Մատչելիության հղումներ

Նիկոյան. «Հասարակությանը տալիս ենք հնարավորություն ընտրելու իր արժեհամակարգին համապատասխան թեկնածու»


Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հասարակությանը տալիս է ընտրության լայն հնարավորություն՝ գիտության մեջ վաստակ ունեցող անձանցից մինչև մշակութային ոլորտում հանրածանոթ մարդկանց, հանրությունն էլ թող ընտրի իր արժեհամակարգին համապատասխան թեկնածու: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ հակադարձելով ընդդիմադիրների պնդումներին։

«Ազատություն». - Հանրությունը ձեզնից պահանջում էր փոփոխություններ, բայց ընդդիմադիրները, ձեր [Հանրապետական կուսակցության] ցուցակում տեսնելով Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի անունները, կարծիք են հայտնում, «որ բոլոր մականունավորներին կրկին ընդգրկելով իր նախընտրական ցուցակում, Սերժ Սարգսյանը փորձում է ամրապնդել իշխանության դիրքերը»՝ սա «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատականն է։

Նիկոյան. - Դուք նշեցիք Միհրան Պողոսյան ու ասում եք մականունավորներ, ո՞րն է նրա մականունը՝ Միհրան Պողոսյան՝ անուն-ազգանուն նշեցիք։

«Ազատություն». - Նա էլ հայտնի օֆշորային սկանդալում է։

Նիկոյան. - Դա ուրիշ է, մականունավորն ուրիշ է, եկեք տարբերակենք։ Յուրաքանչյուրն էլ կարող է ինչ-որ սկանդալներում լինել, կարևորը՝ թե որքանով է դա հիմնավորված կամ չհիմնավորված։ Թողնենք, ամեն դեպքում, այդ խոսակցությունը, վերանանք անձերից, անուն- ազգանուններից։ Այս բաց համամասնականը որ կա, որն անվանում ենք ռեյտինգային, ունի հետևյալ սկզբունքը, որ յուրաքանչյուր կուսակցություն կարող է այնտեղ առաջադրել 5-ից մինչև 15 թեկնածու, օրինակ՝ Հանրապետական կուսակցությունը գրեթե բոլոր ընտրատարածքներում առաջարկել է՝ սկսած գիտության մեջ մեծ վաստակ ունեցող անձերից՝ գիտամանկավարժական ոլորտում, մանկավարժական, մշակույթ, տարբեր ոլորտներում դերակատարում ունեցող հանրածանոթ մարդկանց, այո, և ինչպես Դուք եք ասում, չգիտեմ, թե որքանով է ճիշտ Ձեր բնութագրումը՝ նաև մարդիկ, որոնք արդեն եղել են պառլամենտում կամ քաջածանոթ են հասարակությանը։ Տալիս ենք հասարակությանը հնարավորություն, որովհետև հասարակությունն է, վերջիվերջո, ընտրողը։ Փակ համամասնական ցուցակը, որի առաջին տասնյակի մասին խոսեցիք, դա կուսակցության որոշման արդյունքում էր՝ ով է լինում առաջին տասնյակում, երկրորդում և այլն։

«Ազատություն». - Բայց չէ՞ որ տարածքային ցուցակներն էլ եք դուք կազմում, պարոն Նիկոյան։

Նիկոյան. - Այո՛, կուսակցության որոշման արդյունքում է այդ հերթականությունը, իսկ այնտեղ ո՞վ կլինի պատգամավոր և ի՞նչ հերթականություն կլինի` դա որոշում է ժողովուրդը, ընտրողը, այդ իսկ պատճառով ունենք 14 մարդ, 15 մարդ, 12 մարդ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված, և նրանց մեջ կան հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ։

«Ազատություն». - Պարոն Նիկոյան, բայց, այնուհանդերձ, այդ մարդիկ այս տարիների ընթացքում ընդդիմադիրների կողմից, օրինակ, մեղադրվել են ընտրակեղծարարությունների, կաշառքի բաժանման [համար], օրինակ` նույն Միհրան Պողոսյանը օֆշորային սկանդալի մեջ է ներգրավված, այս հնարավորությունները...

Նիկոյան. - Մենք ասում ենք՝ «հասարակություն, մենք տալիս ենք ձեզ հնարավորություն ընտրելու, ո՞րն է ձեր արժեհամակարգը՝ ձեր արժեհամակարգի համաձայն ընտրեք թեկնածու և ընտրեք, դուք ում ուզում եք ընտրեք, մենք մեկ մարդու չենք առաջադրում, որ դուք բողոքեք ասեք՝ «դուք բերել եք մեզ առաջադրում եք միայն մեկ մարդու և ձեր կուսակցական մեխանիզմները կամ իշխանական ռեսուրսներն օգտագործելով դուք ուզում եք, որ այդ մարդը դառնա պատգամավոր»:

«Ազատություն». - Բայց չե՞ք նվազեցնում այդ նույն գիտության մարդու շանսերը։

Նիկոյան. - Ոչ, մենք ասում ենք՝ ունենք 15 թեկնածու, որտեղ կա դոկտոր, խնդրեմ՝ գնացեք, ընտրեք նրան, որտեղ կա մանկավարժ, կա մշակութային գործիչ՝ ընտրեք նրանց։ Հավասար մրցակցային պայքար է՝ հասարակություն, ո՞րն է քո արժեհամակարգը, ըստ յուրաքանչյուր ընտրողի, ըստ դրա ինքը կարող է ընտրություն կատարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG