական այս կազմակերպության ներկայությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար․ - «Մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող տարբեր թեմաներով միշտ հարթակ է ստեղծում երկխոսության, բանավեճի և այլն: Այս տեսակետից մենք բավական մեծ կորուստ կունենանք»:

Նշենք, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը բացվել է 1999թ. հուլիսին: Յուրաքանչյուր տարի դրա գործունեությունը 12 ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշում է կայացվում: Որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ինչն այս տարի դեռ հնարավոր չի եղել ապահովել:

XS
SM
MD
LG